«Նման սահմանազատումն Ադրբեջանի հետ արկածախնդրություն է»․ հայ քաղաքագետ
Սահմանազատում Տավուշում
Որևէ փաստաթուղթ ունենալուց առաջ սահմանազատում և սահմանագծում ձեռնարկելն արկածախնդրություն է։ Անդրադառնալով Տավուշի մարզում մեկնարկած սահմանազատման աշխատանքներին՝ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
«Եթե մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում ռուս-ադրբեջանական կոմբինացիա է խաղարկվում, անգամ թղթերը ոչինչ չեն լուծում։ Դուք ո՞նց եք թուղթ չունենալով հանդերձ գնում սահմազատման և սահմանագծման»,- նշել է նա։
ՀՀ իշխանություններին հարցնում է՝ «ձեզ որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը չի հարձակվելու»։ Միևնույն ժամանակ նկատում է՝ որևէ ինքնիշխան սուբյեկտ պատերազմի վախերով չէ, որ պետք է զիջումների գնա, այլ անհնարինությունից ելնելով։ Հայաստանն, ըստ նրա, նման իրավիճակում չէ։
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (Ադրբեջան), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (Ադրբեջան) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածները ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու շուրջ:
Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբար բնակավայրերի բնակիչներն ի նշան բողոքի փակ են պահում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Որոշումը համարում են «միակողմանի զիջում» և բարձրաձայնում անվտանգային ռիսկերի մասին։ Այս հատվածներում, սակայն, արդեն իսկ ընթանում են ականազերծման և սահմանազատման/սահմնագծման աշխատանքներ։ Ապրիլի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է «առաջին սահմանային սյունը»։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է իր հույսերով, իսկ «հույսը քաղաքական կատեգորիա չէ»։
Մինչ գործընթացը սկսելը վարչապետը՝ խորհրդարանում ելույթ ունենալով, հարցեր էր տվել ինքն իրեն․ «Արդյո՞ք սահմանազատումը Տավուշից սկսելը երաշխավորում է անվտանգություն, նոր հարձակման բացառում կամ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների վերադարձ ՀՀ-ին»։ Եվ հայտարարել էր, որ նշված կետերից ոչ մեկը չի երաշխավորվում, սակայն այս հատվածում սահմանազատման իրականացումից հրաժարվելը պարունակում է «բացասական երաշխիքներ»․
• անվտանգային սպառնալիքները շարունակաբար կմեծանան,
• նոր հարձակումներ կլինեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա,
• Ադրբեջանը չի վերադարձնի Հայաստանի կենսական նշանակության տարածքները։
Հետևավար, այս «բացասական երաշխիքները» պետք է չեզոքացնել՝ գնալով այս հատվածում սահմանազատման, ասել էր Փաշինյանը։ Այս ելույթը փորձագիտական հանրույթը համարում է «հույսերի արտահայտում»։
Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ հույսի փոխարեն երկրի ղեկավարը պետք է ունենար «խորը երաշխիքներով ամրացված գիտելիք, իմացություն»։ Սահմանազատման գործընթացն էլ պետք է մեկնարկեին՝ հիմնվելով փաստաթղթի, ոչ թե հույսերի վրա։
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ծավալեին ոչ թե սահմազատման և սահմանագծման, այլ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ»,- Factor TV-ի եթերում հայտարարել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ մինչ այս գործընթացը սկսելը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր։ Եվ այն պետք է ներառեր հետևյալ 5 կետերը՝
- ուժի չկիրառում,
- ՀՀ և Ադրբեջանի հանձնառություն տարածաշրջանում խաղաղության իրողությունների հաստատման վերաբերյալ,
- երկու երկրների քաղհասարակությունների նախապատրաստում խաղաղության ժամանակաշրջանին,
- ամբողջ պետական սահմանով, շփման գծով մեկ զինված ուժերի հետքաշում և այդ տարածքներում սահմանապահ ուժերի տեղակայում,
- ռազմավարական քարտեզ, ըստ որի՝ կմեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սահմանազատման հանձնաժողովները որևէ կոնկրետ քարտեզի շուրջ համաձայնության չեն եկել, միայն հղում են արել Ալմա-Աթայի հռչակագրի վրա
«Ալմա-Աթան չի ֆիքսում որևէ քարտեզ, ֆիքսում է 1991 թ․-ի իրողությունները։ Իսկ ի՞նչ իրողություններ կային ՀՀ և Ադրբեջանի շփման գծում, անկլավներ կայի՞ն»։
Միևնույն ժամանակ Սիմոնյանը նկատել է՝ ՀՀ վարչապետի «երևակայության արդյունք է» այն, թե Բաքուն համաձայնել է որպես սահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցրել է հանձնաժողովների հայտարարության վիճահարույց կետը։
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով, սակայն եթե հետագայում՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի դրույթները կհամապատասխանեցվեն համաձայնագրով սահմանված սկզբունքներին:
Քաղաքագետի կարծիքով՝ հստակ քարտեզ ֆիքսելուց հետո պետք է բացվեին դիվանագիտական առաքելություններ, հաստատվեին երկկողմ հարաբերություններ, նոր միայն մեկնարկեին սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։ Շեշտում է՝ ներկայումս գործ ունենք «գետնի վրա առաջնագծի փշրման ակտի», «ռազմաճակատի ճեղքման» հետ․
«Որևէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը երաշխիք չտվեց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո Ադրբեջանը կվերադարձնի իր կողմից օկուպացված ՀՀ տարածքները և ձեռնպահ կմնա ռազմական բիրտ ուժ գործադրելուց»։
Սիմոնյանն ասում է՝ Ալիևը չի նահանջելու, Ադրբեջանը դուրս չի գալու որևէ տարածքից։
«Փաշինյանը ուղղակի մոլորության մեջ է, եթե կարծում է՝ ինչ-որ մի տեղ պայմանավորվածության գալով՝ Ադրբեջանին ստիպելու է Սոթքից, Ջերմուկից նահանջնել։ Միայն ՀՀ Զինված ուժերը կարող են դա անել, բայց որևէ ռացիոնալ և տրամաբանական բարեփոխումների ծրագիր մենք չենք տեսնում»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընթացող սահմանազատման գործընթացը կարող է միջանցքային տրամաբանության հիմք դառնալ․
«Ջարդելու են, փշրելու են 30-ամյա կահավորված դիրքերը ոչ թե ռազմական ուժով, այլ Փաշինյանի ստորագրությամբ։ Այնուհետև փորձելու են ՀՀ-ին սեղմել Սյունիքում։ Տավուշից հետո ցատկ են կատարելու «Զանգեզուրյան միջանցքի» վրա»։
Սիմոնյանը նկատում է՝ Բաքվի «պլան մաքսիմումը» հայկական պետականության լիկվիդացիան էր։ Հիմա համակերպվել են, որ այն գոյություն է ունենալու, բայց ուզում են ստանալ «անվասայլակի, մահճակալի վրա գտնվող և կաթիլայինով սնվող Հայաստան»։
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունից հետո տարբեր երկրներից հնչած ողջույնի խոսքերին՝ նկատել է․
«Նրանք կողջունեին ցանկացած այլ գործընթաց, որը երկուստեք ընդունելի կլիներ՝ անկախ նրանից, որ կողմերից մեկի համար դա կատաստրոֆիկ ծանր հետևանքներ կարող է ունենալ»։
Փաշինյանն, ըստ նրա, ստեղծված իրավիճակում ունի մեկ հնարավորություն՝ առկախել հարցը, ԱԺ-ի կողմից որևէ փաստաթուղթ չվավերացնել։
Հայաստանի Տավուշի մարզին հարակից 4 ոչ անկլավային գյուղերն, ըստ նրա, «ադրբեջանական չեն, այլ վիճելի տարածքնդր են», ուստի Ադրբեջանը լեգիտիմ իրավունք չուներ՝ հարձակվելու, ռազմական գործողություններ սկսելու։
«Այդ գյուղերը կհամարվեին ադրբեջանական, եթե քարտեզը հայտնի լիներ, օրինակ՝ 1975 թվականի քարտեզ»,- նշել է նա։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ հիշատակվող գյուղերը եղել են Հայաստանի առաջին հանրապետության կազմում, 1932-36 թթ․՝ Խորհրդային Հայաստանի կազմում, և միայն դրանից հետո՝ «սահմանային խեղաթյուրումների արդյունքում են անցել Ադրբեջանին՝ մինչև 1988 թ․-ը»։
Երևանի և Բաքվի այս պայմանավորվածությունն, ըստ նրա, ոչ թե կնվազեցնի, այլ կմեծացնի ռիսկերը, քանի որ առանց խաղաղության հիմքերի, առանց քարտեզի շուրջ պայմանավորվածության առաջնագիծ է քանդվում։
Վարչապետի աշխատակազմի պարզաբանմամբ՝ ՀՀ-ն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում․ «Հայաստանը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սահմանազատում Տավուշում