Տասնյակ վիրավորներ Երևանում. ոստիկանները հատուկ միջոց են կիրառել
Վիրավոր քաղաքացիներ և ոստիկաններ Երևանում
Հայաստանի խորհրդարանի մոտ այսօր լուսաձայնային նռնակներ են գործի դրվել: Նախնական տվյալներով՝ վիրավորվել են 79 անձինք՝ քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ: Օրվա երկրորդ կեսին ԱԺ դիմաց էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները: Շենքում էր նաև Փաշինյանը, մասնակցում էր բյուջեի կատարողականի քննարկմանը, այնուհետև պատգամավորների հետ հարցուպատասխանին:
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն ընդդիմության վարչապետի թեկնածուն է, և մյուս ցուցարարները որոշել էին թույլ չտալ, որ վարչապետը դուրս գա խորհրդարանի շենքից: Արքեպիսկոպոսի խոսքով՝ «պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գնալ»։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր էին բերվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ:
Հարցուպատասխանը դեռևս չէր ավարտվել, երբ ցույցի մասնակիցները որոշեցին բարձրանալ ճաղավանդակների վրա և մուտք գործել ԱԺ շենքի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի: Ոստիկանությունն այդ գործողությանն արձագանքեց լուսաձայնային նռնակներով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր սովորական երթուղով լքել է ԱԺ-ն: Հարկ է ընդգծել, որ մինչ այդ շարժման անդամները հայտարարում էին, թե խորհրդարանի շենքը պաշարելու մտադրություն չունեն:
Իշխող ուժն արդարացված է համարում ոստիկանների կողմից հատուկ միջոցի կիրառումը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարել է այդ մասին և նշել, որ նռնակները կիրառվել են այն բանից հետո, երբ Գալստանյանը «մարդկանց ուղղորդել է գրոհել ոստիկաններին»։ Վարչապետ Փաշինյանն էլ շեշտել է՝ իրավապահ համակարգն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները»:
Օրվա քրոնիկոնը
Ընդդիմության ակցիան նախատեսված էր ժամը 15:00-ին: Ցուցարարները հավաքվել էին Բաղրամյան փողոցում: Իրավիճակը, սակայն, լարվեց 17:30-ին, երբ ցուցարարներն առաջացան դեպի Դեմիրճյան փողոց: Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցույցի մասնակիցներին: Մինչ այս պահը հաղորդվել է 98 քաղաքացու բերման ենթարկելու մասին:
Այնուհետև Բագրատ Սրբազանը պահանջեց, որ իրավապահներն ընդդիմադիր պատգամավորներին թույլ տան մուտք գործել ԱԺ: Ոստիկանների ուղղությամբ մի շարք անձինք շշեր նետեցին: Ցուցարարները պնդում են, թե իրենց շարքերում սադրիչներ են եղել:
Այն բանից հետո, երբ ընդդիմադիրներն անցան ճաղավանդակների վրայով և առաջացան դեպի ԱԺ շենքի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակ կիրառեց:
Տուժածներ կան ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շրջանում
Հատուկ միջոցի կիրառումից ժամեր անց առողջապահության նախարարությունը հայտնեց, որ բուժօգնություն ստանալու համար տարբեր կենտրոններ են դիմել հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ ունեցող քաղաքացիներ: Տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։
Մինչ այս պահը հաղորդվել է տուժած 79 քաղաքացիական անձի և ոստիկանի մասին: Բուժառուներից 6-ն անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Քաղաքացիներից մեկը ծանր՝ ձեռքի դաստակի վնասվածք ունի: ԱՆ փոխանցմամբ՝ նրան վիրահատում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ դեռևս տեղեկություններ ունեն քրեական վարույթով ձերբակալված 6 անձի մասին։
Բագրատ Սրբազանի՝ 96 ժամվա խոստումը
Շարժման առաջնորդը հունիսի 9-ի հանրահավաքին հայտարարել էր, որ 96 ժամից վարչապետի հրաժարականի խնդիրը լուծված է լինելու։ Այդ ժամկետը լրանում է հունիսի 12-ին՝ վաղը:
«Ասել եմ՝ 4 օր, հետո էլ կարող է ասեմ՝ ևս 4 օր, հետո՝ մի ամիս, հետո՝ մի տարի։ Մեր պայքարն անժամկետ է»,- այսօր հայտարարեց արքեպիսկոպոսը:
Նրա փոխանցմամբ՝ վարչապետի հեռացումը կատարվելու է օրինական ճանապարհով, առանց բռնության։ Ասում է՝ «համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը, անհամաձայնությունը կհայտնի, պատրաստ եմ իրացնելու դա»։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել նրա «խաղաղ, անցնցում հեռացման պայմանները»։ Իրավիճակի լարումից առաջ շարժման առաջնորդը նաև հայտարարել էր, թե նախքան ակցիաների փուլի մեկնարկը վարչապետի հետ հանդիպելու առաջարկ ստացել է, բայց մերժել: Նշել էր նաև, որ 2018 թ․-ին իրեն նույնիսկ առաջարկել են միանալ իշխող թիմին:
«Եթե ՀՀ ժողովուրդը ուզենա կառավարության փոփոխություն, կիրականացնի»
Ակցիայից առաջ Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրուցում վստահեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել էր, որ խորհրդարանի շենքից դուրս է եկել պարզապես մաքուր օդ շնչելու, ոչ թե ցուցարարների հետ հանդիպելու համար։ Նրա խոսքով՝ հաճախ է շփվում ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիների հետ, այդ թվում՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, քաղաքականապես չեզոք։ Վստահեցրել էր՝ նման հանդիպումներից չի խուսափում։
Լրագրողները հետաքրքրվել էին՝ եթե մտահոգություններ չունեն, ինչո՞ւ են ԱԺ շենքի շրջակայքում ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացրել։ Ի պատասխան վարչապետը նշել էր, որ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները․
«ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովեն և պետք է ապահովեն քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ խաղաղ հավաքի մասնակիցների կամ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»։
Լրագրողների հետ ևս մեկ զրույց Փաշինյանն ունեցել էր բողոքի ակցիայի մեկնարկին: Անդրադառնալով ուժային կառույցների գործողություններին՝ կառավարության ղեկավարը նկատել էր՝ եթե նման միջոցառումներ են ձեռնարկում, նշանակում է՝ «առնվազն ունեն տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից»։
«Իրավապահները միջոցներ են ձեռնարկում այդ խմբերին և նրանց առանձին անդամների հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել էր Փաշինյանը։
Ոստիկանները դատարկաձեռն չէին եկել ԱԺ
Ժամը 15։00-ին հայտարարված հավաքից առաջ լրագրողները Ազգային ժողովի շենքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի հարակից հատվածում, ոստիկանական նոր ուժեր էին նկատել, ֆիքսել, որ ոստիկանական մեքենաներում կան նաև փշալարեր։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի շեշտել էր՝ «բախումների նպատակ չկա»․
«Միշտ էլ ունենում ենք փշալարեր։ Չենք օգտագործում, եթե կարիքը չի լինում»,- նշել էր նա:
Վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին էին դիմել Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը: Հորդորել էին չոտնձգել իրավակարգի դեմ և պահպանել օրինականությունը: Ընդգծել էին՝ «ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վիրավոր քաղաքացիներ և ոստիկաններ Երևանում