«Չզայրացնել Մոսկվային». Հայաստանի փոքր քայլերի քաղաքականության մասին
Ռուսաստանի հետ հարաբերություններ
Փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը փոքր ինչ անհասկանալի է մնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Թվում է, թե արտաքին դերակատարներն ավելի հստակ դիրքավորում են ակնկալում երկրի ղեկավարությունից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է զգուշավորությունը՝ չնայած Ռուսաստանի հասցեին պարբերաբար հնչող կոշտ հայտարարություններին։
Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու, ռուսական ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու վերաբերյալ վճռական քայլերի բացակայությունը որոշ հայ փորձագետներ սպասողական մարտավարություն են որակում։ Նրանք այս դադարը բացատրում են Հայաստանի իշխանությունների՝ նոր, փոփոխվող աշխարհակարգում պահանջված մնալու ցանկությամբ։ Բայց նաև կա կարծիք, որ Մոսկվային զայրացնելը նպատակահարմար չէ, ինչով էլ պայմանավորված է Փաշինյանի թիմի «փոքր քայլերի» քաղաքականությունը։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի և վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունները այս հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում․ ի՞նչ սպասել
- «Չկան երաշխիքներ, որ Բաքուն նորից չի հարձակվի»․ կարծիք
- «Փափուկ ուժ»․ Չինաստանի ազդեցության ոլորտները ՀՀ-ում։ Վերլուծություն
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Սպասողական կեցվածք
«Այնպիսի տպավորություն է, թե բոլորը սպասում են ինչ-որ իրադարձության, որը էապես կփոխի իրավիճակը Ռուսաստանում։
ԱՄՆ Կոնգրեսը նույնպես սպասողական կեցվածք ընդունեց։ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, ասել է, որ մեկ ամսից պատրաստ կլինի նշել այն պատճառները, որոնք Ռուսաստանի ղեկավարությանը դրդել են սպանել Նավալնիին։
Կարծես թե ինչ-որ մեծ իրադարձություն է հասունանում, որը կարող է էապես փոխել իրադրությունը։ Եվ սա ազդում է Հայաստանի ներկայիս քաղաքականության վրա։
Մասնավորապես, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նման փոփոխությունների դեպքում պահպանել դրանք հաղթահարելու, իշխանությունը պահպանելու և նոր իրավիճակում պահանջված մնալու հնարավորությունը։
Իշխանությունները սպասում են այն պահին, երբ ուրիշներն իրենց փոխարեն որոշումներ կկայացնեն, իրենք էլ կարող ուժ կձևանան ու կտեղավորվեն նոր համակարգում»։
Ոչինչ չի կարելի բացառել
«Այս պահին իրականում ոչինչ չի կատարվում: Հայաստանը դե յուրե չդադարեցրեց իր մասնակցությունը ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքին։ Այս հարցով որոշումներ չկան, բայց այդ մասին խոսվում է այնպես, կարծես արդեն իսկ նման որոշում է կայացվել։
Հայաստանի վարչապետը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) գործնականում, ըստ էության, սառեցված է»։
Էական փոփոխություններ են ակնկալում բոլորը, ոչ միայն Հայաստանի իշխանությունները։ Թե կոնկրետ ինչի են սպասում, դժվար է ասել, բայց բոլորը սպասողական իրավիճակում են։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնիսկ 3 ամիս ժամկետ է նշել, որը, ըստ նրա, արմատապես կփոխի իրավիճակը ուկրաինական ճակատում։ Բնականաբար, նա նկատի ունի հօգուտ Ուկրաինայի։ Օդում ինչ-որ փոփոխությունների սպասման որոշակի տարր կա։
Եթե Ռուսաստանի դիրքերը փոփոխվեն, ապա, համապատասխանաբար, մեծ փոփոխությունների կենթարկվի նաև Մոսկվայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Ոչինչ չի կարելի բացառել։ Ոչ ոք, օրինակ, չէր կարող կանխատեսել ԽՍՀՄ-ի փլուզումը»։
Հովսեփ Խուրշուդյան, վերլուծաբան
Փոքր, բայց վճռական քայլեր
«Չէի ասի, որ Հայաստանի իշխանությունները վճռական քայլերի չեն գնում։ Հիմա, օրինակ, ընթանում է անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցության խորացման գործընթաց։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում կարճ ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանից ԱԴԾ սահմանապահներին հեռացնելու ուղղությամբ։ Նրանք այնտեղ ոչ օրինական հիմքերով են գտնվում։ Որպեսզի ԱԴԾ-ն ներկա լինի օդանավակայանում, անհրաժեշտ է օրենսդրական որոշում։ Այն չկա։ Ռուս սահմանապահներն այնտեղ են միայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հրամանով։ Նրանց ներկայությունն այնտեղ անօրինական է։
Սրանք դեռ փոքր քայլեր են, բայց կուրսը ճիշտ է ընտրված»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի ուշագրավ հայտարարությունները
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն վերջերս կարևոր հայտարարություն արեց այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Նա նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան իրեն չի սահմանափակի կարճ, միջին և մեծ հեռահարության հրթիռների մատակարարման հարցում։
Ընթանում է երկու պաշտպանական համակարգերի ինստիտուցիոնալ միավորման և ներդաշնակեցման գործընթաց։ Մեր բանակը դեռևս գտնվում է խորհրդային մեթոդների և մարտավարության շրջանակում։ Կառուցվածքը նույնպես դեռ խորհրդային է։ Այս ամենը պետք է փոխվի ինստիտուցիոնալ կերպով, որպեսզի արդյունավետ լինի փոխգործակցությունը նույն ֆրանսիական բանակի, ֆրանսիական պաշտպանական համակարգի և ռազմարդյունաբերության հետ։
Նախարարը ուշագրավ հայտարարություն արեց նաև տեխնոլոգիաների վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ Ֆրանսիան այն երկիրն է, որն ամբողջությամբ արտադրում է իր զենքն ու զարգացնում տեխնոլոգիաները։ Ֆրանսիան կարող է աջակցել Հայաստանին նաև տեխնոլոգիաների մասով։
Հայաստանն ի վիճակի է կառավարել ռիսկերը, որպեսզի արևմտյան զենքն ու տեխնոլոգիաները չհայտնվեն օտար ձեռքերում, մասնավորապես՝ Ռուսաստանի։ Դրանում վստահություն է ներշնչում նաև մեր բանակում Ֆրանսիայի ներկայացուցիչների ներկայությունը, որոնք վերահսկում են ինստիտուցիոնալ բարեփոխումները և համագործակցում հայկական ռազմարդյունաբերության ձեռնարկությունների հետ»։
Հրաժարվել «տրոյական ձիու» ծառայություններից
«Հայաստանում Ռուսաստանի ներկայության ընդլայնումը տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմից հետո։ Հիմա այդ ներկայությունը նվազեցնելու միտում ու ցանկություն կա։
«Զվարթնոց» օդանավակայանից ԱԴԾ-ի դուրսբերումից հետո հաջորդ քայլը կլինի ռուսական մոբիլ ստորաբաժանումների դուրսբերումը Ադրբեջանի հետ սահմանից, հայ-իրանական սահմանից, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանից։ Համոզված եմ, որ հայ հասարակությունը կպահանջի նաև դուրս բերել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։ Այն իսկապես անիմաստ է ու անօգուտ։
Կոնկրետ ռուսական բազայի դուրսբերման հարցով սոցհարցումներ չեն անցկացվել, սակայն այլ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանին թշնամի է համարում։ Եվ սա բավարար պատճառ է՝ հրաժարվելու տրոյական ձիու ծառայություններից, որի ռազմական ներկայությունը քո տարածքում, բնականաբար, ուղղված է քո դեմ»։
Ոչ դաշինքային կարգավիճակ
«Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում է, սակայն երկրի իշխանությունները դժվար թե հիմա այդ մասին հայտարարեն։ Առավելագույնը, այսօրվա համար նրանք կգնան ոչ դաշինքային, ոչ բլոկային կարգավիճակի։ Որպես անցումային շրջան՝ սա ընդունելի եմ համարում։
Այսօր ՆԱՏՕ-ի մասին հայտարարելը չափազանց համարձակ կլիներ Հայաստանի համար և, միգուցե, ոչ ճիշտ։ Իմաստ չունի Ռուսաստանին զայրացնել, մանավանդ, որ անմիջապես ՆԱՏՕ չես մտնի, պետք է երկար ճանապարհ անցնել։
Եվ երբ մենք համապատասխանենք չափանիշներին, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն մեզ կընդունի։ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, ուստի անհրաժեշտ են բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություններ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանի հետ հարաբերություններ