Սահմանազատումը կշարունակվի Տավուշի մարզում․ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են
Սահմանազատումը կշարունակվի Տավուշի մարզում
Երևանն ու Բաքուն համաձայնություն են ձեռք բերել սահմանազատման աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից սկսելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու՝ դեռ հստակ չէ։ Նախորդ տարվա գարնանը Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատում էր արվել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1976 թ․-ի քարտեզների հիման վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն, հստակեցրել էր՝ դրանք վերաբերելի են միայն Տավուշի մարզին։
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է Տավուշի մարզում, հաշվի առնելով այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանի երկարությունը՝ կարող է տևել բավականին երկար՝ տարիներ։
«Այն տարածքները, որ Ադրբեջանը գրավել է 2021-22 թվականներին՝ Վարդենիս, Ջերմուկ և այլ հատվածներում, մնում են ապագային, ապագա գործընթացին, այսինքն՝ Ադրբեջանը թողնում է որոշակի ժամանակային հատված՝ այդ հարցերի շուրջ բանակցելու, Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար»,- ընդգծում է քաղաքագետը։
Ի՞նչ է հաղորդվել Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպման մասին
Հունվարի 16-ի երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 11-րդ հանդիպումը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ովքեր գլխավորում են հանձնաժողովները, ձեռք են բերել պայմանավորվածություն սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ․
«Համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ»։
Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը:
Մինչ այս արվել էր «պիլոտային» սահմանազատում
2024 թ․-ին սահմանազատվել էր հայ-ադրբեջանական սահմանի 12,6 կմ-անոց հատված Տավուշ-Ղազախ հատվածում։
Արդյունքում Բաքվի վերահսկողության տակ էին անցել նախկին ադրբեջանական չորս գյուղեր։ Սահմանազատված հատվածում տեղադրվել են 43 սյուներ, այդ հատվածների պահպանությունը Զինված ուժերը փոխանցել են սահմանապահ ծառայությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընթացը բնորոշել էր որպես «պիլոտային» սահմանազատում։ Դրանից ամիսներ անց միայն՝ օգոստոսի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերին այն վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը, Ադրբեջանը կանոնակարգը հաստատեց իր օրենսդրության համաձայն՝ նախագահ Ալիևի հրամանագրով։
Սահմանազատման կանոնակարգում քարտեզ մատնանշված չէ
Առայժմ հայտնի չէ՝ որ թվականի քարտեզներով կշարունակվի սահմանազատման գործընթացը։ Հանձնաժողովների գործունեության կանոնակարգի համաձայն՝ պետք է օգտագործվեն բոլոր վերաբերելի քարտեզները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պարզաբանմամբ՝ դրանք պետք է լինեն «տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ, կազմված մարմնի կողմից, որը ունեցել է նման լիազորություն և հիմք է ընդունել այն իրավական փաստաթղթերը, որոնք այն ժամանակ իմպերատիվ են եղել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։
Ավելի վաղ Գրիգորյանը հայտնել էր՝ ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ 1974-78 թթ․-ի քարտեզները միակը չեն, որ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում:
«Միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Կարծում եմ՝ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»,- շեշտել էր նա։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ նկարագրված հյուսիսից հարավ ուղղությունն ընդգրկում է հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ-անոց սահմանի շուրջ 700 կմ-ը։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ սահմանազատումը կշարունակվի Տավուշի մարզից, որտեղ «Հայաստանը տարածքային կորուստներ ունի դեռևս 1990-ականներից»․
«Եթե շարունակվի այս գործընթացը, Հայաստանին են վերադառնալու, օրինակ՝ Բարեկամավան գյուղի, Կոթի, Պառավաքար, Վազաշեն գյուղերի հատվածները։ Դրանք բավականին խոշոր տարածքներ են»:
Ասում է՝ Տավուշի հատվածում սահմանազատումը գուցե տարիներ տևի․ այնտեղ խնդիրները բազմաթիվ են, մասնավորապես՝ ենթակառուցվածքների մասով։ Կարծում է՝ առաջ կգան նաև տարածքային փոփոխությունների հետ կապված հարցեր, բայց դրանք հնարավոր է լուծել։
«Այսինքն՝ այնտեղ, որտեղ հայկական գյուղերն ունեն տրանսպորտային, կոմունիկացիոն այլ խնդիրներ, հողատարածքներ, այդ տարածքները մնան հայկական գյուղերին, որտեղ ադրբեջանական գյուղերն ունեն, մնան ադրբեջանական գյուղերին»,- պարզաբանել է նա։
Մելիքսեթյանի փոխանցմամբ՝ հայ-վրացա-ադրբեջանական միակ հատման կետը Պապաքար բարձունքն է, որտեղից էլ մեկնարկելու է սահմանազատումը։ Շեշտում է՝ այս հատվածում գործընթացին ներգրավված պետք է լինի նաև Թբիլիսին։ Սա ենթադրում է, որ սահմանազատումից հետո պետք է կնքվի եռակողմ պայմանագիր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:
Քաղաքագետի գնահատմամբ՝ սահմանի այդ հատվածում Ադրբեջանը դիրքավորվել է նաև Վրաստանի տարածքում։
«Իրենք [Ադրբեջանը] այդտեղ խախտել էին Վրաստանի տարածքը և դիրքեր էին կառուցել, հետևաբար սա լավ լուր է նաև Վրաստանի ու հետագա հայ-վրացական սահմանազատման համար։ Կարելի է նույն ուղղությամբ շարունակել, այսինքն՝ Ադրբեջանի հետ՝ դեպի հարավ, Վրաստանի հետ՝ դեպի արևմուտք»,- ամփոփել է Մելիքսեթյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սահմանազատումը կշարունակվի Տավուշի մարզում