Այսպիսի վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը" />

Ադրբեջանի իշխանությունները պետք է 24 հազար եվրո վճարեն բանտում մահացած լրագրողի ընտանիքին

Այսպիսի վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովի ընտանիքին որպես բարոյական վնաս 20 հազար եվրո վճարել, ինչպես նաև՝ 4 հազար եվրո դատական ծախսերի փոխհատուցում, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»։

• ՄԻԵԴ-ը բավարարել է ադրբեջանցի լրագրողի երկու հայց

• Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման» արտահայտությունը

Նովրուզալի Մամեդովը «Թալըշի սադո» («Թալիշի ձայնը») թերթի խմբագիրն ու Թալիշի մշակութային կենտրոնի ղեկավարն էր։ 2008թ-ին նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման իրանական հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով։ 2009թ-ի օգոստոսին Մամեդովը մահացել էր բանտի հիվանդանոցում։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Նովրուզալիին քաղբանտարկյալ էին համարում։

Թալիշներն իրանական ծագման ազգային փոքրամասնություն են Ադրբեջանում։ Նրանց թիվը երկրում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հասնում է կես միլիոնի։ Նրանք բնակվում են հիմնականում երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին։ 1993թ-ին գնդապետ Ալաքրամ Գումաթովն այդ տարածքում հռչակեց «Թալիշ-Մուգանի Հանրապետությունը»։ Անջատողական շարժումն արագ ջախջախվեց այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողմից, իսկ Գումաթովին ցմահ ազատազրկման դատապարտեցին, սակայն հետո ներում շնորհեցին։ Նա այժմ ապրում է Նիդերլանդներում։ Այդ օրվանից իշխանությունները պարբերաբար «հակաանջատողական ստուգումներ» են անցկացնում, և Նովրուզալիի գործը հրամցվում է որպես այդ շղթայի մի օղակ։

Նովրուզալի Մամեդովի կալանքի և մահվան մանրամասները

Քննության վարկածով՝ Իրան այցելելիս Նովրուզալի Մամդովն իրանական կողմից 15 հազար դոլար է ստացել իր թերթի հրապարակման համար։ Նրան դատապարտել էին տասը տարվա ազատազրկման։

Թալիշների համայնքի ներկայացուցիչ Խիլալ Մամեդովն այն ժամանակ հայտարարել էր, որ գործը շինծու է, և «Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոֆիլակտիկ աշխատանք են կատրում, որպեսզի ազգային փոքրամասնությունները չպայքարեն իրենց իրավունքների համար»։

Մամեդովը սրտի անբարարություն, հիպերտոնիա և այլ հիվանդություններ ուներ։ 2009թ-ի հուլիսի վերջին նրա վիճակը կտրուկ վատթարացել էր, և, միջազգային կազմակերպությունների պնդմամբ, նրան տեղափոխել էին բանտի հիվանդանոց, սակայն ազատ չէին արձակել։ 2009թ-ի օգոստոսի 17-ին Նովրուզալի Մամեդովը մահացել էր։

Դեռ կյանքի օրոք Նովրուզալի Մամեդովն իր առաջին բողոքն էր հղել ՄԻԵԴ-ին։ Նա բողոքել էր Ադրբեջանի՝ ներկայում արդեն լուծարված ազգային անվտանտության նախարարության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքից։

Մամեդովի մահվանից հետո նրա հարազատները նոր բողոք էին ներկայացրել։

Դատարանի վճիռը

2019թ-ի փետրվարին ՄԻԵԴ-ը պարզել էր, որ Նովրուզալիևի իրավունքները խախտվել են, որոնք երաշխավորվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով՝ կյանքի իրավունք, կտտանքների և անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիություն, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, խելամիտ ժամկետներում դատաքննության իրավունք։

ՄԻԵԴ այս վճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում։

Փաստաբան Ռամիզ Մամեդովը, որը հայցվորների շահերն է ներկայացնում, ասում է, որ այնքան էլ գոհ չէ վճռից։ Մասնավորապես նրանից, որ ՄԻԵԴ-ը չի բավարարել ազգային պատկանելիության հատկանիշով խտրականությանը վերաբերող բողոքը։

Մամեդովի այրին բնակվում է Նիդերլանդներում։


Կարդալ ավելին JAMnews-ում