«Ռուսաստանում իշխանափոխությունն անխուսափելի է»․ մեկնաբանություն Բաքվից
Այսօր յոթերորդ օրն է, ինչ Ռուսաստանը զորքերը մտցրել է Ուկրաինա։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում են Ուկրաինայից ստացվող նորությունները։
- Պատերազմ Ուկրաինայում։ Ո՞ւմ կողմից է Ադրբեջանը
- Ինչպե՞ս են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդում Վրաստանի վրա
- Ի՞նչ կկորցնի և ի՞նչ կստանա Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում
JAMnews-ը հավաքել է Ադրբեջանի փորձագետների կարծիքները, որոնք սոցցանցերի իրենց էջերում գրառումներ են անում ուկրաինական հակամարտության հնարավոր արդյունքների մասին։
«Ռուսաստանում իշխանափոխությունն անխուսափելի է»
«Եկել է այն օրը, երբ կարելի է ասել, որ Ուկրաինային վերաբերող գլխավոր իրադարձությունները կատարվում են դրանից դուրս։
Այո, մարտերը շարունակվում են, արդյունքն ակնհայտ է․ կամ դրանք շարունակվելու են նվազող ինտենսիվությամբ, կամ հրադադար է հաստատվելու․․․
Գլխավոր և վճռորոշ իրադարձությունները տեղի են ունենում տնտեսական ոլորտում, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի համատարած տնտեսական մեկուսացման գործընթացում։ Այդ ամենի արդյունքը շուտով լինելու է խորը տնտեսական ճգնաժամն, այդ թվում՝ բնակչությանը պարենով ապահովելու խնդիրը։
Հետևաբար՝ իշխանափոխությունն անխուսափելի է։ Այն տեղի է ունենալու քաղաքական խորը ճգնաժամի և իշխանական կառույցների ֆրագմենտավորման պայմաններում։
Այդ ընթացքում Ռուսաստանի շուրջ ստեղծված ազդեցության համակարգը կամ արտակարգ ռեժիմով, կամ տարերայնորեն ապամոնտաժվելու է, կամ տարհանվելու։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա խոսքը, նախևառաջ, գնում է Հայաստանում և խաղաղապահ ուժերի ազդեցության գոտում ռուսական ռազմական ենթակառուցվածքների մասին։
Վստահ եմ, որ շատ շուտով այս թեմաները մեզ համար արդիական են դառնալու», — գրում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
«Ուկրաինան օկուպացնելն անհնար է»
«Եթե քարտեզին նայենք առանց հույզերի, տրամաբանությամբ, վստահաբար կարելի է ասել, որ Ուկրաինան դասական իմասով օկուպացնելն անհնար է։ Անգամ երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստները չկարողացան ամբողջությամբ գրավել Ուկրաինան, եղան շրջաններ, ուր գերմանացիներն այդպես էլ չհասան։
Երկրորդ աշխարհամարտից հետո դաժան Ստալինն էլ իր ՆԳԺԿ-ով մինչև 1950-ականների կեսերը չկարողացավ ամբողջությամբ վերահսկողության տակ առնել Ուկրաինան։
Իսկ այժմ Ուկրաինան օկուպացնելը, այն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելն ընդհանրապես անհնար է․ անգամ երկրի «ամենառուսախոս» շրջաններում անզեն ժողովուրդն ատելությամբ է դիմավորում ռուս օկուպանտներին, նրանց դեմ է դուրս գալիս։
Եթե անգամ, աստված չանի, ռուսներն օկուպացնեն Կիևը, դա բնավ չի նշանակում պարտություն պատերազմում, դրա ավարտ։ Արևմտյան Ուկրաինան դեռևս ամբողջությամբ ներգրավված չէ պատերազմի մեջ, հետևաբար՝ Ռուսաստանը երբեք չի կարող հասնել առավելագույն նպատակներին, որ իր առջև դրել է։
Սակայն պետք է ասեմ, որ Ուկրաինան էլ չի կարող հաղթել այս բառի դասական իմաստով։ Այսպիսի փակուղային իրավիճակ է ստեղծվում։ Իսկ սա նշանակում է, որ կենսականորեն կարևոր է հող գտնել փոխադարձ զիջումների համար», — կարծիք է հայտնել «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
«Բոլորին է հայտնի, թե ինչով է ավարտվելու պատերազմը մի ամբողջ ժողովրդի դեմ»
«Ռազմական տեսակետից Բելառուսի բանակ կոչված խմբավորման մասնակցությունն ուկրաինայի օկուպացիայի գործում, ոչ մի իմաստ չունի։
Դա ավելի շատ նման է ֆիլմերի «մասովկայի»։ Ռուսական զորքերի հրամանատարությունը, որը պատերազմում արդեն ներգրավել է ավելի վաղ Ուկրաինայի սամանին կուտակած զորքերի մեծ մասը, նոր ստորաբաժանումների կարիք ունի, որոնք դեռ չեն տուժել կորուստներից։
Սակայն ագրոառաջնորդի ռազմական հնարավորությունները մեծ կասկածներ են առաջացնում, մի բան է հայտնի, որ նրանք այդ առումով շատ են զիջում ռուսական բանակին։ Այլ կերպ ասած՝ ոչ ոք չի զարմանա, եթե առաջին իսկ մարտում ուկրաինական բանակը ոչնչացնի Բելառուսի բանակը։ Չեռնիգովի ուղղությամբ ուկրաինական ուժերը հաջողությամբ կասեցնում են Ռուսաստանի անհամար ռազմական տեխնիկայի առաջխաղացումը։
Պատերազմը ձգձգվում է, և պուտինյան ռեժմն էլ ավելի ագրեսիվ է դառնում։
Առաջին օրերին Ռուսաստանը ձգտում էր համեմատաբար «կոկիկ» պատերազմ վարել։ Սակայն իրավիճակը «ռուսախոս» Խարկովում ցույց է տալիս, որ բունկերի բնակիչը մի կողմ է թողել իր բոլոր ճշգրիտ հաշվարներն ու որոշել է արդյունքի հասնել ամեն գնով։
Դրա պատճառներից մեկն այն պատկերներն են, որոնք ողջ աշխարհը տեսնում է արդեն օկուպացված Կուպյանսկից և Բերդյանսկից։ Տեղի բնակիչները երգում են Ուկրաինայի ազգային օրհներգը հրապարակներում, կենդանի պատ կազմում ռուսական տանկերի առջև։ Այս ամենը խախտում է ռուս ֆյուրերի հոգեկան հավասարակշռությունը։
Ինչպես տեսնում ենք, «մեծն ստրատեգ» Պոտինը կարողացել է Ռուսաստանի նկատմամբ ատելություն առաջացնել անգամ Ուկրաինայի արևելքում։ Դա քիչ չէ։ Ստեպան Բանդերայի հոգին բավարարված է։
Պատերազմն արդեն ստացել է ուկրաինացի ժողովրդի դեմ բաց ագրեսիայի տեսք։ Սակայն քաղաքների ֆիզիկական օկուպացիան այս դեպքում վճռորոշ նշանակություն չունի։ Բոլորին է հայտնի, թե ինչով է ավարտվում պատերազմը մի աբողջ ժողովրդի դեմ», — գրել է քաղաքագետ Շահին Ջաֆարլին։
«Բանակցություններից արդյունքի սպասել չարժե»
«Մի խումբ ռուս օլիգարխներ և գործարարներ հայտարարել են, որ չեն հասկանում իրենց դեմ սահմանված պատժամիջոցները։ Օրինակ՝ «Սեվերստալ» խոշոր ռուսական ընկերությունը տարեկան շուրջ չորս միլիոն դոլարի մետաղ էր արտահանում ԵՄ երկրներ։ Եվրամիությունն այդ ընկերությունն ու դրա ղեկավար Ալեքսեյ Մորդաշովին ներառել է պատժամիջոցային ցանկում։
Ընկերությունը դժվար կացության մեջ է հայտնվել, շտապ նոր շուկաներ է փորձում գտնել, հույսն Ասիան է։ Սակայն շատ խնդրահարույց է կարճ ժամկետներում հսկայական քանակությամբ մետաղը տեղափոխել այլ շուկաներ։ Կատարվածից գլուխը կորցրած Մորդաշովը նշել է, որ ողջ կյանքը բիզնեսով է զբաղվում, քաղաքականությամբ չի հետաքրքրվել և չի հասկանում իր դեմ կիրառված պատժամիջոցները։ Սակայն սրանք միայն արդարացումներ են։ Նրա եկամուտների մի մասը մտնում է Ռուսաստանի պետբյուջե, և հենց այդ միջոցները ներկա պահին օգտագործվում են Ուկրաիայի օկուպացիայի համար կիրառվող ռազմական տեխնիկայի գնման համար։
Դժգոհ է նաև Կրեմլի հիմնական մեդիախոսափող Սոլովյովը։ Նա տարակուսում է, թե ինչու են իր դեմ պատժամիջոցներ սահմանել, և ինչու նա չի կարող Եվրոպա մեկնել։ Թեև այդ մարդը տարիներ շարունակ իր հեռուստա- և ռադիոհաղորդումներում նվաստացնում է ւկրաինային, սատարում անջատողականությունն, ինչպես Կրեմլի իր տերը, պնդում, թե Ուկրաինա պետություն գոյություն չունի։ Իսկ հիմա ուզում է անմասն մնալ։ Պատճառը հայտնի է։ Սոլովյովը թանկարժեք անշարժ գույք ունի Իտալիայում, հաշիվներ եվրոպական բանկերում։ Վախենում է կորցնել դրանք։
Իսկ Կրեմլը, մի կողմից, մասնակցում է Կիևի հետ բանակցություններին, մյուս կողմից՝ շարունակում օկուպացիան։ Սակայն այս պայմաններում բանակցություններից արդյունք սպասել չարժե։ Կրեմլը պետք է հրադադար հայտարարեր գոնե բանակցությունների փուլում։ Այն, ինչ մենք տեսնում ենք, հակասում է բանակցությունների փիլիսոփայությանը։
Կրեմլի ինչի՞ն է դա։ Պուտինը, բանակցությունները շարունակելով, բայց չդադարելով օկուպացիան, ուզում է բանակցելու պատրաստակամություն ցուցադրել։ Ընդ որում, նա Ուկրաինայից պահանջում է զենքը վայր դնել, Ղրիմը ճանաչել որպես ռուսական և չեզոք կարգավիճակ ընդունել։ Ո՞վ դրան կհամաձայնի։
Սակայն անգամ Չինաստանն է անհանգստացած ուկրաինական դեպքերից։ Ինչ լավ դաշնակից էլ լինի Ռուսաստանի համար, Պեկինը չի ցանկանում, որ իրավիճակը Եվրոպայում ապակայունացվի։ Քանի որ այն իր արտահանման ամենամեծ շուկաներից է։ Աշխարհամասի կենտրոնում ընացող պատերազմը հակասում է Չինաստանի շահերին։
Բացի այդ, Չինաստանը շատ լավ տնտեսական կապեր ունի Ուկրաինայի հետ։ Մոսկվայի գործողությունները սպառնում են Ուկաինայից գյուղատնտեսական արտադրանք ներմուծելու Պեկինի պլաններին։ Չնայած դրան՝ Պեկինը դեռևս չի ուզում Մոսկվային խանգարել և պարզապես կողքից հետևում է իրադարձություններին», — նշել է քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։