«Ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն ՀՀ բոլոր տարածքներից»․ քաղաքագետ
Ռուս սահմանապահների դուրսբերում
«Ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից»,- հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում նրանք տեղակայվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այս տարվա մայիսին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից հետո հաղորդվեց, որ Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են սահմանապահների դուրսբերման հարցը։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Ներքին Հանդից ռուս սահմանապահների դուրսբերումը ողջունելի քայլ է, բայց չնչին։
«Դուրս են բերվում դեպի ո՞ւր, ո՞ւր են գնալու։ Գիտենք, որ գլխավոր օջախը, որտեղ նրանք կան և որտեղից Հայաստանի՝ իրենց համար նախընտրելի ցանկացած վայրում կրկին կտեղակայվեն, դեռևս կա։ Նկատի ունեմ 102-րդ ռազմաբազան»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սիմոնյանն ու հույս հայտնել, որ կլինեն նաև ռազմաբազայի հետ կապված «հստակեցումներ»։
Ռուսներն այդտեղ էին «առանց մանդատի ու պայմանագրի»
Ավելի վաղ՝ խոսելով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում ռուս սահմանապահների տեղակայման մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր «մանդատի ու պայմանագրի» բացակայության հանգամանքը։ Սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուսների դուրսբերման մասին կառավարության ղեկավարն ակնարկել էր ապրիլին՝ լրագրողների հետ զրույցում։
Վարչապետը նշել էր, որ «ռուսական հենակետերն այնտեղ հայտնվել են մի իրադրության բերումով և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է», որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում։ Կարծիք էր հայտնել, թե այժմ ունենք ոչ թե առաջնագիծ, այլ սահման։
«Սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը»,- ընդգծել էր Փաշինյանը։
Մայիսի 8-ին Կրեմլում կայացել էր Փաշինյան-Պուտին առանձնազրույց։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից:
Սակայն Պեսկովն ընդգծել էր, նրանք կշարունակեն ծառայություն իրականացնել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա: Կողմերն այն ստորագրել են 1992 թվականին:
Մինչ այդ ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին խոսել էին նաև Ներքին Հանդի բնակիչները։ Ասել էին՝ գյուղի սկզբնամասում գտնվող ռուսական անցակետում դեռ նկատում են մի քանի ռուս զինվորականների, սակայն նրանք կից դիտակետից չեն հսկում անցուդարձը այնպես, ինչպես առաջ։
Տեղացիները նաև նշել էին, որ թեև վերջին 4 տարիների ընթացքում սահմանային մի քանի միջադեպեր են եղել, սակայն սահմանապահները որևէ կերպ չեն միջամտել։ Մատնանշել էին այն հանգամանքը, որ 2022 թ․-ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ են անցնել Ներքին Հանդի հողատարածքները։
«Մեր գերեզմանը իրենց տիրապետության տակ անցավ, մեր հուշարձանը, մեր եկեղեցին, մեր նախկին գյուղն իրենց տիրապետության տակ է։ Ի՞նչ է, էդ խաղաղապահ զորքը չի տեսե՞լ՝ ինչ է կատարվում։ Եվրադիտորդները որ գալիս էին, թույլ չէին տալիս գան գյուղ, եվրադիտորդնները չեն եկել, որովհետև չեն թողել։ Պատճառը ի՞նչն էր»,— ասում է Ներքին Հանդի բնակիչ Լևոն Զաքարյանը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն ոչ միայն Սյունիքից, այլև մյուս բոլոր մարզերից, որտեղ ներկայություն ունեն։ Կարծում է՝ Ներքին Հանդից մեկնարկած գործընթացը պետք է շարունակական լինի։
«Նրանք կան, թե չկան՝ միևնույն է։ Որևէ կերպ չեն նպաստում Հայաստանի անվտանգությանը և հայ ժողովրդի իրավունքների իրացմանը։ Հակառակը՝ 2022 թ․-ին ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքի պայմանագիր է կնքվել, բավականաչափ վտանգավոր կետեր կան ՀՀ համար»,- նկատել է նա։
Սիմոնյանն ասում է՝ ինչ-որ հատվածներում տեղակայվելու բանավոր խնդրանք պատերազմից հետո չի եղել, ռուսներն «ուզել են, գնացել, նստել են» այդ հատվածներում։ Սահմանապահների դուրսբերման համար, ըստ նրա, պետք է միայն հայկական կողմի խնդրանքն ու ռուսական կողմի՝ դուրս գալու կամքը․
«Կամքի բացակայության պարագայում էլ՝ մեր կողմից պարտադրանք դուրս բերելու։ Վերջ, հարցը փակվում է։ Այլ քայլեր չկան, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի»։
Ասում է՝ սահմանապահների դուրսբերումից հետո նշված հատվածներում պետք է տեղակայվեն Հայաստանի Զինված ուժերը, ոչ թե հայ սահմանապահները, քանի որ գործ ունենք ռազմաճակատի, ոչ թե սահմանագծված սահմանի հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ ԶՈՒ տեղակայումից հետո Ներքին Հանդում հավուր պատշաճի գործունեություն կծավալի ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այդ հատվածին հասանելիություն առաքելությունը մինչև հիմա չուներ։
2024 թ․-ի փետրվարի 13-ին Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում հայկական կողմը 4 զոհ ունեցավ։ Սահմանային լարումից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ այդ հատվածում ներկայություն ունեն ՌԴ սահմանապահները, որոնք «չեն կարողացել կանխել միջադեպը»։
«ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածին հասանելիություն չի ունեցել»,- հայտարարել էր Գրիգորյանը։ Նաև նշել էր, որ հայկական կողմը տեղյակ է ՌԴ սահմանապահների կողմից ԵՄ դիտորդների մուտքը սահմանափակելու մասին, փորձելու է հասցեագրել հարցը։
Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Ներքին Հանդը Հայաստանի մյուս անկապտելի հատվածներից առանձնացել էր «ռուսների ավերիչ և պայթեցնող քաղաքականության պատճառով»։ Շեշտում է՝ ՀՀ-ում դեռևս կան այնպիսի օջախներ, որոնք ոչնչով չեն տարբերվում Ներքին Հանդի նախկին իրողություններից, ուստի նման քաղաքականություն կարող է իրագործվել նաև այդ տեղերում։
«Հետևաբար, ռուս սահմանապահների դուրսբերումը բոլոր վայրերից պետք է լինի համակարգված, ամբողջական և շատ արագ»,- արձանագրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուս սահմանապահների դուրսբերում Ներքին Հանդից