Ռուս-ուկրաինական բանակցություններ պատերազմի ավարտի շուրջ․ հրաժարում ՆԱՏՕ-ից
Ուկրաինական և ռուսական պատվիրակությունները շարունակում են բանակցությունները հրադադարի պայմանների շուրջ, ինչը պետք է վերջ դնի ռուս-ուկրաինական պատերազմին։ Ինչպես հաստատում են երկու կողմերը, վերջին օրերին բանակցություններում առաջընթաց է գրանցվել։
Ապագա խաղաղության համաձայնագրի պայմանների մասին կողմերը դեռևս հրապարակավ չեն խոսում։ Սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարումը կարող է դրա պայմաններից մեկը լինել, համենայնդեպս, ռազմական դաշինքի նկատմամբ իր դիրքորոշման փոփոխման մասին բացահայտ խոսել են և՛ նախագահ Զելենսկին, և՛ նրա խորհրդականները։ Դրա դիմաց Կիևը պահաջում է անվտանգության մեծ երաշխիքներ։
Այն մասին, որ «տեխնիկական դադարից» հետո, որոնք կողմերն արել էին մարտի 14-ին, բանակցությունները շարունակվելու են, հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Մարտի 15-ին ուշ երեկոյան նա հայտարարել է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մարտի 16-ին։
«Շատ ծանր ու դանդաղ բանակցային գործընթաց է։ Սկզբունքային հակասություններ կան։ Սակայն փոխզիջման համար հաստատ տեղ կա։ Դադարի ընթացքում կշարունակվի աշխատանքը ենթախմբերում», — հաղորդել է Պոդոլյակը։
Կռվող երկու կողմերի պատվիրակություններն այժմ բանակցությունները վարում են տեսակապով։ Ավելի վաղ նրանք երեք հանդիպում են անցկացրել Բելառուսի տարածքում։
Եթե մինչև վերջերս կողմերը կարողացել էին պայմանավորվածության գալ միայն հումանիտար միջանցքների շուրջ՝ ուկրաինական քաղաքներից խաղաղ բնակչությանը տարհանելու համար, ապա մարտի 13-ին երկու կողմերն էլ խոսել են առաջընթացի մասին։
Այսպես՝ Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչները «սկսել են փոխզիջումային երկխոսության գնալ, այլ ոչ թե վերջնագրեր ներկայացնել, ինչպես սկզբում էր»։
«Մենք այս բանակցություններում հստակ նպատակներ ունենք․ պատերազմի ավարտ, բոլոր ռուսական զորքերի դուրսբերում և այլն», — Պոդոլյակի խոսքերն է մեջբերում ուկրաինական Հրոմադսկե պարբերականը։
Նույն օրը ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին նշել է, որ, ի տարբերություն բանակցային գործընթացի մեկնարկի, Մոսկվան ու Կիևը զգալիորեն առաջ են գնացել արդյունքի հասնելու հարցում․
«Իմ անձնական ակնկալիքներով՝ այս առաջընթացը կարող է մոտակա օրերին վերաճել միասնական դիրքորոշման և ստորագրման ենթակա փաստաթղթերի» — պատգամավորի խոսքերն է մեջբերում ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կողմերի դիրքորոշումները
Դատելով բանակցություններում կողմերի դիրքորոշումների մասին տեղեկություններից, որոնք մեդիադաշտում են հայտնվել նախորդ օրերին՝ դրանց մերձեցումը քիչ հավանական էր թվում։
Մարտի 10-ին ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթը վեց պահանջ էր հրապարակել, որոնք, ըստ պարբերականի, բանակցություններում առաջ է քաշել Ռուսաստանը։ Այս մասին, ինչպես հաղորդվում է, թերթին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։ Այդ պահանջներն են․
• Հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված Ուկրաինայի ջանքերից։ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, որի երաշխավորներից մեկը պետք է Ռուսաստանը լինի․
• ռուսաց լեզվի ճանաչում՝ որպես երկրորդ պետական լեզու,
• Ուկրաինայի կողմից Ղրիմի ճանաչում՝ որպես ռուսական,
• Ուկրաինայի կողմից ռուսամետ «ժողովրդական հանրապետությունների» անկախության ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի վարչական սահմաններում,
• «դենացիֆիկացում»․ ուլտրաազգայնական, նացիստական և նեոնացիստական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության արգելք,
• «Ուկրաինայի դեմիլիտարացում»․ հրաժարում հարձակողական սպառազինությունից։
Այս պահանջները պաշտոնապես Կրեմլում չեն հաստատել։
Մարտի 13-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ կողմերը քննարկում են․
• հրադադարի պայմանները,
• վնասի փոխատուցումն Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքների համար,
• երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը․
• խաղաղության համաձայնագրի պայմանները, որի առանցքային կետը պետք է լինեն անվտանգության երաշխիքները Ռուսաստանի և Ուկրաինայի համար։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մարտի 13-ին հայտարարել է, որ բանակցություններն ընթանում են «Պուտինի պարտության ձևակերպման» շուրջ, և ռուսական զորքերի դուրսբերման հարցը ելման դիրքեր նվազագույնն է ուկրաինայի պատվիրակության համար։
ՆԱՏՕ-ից հրաժարումը՝ բանակցությունների առարկա՞
Մարտի 15-ին Վլադիմիր Զելենսկին հերթական թերահավատ հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի հասցեին։
«Պարզ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, մենք դա հասկանում ենք։ Տարիներով մենք լսել ենք իբր բաց դռների մասին։ Բայց այժմ լսեցինք նաև, որ չենք կարող այդ դռներով ներս մտնել, և սա է իրականությունը, սա պետք է խոստովանել։ Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սա սկսում է հասկանալ և հույսն իր ու գործընկերների վրա դնել, որոնք մեզ օգնում են։ Ուկրաինան այդժմ չի հավակնում ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի հինգերորդ հոդվածի ակտիվացմանը», — ասել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «սառել է» ՆԱՏՕ-ի հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացել է, «որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Հյուսիսատլանտյան դաշինքը վախենում է վիճելի հարցերից և Ռուսաստանի հետ առճակատումից»։
Մարտի 9-ին նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ARD հեռուստաալիքի եթերում չի բացառել Ռուսաստանի հետ բանակցություններում հնարավոր չեզոքության քննարկումները, որը բացառում է անդամակցությունը որևէ ռազմական դաշինքի։
«Ուկրաինան բաց է չեզոքության համար, եթե ՆԱՏՕ-ն այս պահին պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Սակայն միաժամանակ մեզ պետք են Ուկրաինայի անվտանգության հստակ երաշխիքներ, որպեսզի այս սարսափելի պատերազմներն, այս սարսափելի ագրեսիան ապագայում չկրկնվեն», — հայտարարել է պաշտոնյան։
Անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցությունից հնարավոր հրաժարման մասին հայտարարել են նաև ուկրաինական իշխանության մյուս ներկայացուցիչները։
Մարտի 15-ին նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, մեկնաբանելով Ռուսաստանի հետ բանակցությունները, լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում նշել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, հավանաբար, արդեն խոսք չկա։ Այստեղ ամեն ինչ պարզ է․ սա մեր դիրքորոշումը չէ, ՆԱՏՕ-ն չի ուզում մեզ ընդունել։ Մենք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն է հրաժարվել մեզնից»։
Սակայն Արեստովիչը նշել է, որ «դրա դիմաց կան փոխհատուցումային մեխանիզմներ, որոնք դուր կգան Ուկրաինայի ժողովրդին։ Սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել»։
Միաժամանակ նա նշել է, որ «մենք պատրաստ չենք ոչինչ տալ, մենք կոշտ պահանջներ են առաջ քաշում, և պարտությանն այստեղ ոչ ոք համաձայն չէ»։
Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն Իսրայելո՞ւմ
Նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ անձնական հանդիպում է ուզում Վլադիմիր Պուտինի հետ։ Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի հետ բանակցություններից հետո նա Երուսաղեմն անվանել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հնարավոր վայր։
Բենեթն ինքն է առաջարկել իր միջնորդական ծառայությունները ռուս-ուկրաինական հակամարտությունում։ Դեռևս մարտի 5-ին Իսրայելի վարչապետն այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, Իսրայելը պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները բարձր մակարդակով, եթե դրանք դատապարտված չեն լինելու ձախողման։
Նախագահների բանակցություններից չի հրաժարվում նաև Կրեմլը։ Սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ սկզբից պետք է հասկանալ, թե ինչ են նրանք քննարկելու, և արդյոք արդյունք է լինելու։