«Լռեք 2 ամիս, հնարավորություն տվեք ինձ»․ Օսկանյանը ՀՀ իշխանություններին
Օսկանյանը՝ բանակցությունների ընթացքի մասին
«Տվեք հնարավորություն ինձ, մի խումբ դիվանագետների, լռեք 2-3 ամիս, մենք վերցնում ենք պատասխանատվություն։ Վտահեցնում եմ՝ բանակցություններում լինելու է հայանպաստ լրջագույն, կտրուկ փոփոխություն»,- Հայաստանի իշխանություններին նման կոչով է դիմել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը վստահեցրել է՝ կա առանց պատերազմ հրահրելու Արցախը չկորցնելու հնարավորություն։ Ասում է՝ կան «կոմպետենտ մարդիկ», ովքեր կարող են հարցերը ճիշտ փաթեթավորել: Դրա արդյունքում էլ հայկական կողմը ոչ միայն կխուսափի պատերազմից, այլև բանակցություններում «լուրջ առաջընթաց» կարձանագրի։ Դիվանագետի խոսքով՝ պատասխանատվություն ստանձնելու մասին իր այս հայտարարությունները պետք չէ դիտարկել որպես քաղաքականություն վերադառնալու հայց։
JAMnews-ն առանձնացրել է Հայաստանի նախկին արտգործնախարարի ամենաուշագրավ հայտարարությունները
«Պետք է ունենալ բանակցություններն այլոց հանձնարարելու համարձակություն»
Լրագրողների հետ զրույցում Օսկանյանն ասել է, որ իշխանությունները պետք է ունենան նման համարձակություն։ Ընդգծել է, որ այսօր Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն Լեռնային Ղարաբաղի հարցում խոսել այլընտրանքի մասին։ Օսկանյանի համոզմամբ՝ այդ այլընտրանքը իրեն և մի խումբ դիվանագետների «100%-անոց լիազորություն» տալն է․
«Բայց այդ ընթացքում Փաշինյանն ուղղակի պետք է լռի, չխոսի ոչ հանձնաժողովներում, ոչ կառավարության նիստում, ոչ ԱԺ ամբիոնից, ոչ ասուլիս տա, ոչ հարցազրույց։ Սա կարևոր նախապայման է»։
Կարծում է՝ վարչապետի խոսելը բարդացնում է ստեղծված իրավիճակն ու «օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»։
Հնարավորություն ստանալու դեպքում դիվանագետների խումբն անելու է երկու բան՝
- շատ արագ փոխելու է բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը,
- ընդլայնելու է առկա բանակցային օրակարգը:
Բանակցային տրամաբանությունը և նարատիվը փոխելու համար առաջին և կարևոր քայլ է համարում հետևյալը․
«Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններում ինչ-որ հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով, այլ մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում, ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որոնք հնարավորություն կստեղծեն Հայաստանին և Ադրբեջանին հասնելու արդար ու կայուն խաղաղության»։
Նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, միայն Ադրբեջանի պահանջներն են․
«Հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որն ընկալելի կլինի հայ ժողովրդի համար։ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, ուզում է, որ պահանջները գրվեն այնպես, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն չլինի»։
Բանակցային օրակարգն ու «անկախության ձգտելու» հնարավորությունը
Ասում է՝ հայկական պահանջի մեջ առաջնային պետք է լինի այն փաստը, որ սովետական տարիներին գոյություն է ունեցել ԼՂԻՄ․
«Եկեք չմոռանանք, որ այդ փաստը 1991 թ․-ին հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, անցկացնելու ռեֆերենդում»։
Բանակցությունների սեղանին այդ փաստի գոյությունն անհրաժեշտություն է համարում։ Նրա համոզմամբ՝ կբացվեն քաղաքական և իրավական լուծումների գնալու նոր հնարավորություններ։ Վստահ է՝ եթե Ադրբեջանն ընդդիմանա, որ հարցը բանակցային օրակարգ մտնի, միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի․
«Այդ հարցի օրակարգ մտնելը մերժելը Արցախի ժողովրդին հնարավորություն է տալու միջազգային հանրության օգնությամբ ձգտել անկախության։ Միջազգային օրենքի տառն ու ոգին եմ ասում»։
«Արցախը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում»
Վարդան Օսկանյանն ասում է՝ ներկայիս պայմաններում ուղղակի թյուրիմացություն կլինի ասել, թե «Արցախը Ադրբեջան է» և հավատալ, որ հայերը կարող ենք հանգիստ կամ անվտանգ ապրել այնտեղ։ Ասում է՝ պետք է բացառել նույնիսկ նման թեմայի քննարկումը։
«Չի կարող այդպիսի բան լինել։ Արցախն ինչո՞ւ պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Ե՞րբ է եղել։ Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ չի եղել։ Ադրբեջանի գոյության ընթացքում ընդամենը եղել է սովետական շրջանում՝ ինքնավար մարզով, և այդ շրջանը ինքը՝ Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չեղյալ է համարել, անօրեն է համարել, օկուպացիա է համարել»։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այս ամենը զինանոցում ունենալով չի կարելի պարզապես լռել և մտածել Բաքվի պահանջների բավարարման մասին։ Խնդիրների կարգավորման դիվանագիտական ուղիներ տեսնում է։ Ըստ նրա՝ գործող իշխանությունը պետք է կամք ունենա, մի կողմ դնի էգոն և թույլ տա, որ փորձառու մարդիկ աշխատեն։
«Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը»
Դա, ըստ նրա, Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելն է։ Ասում է՝ միջազգային հանրության համար ԼՂ-ի խնդրի հանգուցալուծումը ցանկալի է, սակայն թե ինչպես դա տեղի կունենա, նրանց այնքան էլ չի հետաքրքրում։
Օսկանյանի խոսքով՝ միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ ամենահեշտ հանգուցալուծումը լինի։
«Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի»,- շեշտել է նա։
Ասում է՝ եթե հայկական կողմը ձևակերպի «տրամաբանական, համոզիչ, չափավոր» պահանջներ բանակցությունների բովանդակությունը կփոխվի։ Վստահեցնում է՝ «լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանը փորձում է անել»։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի որևէ իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Առաջինը նման բան ասել է Փաշինյանը, ով էլ հիմա փորձում է դա ֆորմալացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր։
«Այսօր պետք է դա թույլ չտալ, կլինի մեծ սխալ։ Այդ արարքի համար սերունդներով կզղջանք»,- հայտարարել է նա։
«Եթե այսպես շարունակվի, պատերազմի հավանականությունը շատ մեծ կլինի»
Օսկանյանի կարծքով՝ եթե իրադարձությունները զարգանան նույն կերպ, այն է՝ Փաշինյանը շարունակի խոսել և իր խոսքին համարժեք քայլերով փորձի ձգձգել, շատ մեծ կլինի պատերազմի հնարավորությունը: Լռելու պարագայում, ըստ նրա, երկու ամսից այդ հավանականությունը զրոյական կլինի․
«Այն, ինչ այսօր արվում է, չի կարող կայուն խաղաղություն բերել: Սա կարող է ժամանակավոր Փաշինյանի իշխանության և Ադրբեջանի միջև ինչ-որ խաղաղություն բերել: Այս լուծումը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև չի կարող խաղաղություն բերել»։
Դիվանագետը նկատում է՝ կայուն և հարատև խաղաղություն բերող լուծման հասնելու համար պետք է միջազգային հանրությանն առաջարկել ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության պատմությունը, աշխարհում առկա նմանատիպ գործընթացները։
Ընդգծում է՝ վերանայման կարիք ունի շրջանառվող ենթադրությունը, թե՝ «այն, ինչ այսօր կատարվում է, նաև միջազգային հանրության պարտադրանքն է, արվում է նրա ճնշման տակ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օսկանյանը՝ բանակցությունների ընթացքի մասին