ՀՀ և Թուրքիայի բանագնացները հանդիպեցին սահմանին․ ի՞նչ են պայմանավորվել
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում հայ-թուրքական սահմանին
Հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցման կետում այսօր հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Դրանց իրագործման ժամկետների մասին, սակայն, որևէ բան չեն հայտնել։ Խոսքը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է։
Սա Ռուբինյան-Քըլըչ հինգերորդ հանդիպումն էր։ Վերջին հանդիպումը 2022 թ․-ի հուլիսին էր, Վիեննայում։ Երկու տարվա ընդմիջումից հետո կողմերը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայ-թուրքական բանակցությունների վերականգնումն առաջին հերթին պայմանավորում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում ճեղքվածքի առաջացմամբ։ Կարծում է՝ պատճառն այն է, որ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Անկարան չստացավ այն, ինչ ակնկալում էր։ Ինչ վերաբերում է Ռուբինյան-Քըլըչ պայմանավորվածություններին՝ նկատում է՝ կողմերը սկսել են քննարկել նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունները։ Ըստ նրա՝ եթե դրանք կյանքի կոչվեն, ինչ-որ ուղղությամբ առաջընթաց գրանցվի, «շարունակությունը շատ արագ է լինելու»։
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից: Այն մի քանի ժամով բացվեց 2023 թ․-ի փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:
Վերջին զարգացումները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այս չորս հանդիպում էին անցկացրել։ Դրանք տեղի էին ունեցել 2022 թվականին։ Առաջին հանդիպումը կազմակերպվել էր Մոսկվայում, մյուս երեքը՝ Վիեննայում։ Կողմերը հանդիպումներից հետո սովորաբար հայտարարում էին, որ «համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»։
Չորրորդ՝ 2022 թ․-ի հուլիսի 1-ին կայացած հանդիպումից հետո, սակայն, հաղորդվեց կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, մասնավորապես՝ «մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը» և «Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար»։
2023 թ․-ի հունվարին ՀՀ արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է։ Մինչ օրս, սակայն, որևէ առաջընթաց չի գրանցվել սահմանի բացման ուղղությամբ։
Մեկ ամիս առաջ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին ասել էր, թե «թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ»։
Հայկական կողմն անցակետի նորոգումն ավարտել է 2023 թ․-ին
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտված է։ Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ շինարարական աշխատանքները տևել են մոտ 6 ամիս և ավարտվել են նախորդ տարվա նոյեմբերին։
«Կառուցվել են սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ»,- ավելի վաղ հաղորդել էր գերատեսչությունը։
Օրեր առաջ՝ հուլիսի 26-ին Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում անցակետ էր այցելել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել էր, որ Մարգարայի անցակետի վերանորոգումն արժեցել է 1 մլրդ դրամ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի կլիներ, բայց կարևորն այն է, որ ընթանում է։
«Եթե սկսվի, դրանից հետո ձնագնդի էֆեկտով տարածվելու է, շատ ավելի արագ են լինելու մյուս կարգավորումները»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Կոնկրետ ժամկետներ, սակայն, չի մատնանշել։ Չի կարծում, թե ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ նախագահական ընտրություններ։ Ղևոնդյանի խոսքով՝ միայն այդ ժամանակ «ամեն ինչ ավելի առարկայական կդառնա»։
Չի բացառում, որ վիզայի ընթացակարգերի դյուրացումից հետո սահմանը բացվի երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ասում է՝ դրան կարող է հետևել նաև ցամաքային ճանապարհով բեռների տեղափոխման թույլտվությունը։
Քաղաքագետը Հայաստանի ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունից ենթադրում է, որ կողմերը սկսել են քննարկել նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունները․
«Դեռևս ԽՍՀՄ ժամանակներից երկաթգիծը կա։ Շատ ավելի հեշտ և էժան է այն աշխատացնել, քան կառուցել նոր երկաթգիծ։ Դա նույնիսկ շատ ավելի հեշտ և էժան է, քան նոր ավտոճանապարհների կառուցումն ու օգտագործումը»,- պարզաբանել է նա։
Ռուբինյան-Քըլըչ հաղորդակցության 2 տարվա դադարը Ռոբերտ Ղևոնդյանը պայմանավորում է աշխարհաքաղաքական իրավիճակով՝ Թուրքիա-Ադրբեջան փոխհարաբերություններ, ռուս-ուկրաինական պատերազմ և այլն․
«Հայ-թուրքական հարաբերություններում ջերմացումը պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի ճեղքվածքով, ինչը, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ Անկարան չի ստանում այն, ինչ հույս ուներ ստանալ 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում»։
Քաղաքագետը պատահական չի համարում այն, որ օրերս Էրդողանը հիշատակեց այն փաստը, թե Թուրքիան է մտել Լեռնային Ղարաբաղ։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Թուրքիան, փաստացի լինելով «հակամարտող և հաղթող կողմ», որևէ ձեռքբերում գետնի վրա չունի։
Թվարկում է՝ Ադրբեջանի հետ տնտեսական կապերը նույնն են, ինչ նախկինում, երկրում թուրքական ռազմաբազաներ չեն տեղակայվում, նույնն են նաև Նախիջևանի հետ հարաբերությունները։
«Թուրքիան փաստացի որևէ նկատելի ձեռքբերում չունի պատերազմից հետո։ Նույնիսկ տարածաշրջանում չէ։ Միակ կետը, որտեղ նրանք կային, Աղդամն էր [ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը], այժմ այնտեղ էլ չկան, կենտրոնը լուծարվեց»,- նշել է նա։
«Մենք պետք է ուժեղ լինենք: Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այդպես էլ կվարվենք նրանց [Իսրայելի] հետ։ Չկա այնպիսի բան, որը մենք չենք կարող անել»,- նշել էր Թուրքիայի նախագահը։ Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի համար Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտել նրանց, և հավելել՝ «Լեռնային Ղարաբաղում այլ երկրների զինվորականներ չեն հայտնվել»։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ նույնիսկ այդ պայմաններում Բաքուն ունի գործիքակազմ Անկարայի վրա որոշակի ազդեցություն գործելու համար։
«Հարցն այն է, որ այդ գործիքակազմն այլևս այն արդյունավետությունը չի ունենա, ինչ ուներ նախկինում։ Եթե, իհարկե, Ադրբեջանը կտրուկ չփոխի իր քաղաքականությունն ու որոշակի հարցերում դեմ չգնա ՌԴ ցանկություններին և չընդունի Թուրքիայի առաջարկները»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի դրդմամբ չի ուզում ՀՀ վերահսկողության տակ գտնվող ճանապարհ ստանալ և «միջանցք»՝ Հայաստանով անցնող, բայց արտատարածքային ճանապարհ է պահանջում։ Այնինչ Թուրքիային ձեռնտու կլիներ նույնիսկ այդ տարբերակը։
«Այն տարբերակին, որը պահանջում է Ադրբեջանը, չեն համաձայնում ՀՀ-ն, Իրանը և Արևմուտքը։ Իսկ այն տարբերակին, որն ընդունելի կլինի Թուրքիայի համար և ավելի մեղմ ՀՀ համար, Բաքուն չի համաձայնում»,- ամփոփել է Ղևոնդյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում հայ-թուրքական սահմանին