Սուրբ Ծնունդը Ջավախեթիում
Սուրբ Ծնունդը Ջավախեթիում
Քահանաների պակասի պատճառով դեկտեմբերի 25-ի սուրբծննդյան պատարագ կանցկացվի Ջավախեթիի 10 գյուղերից միայն երկուսում: Պատարագների հաջորդ առավոտյան երկու քահանաները մեկնելու են մնացած 8 կաթոլիկ գյուղեր այնտեղ տոնական ծառայություններ մատուցելու համար: Սա այն դեպքում, եթե տարածաշրջանում կրկին ձյուն չգա և չփակի բարձրադիր գյուղերի ճանապարհը:
Ջավախեթին վրացական Սամցխե-Ջավախեթի շրջանի պատմական անվանումն է, որը համապատասխանում է Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներին: Դա բարձրդիր շրջան է՝ կարճ ամառներով և խստաշունչ ձմեռներով, Ջավախեթիի շատ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:
2014 թ-ին Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով, Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը կազմում է 160 504 մարդ, նրանցից 81 089-ը (50,52%) էթնիկ հայեր են:
Շրջանի բնանկիչներից 15 024-ն (9,36%) իրենց կաթոլիկ են համարում:
Անմիջապես Ջավախեթիի՝ 24 491 և 45 070 բնակչություն ունեցող Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների բնակչության ազգային և կրոնական կազմի մասին մարդահամարի նյութերում որևէ տվյալ չկա:
Գյուղերի մեծ մասում սուրբծննդյան ծառայությունները վտանգի տակ են
Կաթոլիկ հայերը Ջավախեթիում խիտ բնակեցված են 10 գյուղերում: Այդ գյուղերից 4-ը՝ Ուջմանան, Տորիան, Ժդանովկան և Խեշտիան Նինոծմինդայի մունիցիպալիտետում են, ևս 6-ը՝ Ալաստանը, Վարևանը, Թուրցխը, Կարտիկամը, Բավրան, Խուլգումոն՝ Ախալքալաքի:
Ջավախեթիի հայկական կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները «Կավկազսկի ուզելին» հաղորդել են, որ Վրաստանում ընդամենը 5 կաթոլիկ քահանա կա, որոնցից երկուսն ապրում և աշխատում են Ջավախեթիում:
Անտոն Անտոնյանն ապրում և ծառայում է Էշտիա գյուղում, իսկ Անդրեյ Յանիցկին Թուրցխ գյուղի մշտական քահանան է: Նրանց կողմից այլ գյուղերում ծառայություն անցկացնելու որոշակի պարբերականություն չկա: Քահանան գյուղ է գալիս անհրաժեշտության դեպքում, եթե նրան զանգահարում և խնդրում են ինչ-որ մեկին կնքել կամ պսակադրել:
«Քահանաները քիչ են, նրանք ֆիզիկապես չեն կարող լինել ամեն եկեղեցում», — ասում է Խուլգումո գյուղի եկեղեցու ծխական Ավթանդիլ Ջուլհանյանը:
Ջավախեթիի բնակիչներն իրենց շրջանը վրացական Սիբիր են անվանում: Տներն այստեղ ջեռուցվում են մինչև մայիսի կեսերը: Շրջանի շատ գյուղեր վատ ճանապարհների պատճառով դժվար անցանելի են նույնիսկ ամռանը, էլ չենք խոսում ձմռան մասին: Օրինակ, դեկտեմբերի 21-ի դրությամբ Ախալքալաքի շրջանի Ալաստան և Վարևան գյուղեր տանող ճանապարհը, տեղացիների խոսքով, անանցանելի էր մարդատար մեքենաների համար: Լինում է, որ մրրիկին տնից դուրս եկած վարորդները սառչում են ճանապարհներին և օրերով մնում են ճանապահին:
Երկու քահանաները, որոնց միջև բաժանված են Ջավախեթիի եկեղեցիները, ժամանակի մեծ մասն իրենց գյուղերում են անցկացնում. դա մասամբ բացատրում է այն, թե ինչու են հենց այդ գյուղերի բնակիչները տեղի բնակչության շրջանում առավել հավատացյալ և ավելի լավ գիտեն կաթոլիկ եկեղեցու կանոնները:
Սակայն ընդհանուր առմամբ, ինչպես պնդում են շրջանի բնակիչներն ու կաթոլիկ հոգևորականները, Ջավախեթիի կաթոլիկ գյուղերի երիտասարդությունը հազվադեպ է եկեղեցի գնում, չգիտի՝ ինչպես հաղորդություն ստանալ կամ խոստովանություն անել, ոչ բոլորն են քարոզների գնում:
Տեղացիներն ասում են, որ Սուրբ Ծնունդն իրենց համար «զուտ եկեղեցական, հոգևոր» տոն է: Աղոթելու և եկեղեցի գնալու օր, որն այնքան էլ պարտադիր չէ փայլերով զարդարել: Պակաս ժուժկալները երեկոյան տոնական սեղան կդնեն և տոնն ընտանիքի անդամների հետ կնշեն, սակայն Սուրբ Ծնունդին նվերներ տալու ավանդույթ նրանք էլ չունեն:
«Մենք Սուրբ Ծնունդն այնպես չենք նշում, ինչպես մյուս երկրների կաթոլիկները: Այդ օրը եկեղեցի ենք գնում, աղոթում ենք, մոմ ենք վառում, իսկ հետո տուն ենք գնում և վերջ», — տոնն է նկարագրում Խուլգումոյի բնակիչ Նինան:
Հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն են ընդունել 301թ-ին, սակայն Քրիստոսի մասին ուսմունքը Հայաստանում տարածվում էր մեր թվարկության առաջին դարից: Հեռացող 2016թ-ին նշվում էր հայերենով առաջին Աստվածաշնչի 350-ամյակը, այն հրատարակվել է 1666թ-ին Ամստերդամում:
Քրիստոնեությունն այն գործոններից մեկն է, որը միավորում է ողջ աշխարհի հայերին: Հաճախ հենց եկեղեցին և քահանաներն են օգնում հայերին, այդ թվում՝ սփյուռքի, կապ հաստատել հայրենակիցների հետ:
Ջավախեթիում կաթոլիկներին «ֆրանգներ» են անվանում: Այս բառի ստուգաբանությունը կապված է հայերի շրջանում կաթոլիցիզմ քարոզողների ազգության հետ (նրանք հիմնականում ֆրանսիացիներ և իտալացիներ էին), սակայն այն տարբեր նշանակություններ ունի՝ «խաչակիր», «եվրոպացի» և «օտարական»:
«Նախկինում մեզ կոպտորեն ֆրանգներ էին անվանում: Եվ եթե սկզբում այդ բառը մեզ նեղացնում էր, ապա այժմ այն ինձ միայն ուրախացնում է: Դա պարզապես իմ կրոնի նշաններից է և վերջ», — ասում է Էշտիա գյուղի եկեղեցու ծխականներից մեկը, որը չցանկացավ անունը նշել:
«Ֆրանգները» միակ եզրույթը չէ: Այսպես օրինակ, Նինոծմինդայի շրջակա բնակավայրերում ապրող կաթոլիկներին «մշեցի» են անվանում, իսկ Ախալքալաքի կաթոլիկներն ընդհանրապես երկու խմբի են բաժանվում. Կախված բնակվելու աշխարհագրությունից՝ նրանց անվանում են կամ «խաս», կամ «գբո»:
Կաթոլիկ քահանաների պակասը զգացվում է ոչ միայն տոներին: Հաճախ տեղի նորապսակներին պսակող չկա: Երբեմն կաթոլիկ գյուղերի նորապսակները դիմում են Հայ առաքելական եկեղեցու քահանաներին, որպեսզի նրանց այստեղ պսակադրեն:
Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորականի խոսքով, երկու հայկական եկեղեցիները՝ կաթոլիկ և առաքելական, լոյալ են միմյանց հանդեպ, և Հայ առաքելական եկեղեցին չի ձգտում յուրացնել բարեկամական եկեղեցու ծխականներին, այդ պատճառով էլ համաձայնում է կաթոլիկներին պսակադրել, սակայն նրանց ընտրություն է թողնում պսակադրությունից հետո կաթոլիկ մնալ կամ միանալ իրենց:
Էշտիայի հոգևորական Անտոն Անտոնյանի խոսքով, հայ կաթոլիկ եկեղեցին Վատիկանի հատուկ թույլտվությամբ մի փոքր ավելի մեծ ազատություն ունի, քան աշխարհի այլ կաթոլիկ եկեղեցիները:
«Վատիկանը մեզ թույլ է տալիս Սուրբ Ծնունդը նշել և՛ դեկտեմբերի 25-ին, և՛ հունվարի 6-ին (Հայ առաքելական եկեղեցու կողմից Սուրբ Ծնունդը նշելու ամսաթիվը – մեկն.՝ «Կավկազսկի ուզելի»)», — օրինակ բերեց Անտոն Անտոնյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանի և Ջավախեթիի կաթոլիկ եկեղեցիներում պատարագներն անցկացվում են և դեկտեմբերի 25-ին, և հունվարի 6-ին:
Դա թույլատրված է Վատիկանի կողմից բացառության կարգով, և նման բան նախատեսված չէ Եվրոպայի կաթոլիկների համար:
Հայր Անտոնը «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում հաստատել է, որ Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ հոգևորականների միջև լավ հարաբերություններ են, և երկու եկեղեցիների միջև շատ նմանություններ կան:
«Իրականում տարբերությունը միայն այն է, որ ես Վատիկանին եմ ենթարկվում, իսկ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ Էջմիածնին: Ո՛չ մենք, ո՛չ նրանք, չենք փորձում մեր կողմ քաշել ծխականներին: Համայնքն ինքը գիտի, թե ով որ եկեղեցուն է պատկանում: Մենք մեկ տարածքում ենք աշխատում, սակայն տարաձայնություններ կամ կոնֆլիկտ չունենք», — ասում է Անտոն Անտոնյանը: