Եվրահանձնաժողովը Վրաստանին տվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ
Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ
Եվրահանձնաժողովը Վրաստանին տվել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Եվրոպական առաջնորդները նաև կայացրել են հետևյալ որոշումները.
- սկսվում են Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ,
- Բոսնիա և Հերցեգովինայի հետ, որը դարձել է ԵՄ անդամակցության թեկնածու 2022 թվականի դեկտեմբերին, «բանակցությունները կսկսվեն, երբ երկիրը հասնի անդամակցության չափանիշներին բավարարելու պատշաճ մակարդակի», — գրել է Շառլ Միշելը X-ում: Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին ներկայացնել առաջընթացի մասին հաշվետվություն մինչև 2024 թվականի մարտը։
«Սա հույսի հստակ ազդանշան է ժողովուրդների և մեր մայրցամաքի համար», — գրել է Միշելը:
The European Council has decided to open accession negotiations with Ukraine & Moldova. #EUCO granted candidate status to Georgia. And the EU will open negotiations with Bosnia and Herzegovina once the necessary degree of compliance with the membership criteria is reached and…
— Charles Michel (@CharlesMichel) December 14, 2023
«Սա հաղթանակ է Ուկրաինայի համար, սա հաղթանակ է Եվրոպայի համար։ Հաղթանակ, որը դրդում, ոգեշնչում և ուժ է տալիս»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես անդրադարձել է Եվրահանձնաժողովի այս որոշմանը. «Շնորհավորում եմ. Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել»։
Մինչ այս որոշումը Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությունը կարծիք էր հրապարակել ընդլայնման վերաբերյալ։ Վրաստանին կոչ էր արվել հստակ կոմնորոշում ցուցաբերել և հավատարմություն դրսևորել ԵՄ արժեքներին, շարունակել առաջընթացը բարեփոխումների ծրագրի ուղղությամբ և կատարել հանձնաժողովի կողմից առաջադրված պայմանները։
● Խորհուրդը ընդհանուր առմամբ ողջունել է լավ իրավական դաշտը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, ներառյալ մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունները, նշել է, որ սա ամուր հիմք է Վրաստանում ժողովրդավարական և օրենքի գերակայության բարեփոխումներն առաջ մղելու համար:
● ԵՄ Նախարարների խորհուրդը շեշտել է, որ Վրաստանը պետք է ապահովի հիմնարար իրավունքների լիակատար հարգանքը, ներառյալ լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը, հավաքների և արտահայտվելու ազատությունը և ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունը ահաբեկումից, բռնությունից և խտրականությունից:
«Խորհուրդն ընդգծում է իր մեծ ակնկալիքը, որ Վրաստանը զգալիորեն կամրապնդի իր համապատասխանությունը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության դիրքորոշումներին և սահմանափակող միջոցներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ: Սա Եվրամիությանն անդամակցելու երկրի ռազմավարական ընտրության հստակ նշան կլինի»,- ասվում է փաստաթղթում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ