2022 թվականի տվյալներով՝ Վրաստանը 157 երկրների մեջ 36-րդն է «Սթիվ Հանկեի տառապանքի ամենամյա ինդեքսում» [աղքատության ինդեքս, որը գնահատում է տնտեսական իրավիճակը տարբեր երկրներում]։
Հանկեի ինդեքսի մեթոդաբանությունը ներառում է երեք տարր.
● գործազրկության մակարդակը, ● գնաճի մակարդակը, ● տոկոսադրույքների վերաբերյալ տվյալների օգտագործումը՝ որպես ցուցիչ։
Այն երկրները, որտեղ այս ցուցանիշներն ամենաշատ բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության վրա, ինդեքսում առաջատար դիրքեր են զբաղեցնում։
Դրանց թվում են Զիմբաբվեն, Վենեսուելան, Սիրիան, Լիբանանը, Սուդանը, Արգենտինան, Եմենը, Ուկրաինան, Կուբան, Թուրքիան, Շրի Լանկան, Հայիթին, Անգոլան, Տոնգան և Գանան։ Այս երկրները զբաղեցնում են աշխարհի ամենաաղքատ երկրների առաջին 15 տեղերը։
Հարկ է ընդգծել, որ հունիսի 6-ին CNBC ամերիկյան պարբերականը հրապարակել էր ծավալուն հոդված այն մասին, որ Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի և Հայաստանի տնտեսությունները կտրուկ աճել են Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո։ Պարբերականի ունեցած տվյալների համաձայն՝ այժմ այս երկրները հայտնվել են Արևմուտքի «վրեժխնդրության» վտանգի առաջ։
Հոդվածում նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով, Հայաստանի՝ 12,6 տոկոսով։ Սակայն ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ 2023 թվականին այս երկրների տնտեսական աճը կդանդաղի համապատասխանաբար մոտ 4 տոկոսով և 5,5 տոկոսով։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2022 թվականի տվյալների համաձայն՝ երկրի բնակչության 15,6 տոկոսը գտնվում է բացարձակ աղքատության շեմից ցածր, ինչը 1,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զեկույցի համաձայն՝ գյուղական վայրերում իրավիճակը շատ ավելի վատ է, քան քաղաքներում։ Մասնավորապես, 2022 թվականին աղքատության շեմից ցածր էր գտնվում գյուղական բնակչության 20.6 տոկոսը, իսկ քաղաքային բնակչության՝ 12.3 տոկոսը։