Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ինչո՞ւ են Հայաստանի վարչապետին արևմտամետ գործիչ համարում
«Ոչ ավանդական» քաղաքական կողմնորոշման մասին մեղադրանքները «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հասցեին սկսվել են դեռևս 2018 թ-ի ապրիլին, երբ արդեն պարզ էր, որ նա իր թիմի հետ շատ մոտ է իշխանության գալուն։
Դեռ «շարժման առաջնորդի» կարգավիճակում՝ մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը, նա ստիպված էր արդարանալ իր նախորդ հայտարարությունների համար և նորերն անել՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման պահպանման և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին հավատարիմ մնալու մասին։
Բավական ժամանակ է անցել, Հայաստանը հավատարիմ է ՀԱՊԿ ռազմական դաշինքին և ԵԱՏՄ տնտեսական միությանը, որոնք գործում են Ռուսաստանի առաջնորդությամբ։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողացել ազատվել արևմտամետ քաղաքական գործչի կերպարից, որին Կրեմլում առանձնապես չեն վստահում։ Ինչո՞ւ։
- Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ
- JAMnews-ի հարցազրույցը հայկական թավշյա հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ
- Ճգնաժամը շարունակվում է․ ընդդիմության հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը ոչինչ չփոխեց
Ընդդիմադրի անցյալից
2018 թ-ի գարնանը, քաղաքական կշռի ավելացմանը զուգահեռ, Փաշինյանին սկսեցին հիշեցնել նրա նախորդ հայտարարություներն ու դեռ 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախանշած արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտեցումները։
Իսկ Փաշինյանի և «Ելք» դաշինքի համար այն միանշանակ էր․ Հայաստանը պետք է ձգտի եվրաինտեգրման և լքի Եվրասիական տնտեսական միությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
Խորհրդարանական խմբակցությունը, որի անդամ էր Փաշինյանը, նույնիսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի ելքի մասին նախագիծ էր ներկայացրել խորհրդարան։ Բնականաբար, այն չընդունվեց, սակայն հիշողությունը մնաց։
Արդեն 2018 թ-ի փողոցային ակցիաների ժամանակ ընդդիմադիր գործիչը հրաժարվեց իր խոսքերից և հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է մնա Երևանի գլխավոր գործընկերը։ Իսկ 2018 թ-ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես ուրիշ մարդ լիներ։
Նման կտրուկ փոփոխությունը կարող է անսպասելի թվալ միայն սովորական մարդուն, բայց ոչ քաղաքական գործիչներին, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Կատարվածը նա անվանում է «աթոռի գործառույթ»․
«Նման հակառուսական տրամադրությունները բնական էին, որովհետև Փաշինյանի թիմն ընդդիմություն էր։ Պատահական չէ, որ իշխանության գալուց հետո այդ ամենը 180 աստիճանով շուռ եկավ։ Քանի որ դա ոչ թե անձնական համոզմունքի արդյունք է, այլ աթոռի գործառույթ, այն տեղի, որտեղ գտնվում ես։ Քաղաքական գործիչները միշտ այդպես են անում։ Դա նորմալ է։ Բայց Փաշինյանն այս մասին նույնիսկ ասաց՝ կամ միամտությունից, կամ հաշվենկատությունից ելնելով»։
Իրոք, իշխանության գալուց հետո նա հայտարարեց, որ իր քաղաքական հայացքները փոխվել են, այժմ ինքը պետք է ղեկավարվի ոչ թե քաղաքական կոնյունկտուրայով, այլ Հայաստանի ազգային շահերով։
«Ռուսական լրատվամիջոցներում երկու տարի շարունակ Փաշինյանը հաճախ էր ներկայացվում որպես արևմտամետ իդեալիստ։ Սակայն նա ապացուցեց, որ իրականում հակված է ոչ թե ինչ-որ վերացական սխեմաների, այլ պրագմատիկ որոշումների։ Սա վերաբերում է նաև Մոսկվայի հետ հարաբերություններին։ Փաշինյանը, որը սկսել էր եվրասիական ինտեգրացիոն գործընթացների քննադատությունից, ապացուցեց, որ չի վերանայելու իր երկրի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքի հիմքերը», — ամփոփել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նոր առաջնորդ՝ հետխորհրդային ձևաչափի համար
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին հանդիպումներն անցկացրել է հենց Ռուսաստանի և այն ինտեգրացիոն կառույցների ղեկավարության հետ, որոնց դեմ էր հանդես գալիս նախկինում։ Զգացվում էր, որ Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի կողքին նա իրեն հարմարավետ չի զգում։
«Փաշինյանը հետխորհրդային սերնդի ներկայացուցիչ է հայկական քաղաքականությունում։ Հիշում եմ, թե ինչպես էի 2018 թ-ին հետևում Պուտինի հետ նրա առաջին հանդիպմանը։ Այնտեղ էին նաև Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առաջնորդները։ Եվ անսպասելիորեն աչքի զարնեց այն, որ Փաշինյանն այնտեղ գտնվողներից միակն է, ում ռուսերենը սովորած լեզու է։ Մնացածների համար այն մայրենիներից մեկն էր կամ միակ մայրենին», — նշում է Ալեքսանդր Իսանդարյանը։
Սակայն ոչ միայն լեզուն և քաղաքական փորձն էին Փաշինյանին «սպիտակ ագռավ» դարձնում այդ շրջապատում։ Կրեմլն ավանդաբար ցավոտ է տանում հեղափոխությունները, լինեն դրանք «թավշյա», թե «նարնջագույն»։ Եվ, բնականաբար, Մոսկվայում հիացած չէին նրանով, ինչ էր տեղի ունենում Երևանի փողոցներում 2018 թ-ի գարնանը։
Փաշինյանը ձգտում էր ամեն հարմար առիթով հրապարակայնորեն հայտարարել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներ չկան։ Սակայն տհաճ միջադեպերից նա չխուսափեց, ընդհակառակը, անգամ դարձավ դրանց նախաձեռնողը։
Խաչատուրովի և Քոչարյանի հետ կապված պատմությունները
Հայ-ռուսական հարաբերություններում առաջին «ձախողումը» տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխությունից մի քանի ամիս անց։ Երևանը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչել Յուրի Խաչատուրովին և նրա դեմ դատական գործընթաց սկսել «Մարտի 1»-ի աղմկահարույց գործով։
2008 թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում հուզումներ էին սկսվել։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որը փորձում էր քաղաքականություն վերադառնալ, պնդում էին, որ ընտրություններում հաղթել է հենց նա, պահանջում էին վերանայել քվեարկության արդյունքները։
2008 թ-ի մարտի 1-ի ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։
Յուրի Խաչատուրովն այն ժամանակ գլխավորում էր ԶՈւ Երևանի կայազորը և, քննության վարկածով, ղեկավարել է ցուցարարներին ցրելու գործողությունը։
Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազրույցների ձայնագրություններից, որոնք համացանցում էին հայտնվել, պարզվել էր, որ հայկական կողմը Խաչատուրովին փոխարինելուն ուղղված իր քայլերը չի համաձայնեցրել Մոսկվայի հետ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը հարված էր կազմակերպության հեղինակությանն ու Մոսկվայի զայրույթն էր առաջացրել։
«Այնտեղ կատարվող գործընթացները մեզ չեն կարող չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը», — հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ի դեպ, Փաշինյանը նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում էր և բողոքի շարժման առաջնորդներից մեկը։ Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի և չորս ամիս ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների մեղադրանքի պատճառով։ Այնուհետև ինքնակամ դատախազություն էր ներկայացել, կալանավորվել և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։
Իսկ 23 ամիս անց նրա վրա տարածվեց համաներումը, որը հայտարարվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ այն ժամանակ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնացել՝ միջազգային կառույցների ճնշման տակ։
Հայաստանում շատերը նկատում են «Մարտի 1-ի» գործի նկատմամբ հետհեղափոխական կառավարության ղեկավարի առանձնահատուկ ուշադրությունը։
Չէ՞ որ այս գործով է մեղադրվում նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը չի թաքցնում իր ընկերական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ։
Հայկական մեդիայում գրում էին, որ Պուտինը շահագրգռված էր Քոչարյանի ազատ արձակմամբ, սակայն նրա խնդրանքները հաշվի չեն առնվել Հայաստանի ղեկավարության կողմից։
Նախկին նախագահը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2008 թ-ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն հաղթող էր հայտարարել Սերժ Սարգսյանին, սակայն մարտի իրադարձությունների ժամանակ նա դեռ չէր ստանձնել պաշտոնը, ու ցուցարարներին դաժանաբար ցրելու համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահը կալանավորվել էր 2018 թ-ի հուլիսին։
Այնուհետև երեք անգամ նրա փաստաբաններին հաջողվել է փոխել նրա խափանման միջոցը, վերջին անգամ նա ազատ է արձակվել 2020 թ-ի հունիսին, 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Սակայն դատավարությունն այս գործով շարունակվում է։
- Կրեմլի շահերի մասին․ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ընկերոջ՝ Հայաստանի նախկին նախագահի ծննդյան օրը
- Պուտինը Երևանում հանդիպել է կալանավորված նախկին նախագահ Քոչարյանի տիկնոջ հետ
Երկաթուղի, «Գազպրոմ»
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին հետաքրքրվել նաև Հայաստանում ռուսական խոշոր կապիտալի աշխատանքով։ Ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը, ինչպես նաև «Գազպրոմի» դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ-Հայաստանը»։
Առաջինի դեպքում միանգամից երկու քրեական գործ էր հարուցվել, այդ թվում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Իսկ գազային ընկերությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել առանձնապես խոշոր չափի հարկերի չվճարման համար։ Երկու դեպքում էլ իրավիճակը հարթվել էր Մոսկվայի խիստ հայտարարություններից հետո։
Սորոսի հիմնադրամն ու Փաշինյանի թիմը
Հյուսիսային ուղղությունից դժգոհությունը գալիս էր հիմնականում ոչ թե պաշտոնատար անձանցից, այլ՝ մերձկրեմլյան կառույցներից ու մեդիայից։
Ռուսական քարոզչական մամուլը Փաշինյանին քննադատում էր այն բանի համար, որ նա իրեն շրջապատել է արևմտամետ քաղաքական գործիչներով, որոնք ոչ միայն համակրանքով են վերաբերվում «արևմտյան աշխարհին», այլև երկար տարիներ այնտեղից ֆինանսավորում են ստանում։
Հատկապես տարածված էին Երևանում հակառուսական ակցիաներին Հայաստանի խորհրդարանի խոսնակի, նրա մամուլի քարտուղարի և Նիկոլ Փաշինյանի այլ համախոհների մասնակցությամբ տեսանյութերը։
«Իրոք, իշխանամետ մեկնաբաններն այժմ ու նախկինում էլ կտրուկ էին արտահայտվում Փաշինյանի մասին, որն իշխանության է եկել ոչ այն ճանապարհով, որը մեզ մոտ հավանության է արժանանում՝ գունավոր հեղափոխության միջոցով։ Նրան մեղադրում էին նաև, որ իրեն շրջապատել է մարդկանցով, որոնք կապված են Ջորջ Սորոսին մոտ կազմակերպությունների հետ։ Իսկ նրա անունը մեզ մոտ կարծես կարմիր լաթ լինի ցլի համար», — ասում է ռուս քաղաքագետ Գեորգի Բովտը։
Այնուամենայնիվ, Փաշինյանը «հավատարմություն դրսևորեց»
Արդյո՞ք Կրեմլի կողմից Փաշինյանի քննադատության համար «կանաչ լույս» էր միացվել։ Չէ՞ որ մեդիատիրույթում Հայաստանի վարչապետի նկատմամբ միասնական մոտեցում չկար, կար թե՛ կոշտ քննադատություն, թե՛ լոյալ վերաբերմունք։
«Եթե կան դիսկուրսներ, որոնք հակասում են միմյանց որևէ խնդրի առումով, երբ մեկ օրում միևնույն հեռուստաալիքով կարելի է շատ հայամետ արտահայտություն լսել, մյուս օրը՝ ադրբեջանամետ հայտարարություն, եթե տարաձայնություն կա, ապա դա խոսում է այն մասին, որ Կրեմլը հրահանգ չի տվել։
Ռուսական օրակարգում կան հարցեր, որոնք մի ձևով են քննարկվում։ Կան որոշակի հարցեր, որոնք ռուսական հեռուստատեսությամբ չի կարելի այլ կերպ քննարկել։ Երբ հստակ որոշում է կայացվում, նման բան չի լինում։ Եթե դա լինում է, նշանակում է, որ դա Կրեմլի ձայնը չէ», — կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հիմնական կետերով հավատարիմ է մնացել ավելի վաղ Հայաստանի ընտրած ճանապարհին․ դրա վառ վկայությունը ռուսական կողմի հետ համատեղ ռազմական զորակազմ ուղարկելն էր Սիրիա։
«Ռուսական շահերի տեսանկյունից սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել։ Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, չի հայտարարել, որ ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին, կտրուկ հակառուսական հայտարարություններ չի արել»։
Այնուամենայնիվ, Ռուսաստանում որոշ շրջանակներ դեռևս սպասում են, որ Փաշինյանն ինչ-որ պահի կտրուկ շրջվելու է Եվրոպայի կողմը։
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցևը վստահ է, որ Փաշինյանը ներառված է երկրի հասարակական կյանքի վերաձևման ամերիկյան սցենարում․
«Ամերիկյան իշխանություններն արդեն վաղուց են աշխատում Հայաստանի քաղաքական դասի, երիտասարդության, հասարակության հետ պաշտոնական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջոցով։ Հայաստանում ամերիկյան դեսպանատունն ամենախոշորն է հետխորհրդային տարածքում․ ավելի քան հազար մարդ, սա հսկայական թիվ է նման փոքր երկրի համար»։
Քաղաքագետը, սակայն, հաշվի չի առնում այն փաստը, որ դեսպանատունն ու բազում արևմտյան հասարակական կազմակերպությունները Հայաստանում աշխատել են նաև մինչև Փաշինյանի իշխանության գալը։
Չոր հաշվարկով՝ Փաշինյանը հավատարիմ է մնացել երկրի արտաքին քաղաքական ուղղությանը, որն ընտրվել էր ավելի վաղ։ Ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, որտեղ իշխանության էին եկել «փողոցային» բողոքի միջոցով, Ռուսաստանը կարողացել է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում։