Ի՞նչ է կանգնած ռուսամետ ռազմական դաշինքին Ադրբեջանի հնարավոր անդամակցման շուրջ խոսակցությունների հետևում" />

Մեղրամիս՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Ի՞նչ է կանգնած ռուսամետ ռազմական դաշինքին Ադրբեջանի հնարավոր անդամակցման շուրջ խոսակցությունների հետևում

Ա

մերիկա չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ադրբեջանում լրատվամիջոցներն իշխանության խիստ վերահսկողության տակ են գտնվում: Գրեթե այնպես, ինչպես և խորհրդային տարիներին, ժողովուրդը փորձում է «տողատակերը» կարդալ և ինչ-որ գաղտնագրված ակնարկներ գաղտնազերծել: Ճիշտ է, ի տարբերություն նախկին ժամանակների, հիմա սոցիալական ցանցեր են հայտնվել, որտեղ (դեռ) գրաքննություն չկա, սակայն դրանց հանդեպ վստահություն նույնպես չկա:

Ի՞նչ են նրանք ակնարկում

Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական պոպուլյար haqqin.az կայքը «առաջնորդող հոդված» (նրանց եզրերն են, ոչ թե իմ) հրապարակեց «Պուտինյան հինգ տառ Ադրբեջանի համար՝ ՀԱՊԿ և», որտեղ ներկայացվում էին ռուսամետ ռազմական դաշինքին Ադրբեջանի անդամակցության առավելությունները:

ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի հովանու ներքո գտնվող ռազմական դաշինք է, որը հենց ռուսական լրատվամիջոցներն անվանում են «եվրասիական ՆԱՏՕ»:

«Ազդակներին» սովոր ադրբեջանցի ընթերցողը սկսեց մտածել: Եվ միևնույն ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը (անունը կարևոր չէ, բոլորը մեկ են) ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկով հանդես եկավ՝ դա հիմնավորելով «աշխարհաքաղաքական նոր իրավիճակով»: Կարելի է միայն կռահել, թե ինչ նկատի ուներ պատգամավորը «նոր իրավիճակ ասելիս», կասկածներ ունեմ, որ նա ակնարկում էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և հենց այնտեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման փաստը:

Այսինքն, եթե շատ ավելի պարզ ասենք, ապա մեսիջի իմաստն այն է, որ մինչ Ռուսաստանն իր հարաբերություններ է պարզում իր «ֆորպոստ» (կրկին իմ եզրը չէ, այլ Ռուսաստանի Պետդումայի  նախկին խոսնակ Գրիզլովի) Հայաստանի նոր իշխանությունների հետ, եկեք նախաձենռությունը մեր ձեռքն առնենք: Միգուցե, աղմուկից օգտվելով, ստանանք Պուտինի աջակցությունն ու Ղարաբաղի ևս մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր վերադարձնենք:

Այդ սպասումները քննարկումներ առաջացրին սոցցանցերում: Երկու դիրքորոշում նշմարվեց. այդ առաջարկը քննարկելու կողմնակիցները նշում էին Ռուսաստանի հետ բարեկամություն անելու անհրաժեշտությունն ու ակնարկում, որ նա կօգնի Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը: Ինչպես 19-րդ դարի ռուս պոետ Նեկրասովի բանաստեղծության մեջ է՝ «Աղան կգա, աղան մեր վեճը կդատի»: Հակառակորդները հիշեցին 90-ականների սկզբի հռետորաբանությունը և հայտարարեցին նախապատրաստվող հերթական «կայսրական լուծի» մասին:

Պատմական նահանջ

Ա

դրբեջանում շատերը տեղյակ էլ չեն, որ Ադրբեջանը ժամանակին ՀԱՊԿ անդամ էր, այսինքն՝ Հայաստանի հետ նույն դաշինքի մեջ, և նրան այդ կառույց էր մտցրել ոչ այլ ոք, քան «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևը: Ադրբեջանն անդամակցեց Ռուսաստանի գլխավորած այդ դաշինքին ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին՝ 1993թ-ի սեպտեմբերին, այսինքն՝ նույնիսկ ավելի վաղ, քան Բելառուսը: Ճիշտ է, այն ժամանակ «աղան» մեզ այնքան էլ չօգնեց, ընդհակառակը, նրա լուռ թույլտվությամբ մեկ ամիս անց օկուպացվեց Զանգելանի շրջանը:

1999թ-ին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը որոշեցին չերկարաձգել այդ դաշինքին իրենց մասնակցությունը:

Ադրբեջանի ինչի՞ն է ՀԱՊԿ-ը

Ա

դրբեջանի վերադարձը ՀԱՊԿ հիմա շատ քիչ հավանական է: Դա բազում պատճառներ ունի:

Առաջին հերթին, Ադրբեջանը Չմիացած երկրների շարժման անդամ է [աշխարհի 120 պետություն միավորող միջազգային կազմակերպություն, որը հիմնված է ռազմական դաշինքների չանդամակցելու սկզբունքների վրա – խմբ.]: Եվ ոչ միայն անդամ է, այլև մի երկիր է, որը պատրաստվում է գլխավորել կազմակերպությունը հետագա 4 տարիների ընթացքում: Այդ առթիվ Բաքվում հաջորդ տարի գագաթնաժողով կանցկացվի, 77 պետությունների ղեկավարներ կժամանեն քաղաք: Ամեն ինչ վաղուց պլանավորված է, և ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելը, լինի դա ՀԱՊԿ-ը կամ ՆԱՏՕ-ն, նման մասշտաբային միջոցառման նախաշեմին անհավանական է:

Երկրորդ հերթին, ՀԱՊԿ-ն, ինչպես է Անկախ պետությունների համագործակցությունն, ավելի շատ նման է քաղաքական դիակի, ցուցափեղկի, որը բովանդակություն չունի: Հասել է նրան, որ անգամ Բելառուսը, որ մինչև վերջերս Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն էր, իր նախագահ Լուկաշենկոյի լեզվով անհեռանկար անվանեց ՀԱՊԿ հետագա գործունեությունը որպես զուտ ռազմական դաշինք: Իսկ Հայաստանը՝ ՀԱՊԿ հիմնադիրներից մեկը, ՆԱՏՕ-ի հետ հանգիստ ստորագրում է անհատական համագործակցության պլան (IPAP), Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրում (ի տարբերություն Ադրբեջանի, որը դեռևս ոչ մի կերպ ռիսկ չի անում), և, ավելին, փորձեց նաև կալանավորել այդ նույն ՀԱՊԿ ղեկավար, գեներալ Խաչատուրովին (ճիշտ է, Մոսկվայի արձագանքից հետո, ստիպված էր նահանջել):

Ի՞նչ առավելություն է տալիս անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Անդամակցության կողմնակիցները պնդում են, որ Ադրբեջանը կկարողանա արտոնյալ գներով ռուսական զենք գնել:

Առաջին հարցն այն է, թե որն է Ռուսաստանի շահը: Ադրբեջանն առանց այդ էլ գնում է ռուսական սպառազինություն, արդեն 5 միլիարդ դոլարի գնել է, ինչպես հայտարարեց մեր նախագահն իր ռուս գործընկերոջ հետ Սոչիում սեպտեմբերի 1-ին ունեցած հանդիպման ժամանակ: Սակայն չար լեզուները պնդում են, որ այդ զենքն արդեն հնացել է, և այն մեզ վաճառում են ակնհայտ բարձր գնով: Այսինքն՝ դա կարծես հավատարմության ժեստ, ռևերանս լինի: Այդպիսի զենք կարելի է գնել Բելառուսից, Իսրայելից, առաջինի դեպքում՝ շատ ավելի էժան, երկրորդի դեպքում՝ շատ ավելի ժամանակակից:

Բայց ի՞նչ երաշխիք կա, որ արևմտյան ռազմական դաշինքները տարածաշրջանում ներկայացված չեն լինի: Այդպես ստորագրեցին «Կասպից ծովի սահմանադրությունը», որը «ջրամբարի» վերածվեց, որպես կապալ հանձնեցին ռուսական նավերին: Եթե Արևմուտքը փորձի ներկա գտնվել Հարավային Կովկասում, դրա համար կա Վրաստան, որին, ի դեպ, նույնպես դեռ չեն ողջունում ՆԱՏՕ-ում: Թուրքիայի և Ռուսաստանի միջև այժմ նույնպես մեղրամիս է, Սիրիայում՝ լիակատար փոխըմբռնում:

Երկրորդ հարցն այն է, թե որն է Ադրբեջանի շահը: Պաշտպանությունը հիպոթետիկ արտաքին թշնամո՞ւց: Իրանի՞ց, ինչ է: Մեր ինչի՞ն է պետք պաշտպանվել արտաքին ագրեսորից, երբ գլխավոր ագրեսորը մեզ հետ նույն դաշինքի մեջ է:

ՀԱՊԿ ողջ պատմության ընթացքում չի եղել ոչ մի դեպք, որ կազմակերպությունը մարտական գործողությունների մեջ ներքաշվի: Ընդ որում, կազմակերպության առանձին անդամներ իրավունք ունեցել են պաշտպանություն խնդրելու, ֆորմալ առումով՝ հենց այդ նույն Հայաստանը, երբ Ադրբեջանը գրավում էր նրա անկլավ Արծվաշենը ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Երրորդ հարցը. ինչո՞ւ հենց ՀԱՊԿ: Մի՞թե Ադրբեջանն ու Ռուսաստանը խոչընդոտներ ունեն երկկողմանի հարաբերություններում: Բելառուսի՞, Տաջիկստանի՞, Ղազախստանի՞ հետ: Ոչ մի խնդիր չկա: Խնդիրը միայն Հայաստանի հետ է, և նա ոչ մի կերպ չի կարող որոշել ՀԱՊԿ անդակացելու հարցը:

Մեղրամիս

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք ամենաբարձր կետում են ԽՍՀՄ փլուզումից հետո: Եվ դա է այն կետը, որի համար ես՝ իշխանությունների հին քննադատս, միայն շնորհակալություն կարող եմ ասել Իլհամ Ալիևին և Վլադիմիր Պուտինին: Բարիդրացիական հարաբերությունները պետք է միայն ողջունել, հատկապես, որ մեր «սերը նաև շահավետ է»:

2017թ-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 35%-ով և կազմել 2,5 միլիարդ դոլար: Հյուսիս-Հարավ երթուղով (Ռուսաստան-Ադրբեջան-Իրան) ապրանքահոսքը աճել է հարյուր անգամ. եթե նախորդ տարի այն կազմել է ընդամենը 1700 տոննա, ապա ընթացիկ տարվա միայն 7 ամսվա ընթացքում ծավալն ավելացել է մինչև 170 հազար տոննա: Ռուսաստանցիներն Ադրբեջանի արտասահմանյան զբոսաշրջիկների ընդհանուր թվում առաջին տեղն են զբաղեցնում (31%): Ադրբեջանում ռուսական մաս ունեցող դպրոցներ են գործում և դրանք այնքան մեծ պահանջարկ են վայելում, որ այդտեղ հայտնվելը դժվար է: Հնարավորություն կա միջնակարգ և բարձրագույն կրթության բոլոր մակարդակներն, ասպիրանտուրան և դոկտորանտուրան ավարտել ռուսերենով:

Իմ եզրակացությունը. Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը միայն ողջունել կարելի է: Սակայն հույս ունենալ, որ Ռուսաստանը կլուծի բոլոր մեր խնդիրները և, առաջին հերթին, ղարաբաղյան խնդիրը, միամտություն է, հիմարություն և անգամ վտանգավոր է:


Կարդալ ավելին JAMnews-ում