«Հաջողակ դառնալու համար Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է ներդրում կատարեն մարդկանց մեջ»
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված կորուստներից հետո տնտեսությունն ավելի լավ և արագ վերականգնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել սեփական երկրի բնակչության առողջության և կրթության զարգացման և ամրապնդման վրա։ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, այս խորհուրդն է տալիս Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի՝ մարդկանց զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Մ․ Սաադան։
- Հարավային Կովկաս․ որտեղ է բնակչությունն ավելի հարուստ՝ միմյանց համեմատ և աշխարհի կտրվածքով
- Լարիի «ազատ անկումը»․ ի՞նչ է կատարվում վրացական արժույթի հետ։ Չորս սցենար
- Աշխատանքը կորցնելը դեռ ամենասարսափելին չէ
Երեխաները զգալիորեն ավելի հաջողակ կլինեն, եթե կառավարությունները հոգ տանեն նրանց առողջության և կրթության համար
Հայաստան
«Հայաստանը զգալի հաջողությունների է հասել առողջության և ուսման ապահովման գործում։ Տարրական և միջին դասարաններ են հաճախում երեխաների ավելի քան 90 տոկոսը։ Ծննդաբերությունների 100 տոկոսն անցկացվում է որակավորված բուժաշխատողների վերահսկողության տակ։ Սոցիալական նպաստների հասցեականության բարելավումն օգնել է նվազեցնել աղքատության մակարդակն ու ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար ավելի մատչելի դարձնել կրթությունն ու առողջապահությունը։ 1990-2017 թթ-ին կյանքի տևողությունն ավելացել է 73,3-ից մինչև 78,7 տարեկան՝ կանանց պարագայում, 66,7-ից մինչև 72,4 տարեկան՝ տղամարդկանց դեպքում։
✔ Բայց, այնուամենայնիվ, մարդկային կապիտալի ցուցիչը Հայաստանում կազմում է ընդամենը 0,58։ Սա նշանակում է, որ այստեղ ծնված երեխան կարող էր 58 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե իր առողջության և կրթության համար անհրաժեշտ աջակցություն ստանար։
✔ Ուսման արդյունքները նույնպես շատ են տարբերվում՝ կախված երեխայի սեռից և ընտանիքի եկամտից։ Բուժհաստատություններում նախկինի պես կիրառվում է ծառայությունների համար «գրպանը դնել» գաղտնի վճարը, ինչը դրանք նվազ հասանելի է դարձնում բնակչության մեծ մասի համար։
✔ Աշխատանքի տեղավորման ծրագրերը սակավաթիվ են և փոքրամասշտաբ։
✔ Վերջին երկու տասնամյակների ձեռքբերումները սպառնալիքի տակ են COVID-19-ի համավարակի պատճառով։ Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում 2020 թ-ի արդյունքում 6,3 տոկոսով իրական ՀՆԱ կրճատում է տեղի ունեցել։
✔ Ըստ կանխատեսումների՝ աղքատության մակարդակը կաճի, իսկ պետական ծախսերում հնարավոր են կրճատումներ առողջապահության և կրթության մասով»։
- Ի հեճուկս պատերազմի և կորոնավիրուսի․ Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը
- Հայաստանը՝ տնտեսական լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021 թ-ին
- Կորոնավիրուսն՝ ընդդեմ գինեգործների և խաղողագործների
Ադրբեջան
«Ադրբեջանում մեծ հաջողություններ են գրանցվել մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վերջին հինգ տարվա ընթացքում 21 տոկոսով ավելի շատ երիտասարդներ են բուհեր ընդունվել: Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ է ստեղծվել, որն օգնել է բարձրացնել առաջնային բուժսանիտարական օգնության արդյունավետությունը: Կուտակային կենսաթոշակները և սոցիալական նպաստները զգալիորեն մեծացրել են բնակչության այն հատվածի 40 տոկոսի եկամուտները, որոնք ամենաաղքատների շարքում են:
✔ Սակայն բնակչության տարբեր շերտերի համար մատչելի կրթության և բուժօգնության մակարդակների տարբերությունը նախկինի պես շատ մեծ է։
✔ Ըստ ստանդարտացված թեստերի արդյունքների` ավելի ապահով ընտանիքների աշակերտները գիտելիքների մակարդակով երեք ուսումնական տարով գերազանցում են աղքատ ընտանիքների իրենց հասակակիցներին: Բժշկական հաստատություններում ծառայությունների համար շարունակվում է կիրառվել գաղտնի «գրպանը դնել» վճարումը, ինչը դրանք նվազ հասանելի է դարձնում բնակչության մեծ մասի համար:
✔ Ամենաաղքատների շարքին դասվող յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքն է միայն օգնություն ստանում հասցեական սոցիալական աջակցության ծրագրից:
✔ Գործազրկությունը շարունակում է բարձր մնալ, հատկապես` կանանց շրջանում:
✔ Ադրբեջանում մարդկային կապիտալի ցուցիչն ընդամենը 0.58 տոկոս է կազմում: Դա նշանակում է, որ այստեղ ծնված երեխան կարող էր 58 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե անհրաժեշտ աջակցություն ստանար իր առողջության և կրթության համար:
✔ Կորոնավիրուսի համավարակը սոցիալական ծառայությունների մատչելիության կրճատման է հանգեցրել: Ըստ կանխատեսումների` 2020 թվականի տնտեսական անկումն Ադրբեջանում 4.2 տոկոս կկազմի»։
- Գործազրկությունն Ադրբեջանում․ պաշտոնական վիճակագրություն և իրականություն
- Ադրբեջանի տնտեսությունը համավարակից առաջ և հետո․ ի՞նչ սպասել և ինչի՞ց վախենալ
Վրաստան
«Վերջին տասնամյակներում Վրաստանը շատ մեծ հաջողությունների է հասել։ Սակայն մարդկային կապիտալի ներուժը բացահայտել այնքան էլ չի հաջողվում։ Վրաստանում մարդկային կապիտալի ցուցիչը կազմում է ընդամենը 0,57։ Սա նշանակում է, որ Վրաստանում ծնված երեխան կարող էր 57 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե առողջության և կրթության անհրաժեշտ աջակցություն ստանար։
✔ Վրաստանում աշակերտների մեծ մասը ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների բազային հմտություններ չի ստանում։ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի PISA թեստը պարզել է, որ Վրաստանի աշակերտները գրեթե մեկ ուսումնական տարով հետ են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների դպրոցականներից։
✔ Երիտասարդության շրջանում գործազրկության մակրդակը Վրաստանում նույնպես միջինից բարձր է Եվրոպա+Կենտրոնական Ասիա տարածաշրջանների կտրվածքով։ Ընդ որում, մասնագիտական առումով վատ պատրաստված կադրերը նշվել են որպես Վրաստանում բիզնես անելու ամենամեծ խնդիր գլոբալ մրցունակության մասին զեկույցում, որը ներկայացվել էր 2019 թ-ի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
✔ Առողջապահական համակարգը երկրում շարունակում է ուղղված լինել անհետաձգելի օգնության ցուցաբերմանը, այլ ոչ թե հիվանդությունների կանխարգելմանը։ Իսկ բուժծառայությունների բարձր արժեքն ընդհանրապես մարդկանց ստիպում է խուսափել բուժօգնություն ստանալուց։
✔ Վրաստանում կրճատվում է աղքատության մակարդակը, սակայն սոցիալ-տնտեսական անհավասարությունը պահպանվում է բարձր մակարդակում։
✔ Կորոնավիրուսի համավարակը կխորացնի այս բոլոր խնդիրները։ Կանխատեսվում է, որ համավարակի հետևանքով Վրաստանի իրական ՀՆԱ-ն 2020 թ-ին կրճատվել է վեց տոկոսով։
- «Պատմական» անկում․ 2020 թ-ին Վրաստանի տնտեսությունն անկման բոլոր ռեկորդներն է սահմանել 1994-ից ի վեր
- Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
- Վրաստանում գրեթե 30 հազար երեխա զրկված է օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորությունից․ UNICEF
Մարդկանց, նրանց կրթության և առողջության ավելի բարձր մակարդակի մեջ արված ներդրումը Հարավային Կովկասի բնակչությանը թույլ կտա մրցակցել համաշխարհային տնտեսությունում, եզրակացություն է անում Ֆադիա Մ․ Սաադան։
«Մարդիկ հարստության կարևոր բաղկացուցիչն են։ Մարդկանց զարգացման մեջ արված ներդրումը բարձրացնում է ճգնաժամերի նկատմամբ դիմադրողականությունը և երկրի ընդհանուր բարեկեցությունը։
Եթե բնակչության համար կրթությունն ու առողջապահությունը հարկ եղած ծավալով ապահովվեին, ապա բնակչության մեկ շնչի հաշվարկով երկարաժամկետ ՀՆԱ-ն Վրաստանում ավելի բարձր կլիներ 1,64 անգամ, Ադրբեջանում՝ 1,67 անգամ, Հայաստանում՝ 1,75 անգամ»։