Ռուսաստանը Բաքվին է արտահանձնել Ադրբեջանի հարավում ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող ակտիվիստին
Կիսվել
Կիսվել
Թալիշ ակտիվիստ Ֆահրադին Աբասովը կալանավորվել է Բաքվի օդանավակայանում փետրվարի 28-ին այն բանից հետո, երբ նրան արտաքսել են Ռուսաստանից, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»։ Ադրբեջանն Աբասովին մեղադրում է տարածքային ամբողջականության դեմ կոչերի և թշնամանք սերմանելու համար։
Թալիշներն իրանական ծագման ազգային փոքրամասնություն են Ադրբեջանի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ Նրանց թիվը երկրում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հասնում է կես միլիոնի։ Նրանք բնակվում են հիմնականում երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ 1993թ-ին գնդապետ Ալաքրամ Գումաթովն այդ տարածքում հռչակեց «Թալիշ-Մուգանի Հանրապետությունը»։ Ֆահրադին Աբասովը, կամ Աբասզոդան, ինչպես ինքն է իրեն անվանում, ազգային շարժման առաջնորդներից էր և այդ հանրապետության ղեկավարներից մեկը։ Այն բանից հետո, երբ անջատողական շարժումը ջախջախվեց, Աբասզոդան լքեց երկիրը։
2018թ-ի ամռանն ադրբեջանական դատարանը վճիռ էր կայացրել Աբասովի կալանքի մասին։ Քննության վարկածով՝ Աբասովը Հայաստան էր մեկնել, հանդիպել հայկական հատուկ ծառայությունների հետ և դրանից հետո առցանց հայտարարություններ արել Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության դեմ։
Ադրբեջանը նրան արտահանձնելու մասին հարցում էր ուղարկել Ռուսաստան, որտեղ այս ողջ ընթացքում Աբասովը բնակվում էր։ 2018թ-ի աշնանը նրան կալանավորել էին Լյուբերցի քաղաքում։ Հինգ ամիս նա քննչական մեկուսարանում սպասում էր արտահանձնմանը։ Ի վերջո, Լյուբերցիի դատարանը վճռեց արտահանձնել Աբասովին, քանի որ լրացավ Ռուսաստանում նրա ժամանակավոր կացության ժամկետը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությունը հայտարարել էր, որ Աբասովին Ադրբեջանին արտահանձնելը Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում է․
«Դա հակասում է Ռուսաստանի Գերագույն դատարանի պաշտոնական դիրքորոշմանը, որը 2012թ-ին կարգադրել էր հարգել Ռուսաստանի պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում և չբավարարել արտահանձնման մասին հարցումները, եթե մտավախություններ կան, որ արտահանձնվողը կարող է կտտանքների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի ենթարկվել»։