«Ռուսաստանը դուրս է մղել արևմտյան երկրները Հարավային Կովկասից»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ
Հարավային Կովկասում Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության, այն մասին, թե ինչպես են անցկացվել Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն Արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև երկրորդ պատերազմը, հայկական և ադրբեջանական կողմերի պահանջների և միջնորդների առաջարկների մասին։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ (2010-2013 թթ․), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յան Քելլիի կարծիքը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը տեղծվել է 1992 թ-ին։ Այն միավորում է ԵԱՀԿ անդամ երկրների, մինչև 2020 թ-ի պատերազմի մեկնարկը զբաղվում էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Մինսկի խմբի կազմում են Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Բելառուսը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։ Համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հայկական կողմը հակված է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին։ Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ հակամարտությունը լուծվել է 2020 թ-ի պատերազմի արդյունքում։
Հատվածներ Յան Քելլիի՝ հայկական «Ինֆոքոմ» պարբերականին տված հարցազրույցից։
- «Հնարավոր է՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի այս տարի»․ Նիկոլ Փաշինյան
- «Արցախը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»․ ԱԳ նախարար
- Հայաստանի ազգային շահերը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ
Տարածաշրջանը կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման թատերաբե՞մ, եթե Ուկրաինայում պատերազմ սկսվի
«Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայություն արդեն իսկ կա: Ցավով եմ ասում, բայց սա ավելի շուտ միակողմանի մրցակցություն է` ի հեճուկս 90-ականների կամ վաղ 2000-ականների, երբ Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն և Ֆրանսիան, շատ ավելի շատ էին ներգրավված` ամենաբարդ անվտանգային խնդրին լուծում գտնելու համար․ բնականաբար, խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին է: Վերջին տարիներին, կարծում եմ, Ռուսաստանը մի տեսակ միակողմանի մոտեցում է որդեգրել և դուրս է մղել արևմտյան երկրներին։
Եթե ես հիմա Կովկասում լինեի, ինձ ավելի շատ կմտահոգեր այն, որ Արևմուտքը հիմա շատ ավելի է հեռացած և կենտրոնացած չէ Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, և, իհարկե, նման իրավիճակում կարելի է տեսնել՝ ինչպես են տարածաշրջանի մեծ տերությունները՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը և Թուրքիան, լցնում այդ վակուումը:
Ես չեմ տեսնում որևէ պատճառ՝ վախենալու մարտերի անխուսափելի բռնկումից․ փաստացի կան որոշ շատ ոգևորիչ նշաններ, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև նոր երկխոսությունը:
Բայց Կովկասը դիտվում է որպես Մոսկվայի բացառիկ հետաքրքրությունների տարածք: Եվ շատ մտահոգիչ է տարածաշրջանում ոչ լիբերալ ուժերի, մասնավորապես՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության աճը:
Ես երկու անգամ դեսպան եմ եղել Օբամայի օրոք, բայց կարծում եմ, որ կար գիտակցում, որ Ռուսաստանը կարող է ավելի շատ բանի հասնել՝ բախումները դադարեցնելու և լայնածավալ պատերազմը կանխելու համար: Մի շարք առումներով բանակցային գործի միջնորդությունն արտապատվիրվել էր Ռուսաստանին, թեև ի սկզբանե այն պիտի եռակողմ լիներ՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, բայց իրականում այն միակողմանի գործընթաց էր, և դա սկսվեց նախագահ Օբամայի օրոք:
Իսկ Թրամփի օրոք, իհարկե, չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ կերպ ուշադրություն է դարձվել այդ հարցին:
Կարծում եմ՝ միակ հետաքրքրությունը, որ ուներ Թրամփի վարչակազմը, կողմերին զենք վաճառելն էր: Նրա՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը մեկ այց է իրականացրել տարածաշրջան, որտեղ նրա հիմնական նպատակը, կարծես թե, կողմերին համոզելն էր ամերիկյան զենք գնել:
Եվ այն, ինչ մենք տեսանք անցյալ տարի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, փաստացի համանախագահ երկրների լիարժեք մարգինալացումն էր:
Եվ որ ամենաշատն է ինձ մտահոգում և համեմատաբար քիչ ուշադրության է արժանանանում, խաղաղապահ ուժերն են:
Կա ԵԱՀԿ գրասենյակ, և կա ըմբռնում 1994թ-ից ի վեր, որ ցանկացած խաղաղապահ առաքելություն պետք է լինի բազմակողմ և չպետք է ներառի գերտերություների՝ երկու խոշոր միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերը: Իսկ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը միակ խաղաղապահ ուժն է, և նոր բազմակողմ մեխանիզմ, որի մեջ ներառված չէ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կամ որևէ արևմտյան երկիր՝ այսպես կոչված, «3+3 ձևաչափը»:
«3+3 ձևաչափն» առաջարկել և առաջ է տանում է Թուրքիան։ Խոսքը Թուրքիա, Ռուսաստան, Իրան + Ադրբեջան, Հայաստան և Վրաստան ֆորմատոով տարածաշրջանային հարցերի լուծման մասին է։ Վրաստանի իշխանությունը հրաժարվում է ներգրավվել մի ձևաչափում, որտեղ կա Ռուսաստանը։
Բնականաբար, սա պատերազմող կողմերի ընտրությունն է՝ ինչպես են նրանք ուզում մոտենալ բանակցություններին, ինչպես են ուզում մոտենալ խաղաղության պահպանման կառավարմանը: Բայց վերջնական արդյունքն ԱՄՆ-ի և Եվրոպայի մարգինալացումն է»։
Ո՞րն է Բայդենի վարչակազմի մոտեցումը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Անկեղծ ասած, ինձ համար դժվար է տեսնել՝ արդյոք կա որևէ քաղաքականություն [Բայդենի վարչակազմում]: Ես չեմ տեսնում մոտ ապագայում հատուկ Հարավային Կովկասի համար մշակված ռազմավարություն: Եվ ես սա մեծ ափսոսանքով եմ ասում։
Մենք սովոր ենք Հարավային Կովկասին նայելու ռազմական անվտանգության տեսանկյունից, մինչդեռ ես կարծում եմ, որ այն պետք է դիտել որպես մեկ տնտեսական գոտի։
Եվ կարծում եմ, որ ԱՄՆ-ն և Եվրոպան իրապես պետք է ջանքեր գործադրեն՝ փորձելով ինտեգրել Կովկասի երկրներին ավելի շուտ Արևելք-Արևմուտք, քան Հարավ-Հյուսիս առևտրային ճանապարհի մեջ: Եվ եթե նայենք «3+3» խմբի կոնֆիգուրացիային, կարծում եմ՝ այնտեղ նպատակն ավելի շատ Հարավ-Հյուսիս առևտրային ճանապարհն է, որը կանցնի Ռուսաստանով:
Հետևաբար, հույս ունեմ, որ ԱՄՆ-ն, ավելի ճիշտ՝ Վաշինգտոնը և Բրյուսելը կմշակեն մի համապարփակ ռազմավարություն՝ փորձելու ինտեգրել Կովկասի պետություններին առևտրային ճանապարհի մեջ, որը կանցնի, գուցե, Սև ծովով»։
Հնարավո՞ր էր հասնել ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորման
«Կարծում եմ՝ [բանակցություններում] ձգձգման համար եղել է երկու խոշոր խոչընդոտ: Առաջինը կողմերին համոզելն էր համաձայնության գալ, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների շուրջ: Իսկ Մադրիդյան սկզբունքները փորձում էին ուղիներ գտնել հայ բնակչության կողմից առաջ մղվող ինքնորոշման իրավունքի և Բաքվի կողմից առաջ մղվող տարածքային ամբողջականության սկզբունքների միջև:
Եվ երկու կողմերը հրաժարվում էին նստել և խոսել, մինչև ամբողջ փաթեթը չհամաձայնեցվեր: Իսկ Մինսկի [Մադրիդյան] սկզբունքներում թերևս ամենաբարդ մասը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց ապագայի որոշման համար հանրաքվե անցկացնելու իրավունքի գաղափարն էր, որն այդպես էլ համաձայնություն չստացավ:
Մյուս խնդիրը, որին բախվեցինք, ավելի շուտ առօրյա հարցերին էր վերաբերում։
Հիմնականում Ադրբեջանը, հիմա ես կասեմ միա՛յն Ադրբեջանը, հրաժարվում էր համաձայնել վստահության և անվտանգության կառուցման՝ ցանկացած տեսակի միջոցների ներդրմանը:
Ես ապշած էի, երբ առաջին անգամ գնացի [հայկական և ադրբեջանական զորքերի] շփման գիծ՝ գծի երկայնքով երկխոսության միանգամայն բացակայության պայմաններում: Եվ դա չափազանց վտանգավոր իրավիճակ էր, երբ հրամանատարները պարբերաբար հաղորդակցություն չէին ունենում չեզոք գոտու երկայնքով:
Ուստի, մենք փորձում էինք հասնել որոշակի համաձայնության՝ թեժ գծեր ունենալու, պարբերական հանդիպումներ ունենալու հարցում՝ մտահոգիչ հարցերը քննարկելու համար, և փորձում էինք որպես երրորդ կողմ լուծումներ գտնել առկա տարաձայնություններին: Այն մոդելով, որ կա Մոլդովայի և Վրաստանի դեպքում։
Օրինակ՝ վրացիներն ունեն, այսպես կոչված, Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմներ (IPRM), որտեղ կողմերը նստում են և փորձում պարզել այնպիսի տարաձայնություններ, որոնք առաջ են գալիս տեղում, ոչ թե խոշոր քաղաքական հարցերը. օրինակ՝ ջրի հասանելիություն, արոտների հասանելիություն և այլն:
Իսկ մենք դա չկարողացանք անել առավելապաշտական մոտեցման պատճառով։ Քանի որ Բաքուն ասում էր՝ իրենք չեն ցանկանում նորմա դարձնել հակամարտությունը, հրաժարվում էր տեղում առաջացող հարցերի վերաբերյալ այնպիսի քննարկումներ ունենալ, ինչպիսին որ կային Մոլդովայում և Վրաստանում:
Կարծում եմ՝ դա հիասթափեցնող էր Մինսկի խմբի բոլոր համանախագահների համար, քանի որ սառույցը չէր հալվում, և մենք գիտեինք, որ որոշակի առաջընթացի հասնելու համար այն պետք է գար վերևից՝ [Հայաստանի և Ադրբեջանի] երկու նախագահներից:
Եվ երեք համանախագահ երկրներից [ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան] միայն մեկի նախագահն էր, որ ցանկանում էր դա անել, նստեցնել բոլորին սեղանի շուրջ, գլուխ-գլխի տալ, և, իհարկե, դա Վլադիմիր Պուտինն էր: Բացի այդ՝ Վաշինգտոնը գիտակցում էր, որ կարևորը առաջընթացի հասնելն է, բայց արդյունքում մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ հակամարտության կառավարման համար պատասխանատու է մի երկիր, որի շարժառիթները հետխորհրդային տարածքում այնքան էլ, այսպես ասենք, ալտրուիստական չեն:
Եվ ինչպես պետքարտուղար Բլինքենն օրերս ասաց, խնդիրն այն է, որ եթե ռուսական զորքերն արդեն մուտք են գործել, նրանք հակված չեն դուրս գալու, և բնականաբար, Մոլդովան ու Վրաստանը կարող են հաստատել դա»: