Սերը հաղթեց ատելությանը
Ի՞նչ կապ ունի Քլունին՝ «Ավրորա»-ի հետ
Երևանում «Ինձ փրկել է Ավրորա»-ի հերոսը» վերտառությամբ պաստառները այն քչերից էին, որ չէին պատռում, վրան չէին նկարում, բայց և անտարբեր չէին անցնում։ Քաղաքով մեկ փակցված ցուցանակները հասկանալի չէին միայն զբոսաշրջիկներին, նրանց էլ տեղացիները սիրով հուշում էին. «Ավրորա»-ն մրցանակաբաշխություն է, ու բոլորը տարված էին այդ կապակցությամբ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի առաջիկա այցով։ Նա Երևան էր ժամանելու հենց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկրին մրցանակը անձամբ հանձնելու համար։
«Ավրորա» մրցանակի մասին
«Ավրորա» մրցանակը հիմնվել է 100 LIVES համաշխարհային նախաձեռնության շրջանակներում, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է։ 1915-ին հայերին Օսմանյան Թուրքիայից տեղահանելու ժամանակ զոհվեց շուրջ 1,5 միլիոն մարդ ու սակավաթիվ հաջողակներ կարողացան փրկվել՝ խիզախների ու հումանիտար հաստատությունների օգնության շնորհիվ։
«Ավրորա» անվանումը պատահական չէ: Դա 1915 թվականի իրադարձությունները վերապրածներից մեկի անունն է: Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանին հաջողվել էր փրկվել, որից հետո նա գրել էր «Հոշոտված Հայաստան» գիրքը և նկարահանվել գլխավոր դերում իր գրքի հիման վրա նկարայանված ֆիլմում: Դրա ցուցադրության ողջ հասույթը (30 միլիոն դոլլար) ուղղվել է Մերձավոր Արևելքում գտնվող 60 հազար հայ որբերի կարիքներին:
101 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը Հայաստանում չեն մոռացել։ Աշխարհում հայերին ճանաչել են նաև ցեղասպանությունից մազապուրծ եղածների շնորհիվ, նրանց ժառանգորդները չեն մոռացել նախնիների հետ տեղի ունեցածը, իսկ ՀՀ իշխանությունները աշխարհից պահանջել են ճանաչել Մեծ եղեռնը, Թուրքիայից՝ չժխտել եղելությունը, որպեսզի ներկայիս թուրքական պետությունը չդառնա հանցակից Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճրագործության համար։
Ովքեր և ինչու հիմնադրեցին «Ավրորան»
Ռուբեն Վարդանյան
Լինելով մարդկության դեմ կատարված հանցագործության տուժող՝ Հայաստանը քարոզում է կանխել նոր ողբերգությունները նախորդների բացահայտման ու դատապարտման միջոցով։ Հենց այս գաղափարախոսությունն է դրվել100 LIVES նախաձեռնության հիմքում նրա հեղինակների՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից։
«Ավրորա» մրցանակի միջոցով նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից երախտագիտություն են հայտնում նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը փրկել են հայերին։ «Ավրորա»-ն, սակայն, չի սահմանափակվում հայաստանյան ողբերգությամբ, այն նպատակ ունի իրազեկել մարդկությանը աշխարհում տիրող վայրագությունների մասին ու պարգևատրել մարդկանց, ովքեր էական աշխատանք են տանում վերհանելով այդ խնդիրները։
«Ավրորայի» հավակնորդները և ընտրող հանձնաժողովը
«Ավրորա»-ի հավակնորդներին պիտի գնահատեր 9 հոգուց բաղկացած Ընտրող հանձնաժողովը։ Ընտրող հանձնաժողովի կազմում էին դերասան Ջորջ Քլունին, Նոբելյան դափնեկիր, «Էլի Վիզել մարդասիրության հիմնադրամի» նախագահ Էլի Վիզելը, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղակի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:
Նրանք պիտի ընտրեին
• Դոկտոր Թոմ Քաթինայի, ով մշտապես ռմբակոծության տակ գտնվող Սուդանի Նուբա լեռներում միակ բժիշկն է, պատասխանատու է 500.000 բնակչի առողջության համար,
• Սաիդա Ղուլամ Ֆաթիմայի, ով Պակիստանի աղյուսի գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդկանց, այդ թվում երեխաների է փրկել՝ իր դեմ կատարվող մահափորձների գնով,
• հոգևորական հայր Բեռնարի, ով ապաստան ու բժշկական օգնություն է ցուցաբերել Սելեկա դաշինքի ապստամբներին ու Հակաավտոմատավորների հակամարտության տուժածներին ու
• Մարգարիտ Բարանկիցի միջև, ով Բուրանդիում 30 000 երեխա է փրկել, բացել որբանոց նրանց համար։
Ում տրվեց «Ավրորա»-ն
«Սերը հաղթեց ատելությանը»․ այս խոսքերով Մարգարիտ Բարանկիցեն ստացավ «Ավրորա»-ի առաջին մրցանակը Ջորջ Քլունիի ձեռքից՝ նվիրվածության, խիզախության ու իր կատարած արարքի ազդեցության համար։
Բարանկիցեն (Marguerite Barankitse) հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից շուրջ 30.000 երեխաների փրկելու համար։
Ուղիղ մեկ տարի առաջ` ապրիլի 24-ին, նա փախել է Բուրունդիից՝ իր դեմ սկսած քաղաքական ճնշումների պատճառով: Հիմա նա վստահ է, որ մրցանակն իրեն օգնելու է վերջ դնել բռնությունների շղթային։
Մարդասիրական աշխատանքը շարունակելու համար «Ավրորա»-ի կողմից որպես մրցանակ նա ստանում է 100 000 դոլարի պարգև, որը կտրամադրի իր հետ աշխատող մարդկանց՝ կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու համար:
Նիրատվության շղթան շարունակելու համար Մարգարիտը կստանա շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կտրամադրի մարդասիրական աշխատանքով զբաղվող կազմակերպություններին։
«Ինձ համար այս մրցանակը նախ մի հնարավորություն է, որը հարցականի տակ կդնի Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը։ Սա կօգնի նրանց մտածել այն մասին, որ եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, դա սխալ է։ Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճի՞շտ են վարվում։ Ես ատելություն չունեմ ոչ Բուրունդիի նախագահի հանդեպ, որը սպանություններ է իրականացնում, ոչ մյուս հանցագործների։ Ես նրանց հանդեպ կարեկցանք եմ զգում»,- ընդգծեց մրցանակակիրը։
«Ավրորա»-ին ներկայացված չորս հավակնորդներից Ընտրող կազմը Մարգարիտ Բարանկիցեի քայլն էր, որ գնահատեց որպես վտանգավոր, հետևաբար բացառիկ ազդեցություն ու նշանակություն ունեցող:
Ինչպես արարողության ժամանակ հայտարարեց Ջորջ Քլունին «Ավրորա»-ի հավակնորդներից և ոչ մեկը հերոսական դպրոցներում չի սովորել․ նրանք տեսել են իրենց օգնության կարիքն ու արձագանքել դրան։
«Այսօր մենք պատվում են նրանց, ավելին` դրանով նաև պատվում ենք այն 101 տարի առաջ կորած 1.5 միլիոն կյանքերը: Պատվում ենք ողբերգությունը իր անվամբ կոչելով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ Հիտլերը մի անգամ ասաց՝ բայց ո՞վ է այսօր հիշում հայերին: Ամբողջ աշխարհը` ահա թե ով: Սա է պատասխանը»,- ասաց դերասանը։
Քլունին շեշտեց, որ հաջորդ հանցագործությունները մարդկության դեմ պիտի կանխվեն։ «Հայ ժողովրդի հետ դա տեղի ունեցավ 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք, որ ամեն ինչ կրկնվում է աշխարհի տարբեր վայրերում․ Գերմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա։ Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսևորումներում ինչի է ունակ: Բայց ես ուրիշ բան էլ եմ տեսել, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն և բարություն, սիրո անհավատալի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»,- ասաց հոլիվուդյանը դերասանը։
Մրցանակակիր Բարանկիցն էլ խոստովանեց, որ ինքն ունի մեկ երազանք՝ իր որբանոցի երեխաներին ուղարկել աշխարհով մեկ՝ քարոզելու «այլևս երբեք»։ «Եթե ես կարողանամ երեխաներիս ուղարկել երկրներով մեկ, որ տեսնեն՝ ինչ է կատարվում աշխարհում, գուցե կարողանան կանխել հաջորդ ցավը, որոհետև քիչ է, երբ մենք միայն ասում ենք՝ այլևս երբեք․ ցեղասպանությունները կրկնվում են, հանցագործությունները չեն դադարում»,- ասաց Մարգարիտը։
Լուսանկարները՝ auroraprizemedia.com կայքից
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 29.04.2016