Մարտեր, նոր հաղորդագրություն Արցախում սիրիացի վարձկանների մասին. իրավիճակը նոյեմբերի 7-ի դրությամբ
Անցած օրվա ընթացքում կատաղի մարտերը շարունակվել են մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Արցախի Շուշի քաղաքի տարածքում: Սիրիական SOHR-ը հաստատել է ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների մասնակցությունը մարտերին:
- Հնարավոր կտտանքներ, վանդալիզմ․ Արցախ, մարտեր իրավիճակը՝ նոյեմբերի 6-ի դրությամբ
- Արցախ․ ադրբեջանական բանակը մոտեցել է Շուշի բերդաքաղաքին
Վերջին իրադարձությունների ամփոփում, 2020թ․ նոյեմբերի 7
Տեղեկատվություն Բաքվից
• Շարունակվել են մարտերը Աղդերինի, Աղդամի և Խոջավենդի ուղղություններով:
• Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը Ղարաբաղում Շուշի քաղաքը գնդակոծելու մասին:
• Հայ զինվորականները հրետանային և հրթիռային կրակ են վարել Թարթառի, Աղջաբադի և Աղդամի շրջանների գյուղերում:
• Ադրբեջանի նախագահը Թվիթերի իր էջում հաղորդել է, որ ևս 16 բնակավայր անցել է ադրբեջանական բանակի հսկողության տակ Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Գուբաթլիի, Զանգելանի, Խոջալուի, Խոջավենդի շրջաններում:
• 16-ամյա դեռահաս Շախմալի Աթրաֆօղլու Ռահիմովը զոհվել է Ադրբեջանի Բարդինյան շրջանի Ենի Այրիջա գյուղում այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերի կողմից արձակված արկը դիպել է այն տանը, որտեղ նա ապրում էր:
• Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի Գուբաթլի շրջանի տարածքից Հայաստանի Կապան քաղաքին մոտ գտնվող Դավիթ Բեկ գյուղի գնդակոծման մասին հաղորդագրությունը. «Դա սադրիչ ապատեղեկատվություն է: Ադրբեջանը ոչ մի ռազմական նպատակ չունի Հայաստանի տարածքի նկատմամբ»:
• «Հայ զինվորականները ողջ օրը Հայաստանի տարածքից ինտենսիվ գնդակոծում են բռնազավթումից ազատագրված Գուբաթլիի շրջանի գյուղերը և ադրբեջանական բանակի դիրքերը». Ադրբեջանի ՊՆ:
Տեղեկատվություն Երևանից
• Մարտերը շարունակվել են բոլոր ուղղություններով, առավել կատաղի՝ Շուշի — Քարինտակ հատվածում:
• Ողջ օրը գնդակոծվել է Շուշի քաղաքը: Երեկոյան հաղորդագրություններ տարածվեցին «Գռադ» և «Սմերչ» կայաններից Ստեփանակերտի գնդակոծման մասին:
• Լարված իրավիճակ է Մարտունու շրջանում, ողջ օրը ադրբեջանցի զինվորականները հրետակոծել և հրթիռակոծել են քաղաքը:
• Կամավորների և աշխարհազորայինների ջոկատները Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ միասին Բերձորի ուղղությամբ կարևոր բարձունք են գրավել:
• Հայաստանի և Արցախի օմբուդսմենների գրասենյակները հրապարակել են համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական օբյեկտների դեմ և անտառներում, բնակավայրերին շատ մոտ, մասնավորապես՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարինտակ գյուղերից մինչև 100 մետր հեռավորության վրա հրկիզող, քիմիական տարրեր պարունակող նյութերի օգտագործամն վերաբերյալ:
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել էր, որ ադրբեջանական զորքերի գործողությունների հետևանքով արդեն այրվել է ոչ պակաս, քան 1815 հա անտառային տարածք:
SOHR-ի հաղորդագրությունը Արցախում սիրիացի վարձկանների մասին
Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի (SOHR) կայքը հայտնում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռված ևս 12 վարձկանների մարմիններ են վերադարձվել հայրենիք:
Հաղորդվում է, որ Ղարաբաղում հակամարտության ողջ ընթացքում առնվազն 250 մարդ է զոհվել: Նրանցից 195-ի մարմիններն արդեն հասցվել են Սիրիա, իսկ առնվազն երեք սիրիացի վարձկաններ Ղարաբաղում գերության մեջ են:
Կայքի հաղորդագրության համաձայն՝ մինչև 2580 սիրիացի զինյալ է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի: Նրանցից 342-ը վերադարձել են Սիրիա, նրանք հրաժարվել են ռազմական գործողություններին մասնակցելուց և խոստացված վճարներից, գրում է SOHR-ը:
Հայաստանի նախագահը՝ Թուրքիայի և Ռուսաստանի դերի մասին բելգիական ամսագրին տված հարցազրույցում
«Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի», — ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բելգիական La Libre Belgique ամսագրին տված հարցազրույցում:
«Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի:
Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով:
Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից:
Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞:
Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք [Ադրբեջանում կռվող վարձկանները] չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա:
Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել»։
Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական և հայկական բանակները մարտեր են մղում ղարաբաղյան հակամարտության գոտում: Երկու կողմից էլ զոհվել են հազարավոր մարդիկ՝ զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում երեք անգամ հայտարարվել է հրադադար․ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին, բայց ամեն անգամ այն անմիջապես խախտվել է: