Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
ՌԴ գործակալները Հայաստանի ընտրություններում. The Insider
Միջազգային անկախ The Insider պարբերականը հրապարակել է հոդված ռուսական հատուկ ծառայությունների հետ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կապերի մասին սկանդալային բացահայտումներով։ Այս երկու խոշոր գործարարների կուսակցությունները ներկայացրել են հայտ՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Մոլդովայում և Հունգարիայում անհաջողություններից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Հայաստանի ուղղությամբ, որտեղ հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ: Կրեմլը հույս ունի կանխել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը․ Փաշինյանն ընտրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին», — գրում է The Insider-ը:
The Insider-ն առցանց պարբերական է, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության, փաստերի ստուգման և քաղաքական վերլուծության մեջ։
Պարբերականը հաղորդում է, թե ով է համակարգում Հայաստանի ուղղությամբ աշխատանքները Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, տեղեկացնում, թե ԱՀԾ, ԳՀՎ և ԱԴԾ որ սպաներն են ուղարկվել Երևան՝ «հայտարարված նպատակներն իրականացնելու» համար, և ինչպես են ընդդիմադիր թեկնածուները կապված ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Այս տեղեկատվությունը բուռն արձագանք է գտել Հայաստանում, այն մեկնաբանել են և՛ վարչապետը, և՛ ընդդիմությունը։
The Insider-ի հետաքննության որոշ մանրամասներ, ինչպես նաև հայ քաղաքական գործիչների և քաղաքագետների մեկնաբանությունները
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- «Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
Մոսկվայում ո՞վ է համակարգում Հայաստանի ուղղությամբ աշխատանքները
The Insider-ը նախ հաղորդում է, թե ով է ղեկավարում գործող վարչապետ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը: Հայաստանում բոլորը գիտեն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի մասին: Նա մի ժամանակ աչքի է ընկել Աբխազիայում, ինչից հետո նրան հանձնարարվել է զբաղվել նաև Հայաստանի հարցերով: Պարբերականը հրապարակում է նաև նոր անուններ, այդ թվում՝ նախկին միջուկային գիտնական Վադիմ Տիտովի, որը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը:
«Նրա մեկնարկը այս պաշտոնում առանձնապես հաջող չէր. Հունգարիայում ընտրություններից առաջ նա իր օգնականի՝ Եգոր Կվյատկովսկու (նույնպես «Ռոսատոմի» պաշտոնյա է) հետ մեկնեց Բուդապեշտ։ Սակայն քարոզարշավն ավարտվեց Օրբանի ջախջախիչ պարտությամբ։ Այժմ նա բարեհաճության արժանանալու նոր հնարավորություն ունի»,- ասված է հրապարակման մեջ։
Հայաստանի ուղղությամբ աշխատանքների անմիջական համակարգողները հատուկ ծառայությունների երկու ներկայացուցիչներ են՝Ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչության Միջտարածաշրջանային և սոցիալ-մշակութային կապերի զարգացման բաժնի պետ Վալերի Չեռնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովը։
Պարզվում է, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունների ուղղությամբ աշխատում է նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։ Խոսքը, մասնավորապես՝ Միխայիլ Կալուգինի մասին է, ով ղեկավարում է ԱՊՀ չորրորդ դեպարտամենտը։ Նա ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը աշխատել է որպես տնտեսական հարցերով խորհրդական։ Հատկանշական է, որ նրա անունը հայտնվել է ԶԼՄ-ներում՝ կապված ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության հետ։ Այդ հրապարակումներից հետո Կալուգինը ստիպված է եղել լքել Նահանգները։
«Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջնագծում են ծանոթ դեմքեր՝ պատգամավորներ Կոնստանտին Կոսաչովը և Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը գլխավորում է միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը», որի կազմում, ի դեպ, ընդգրկված է նաև «Տաշիր»-ի սեփականատեր, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը:
Ռուսաստանի դեսպանատան կողմից փափուկ ուժի կիրառման համար պատասխանատու է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն։ Դրա ենթակայությամբ գործող «Մոսկվայի տանը» կազմակերպվում են սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ և ամառային ճամբարներ, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր «Ուկրաինայում նացիզմի վերածննդի» մասին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է երիտասարդների վրա, որոնց անընդհատ ներարկում են այն գաղափարը, թե Հայաստանն ապագա ունի միայն Ռուսաստանի հետ», — գրում է The Insider-ը։
Ո՞վ է հետաքրքրում Ռուսաստանի հատուկ ծառայություններին
Պարբերականի տեղեկություններով՝ ռուսական հատուկ ծառայությունների գլխավոր թիրախը Հայաստանի վարչապետն է։
«2018 թ․-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո նախկին ընդդիմադիր լրագրող Փաշինյանը դարձավ վարչապետ և դարձավ Հայաստանում ռուսական գրեթե բոլոր հատուկ գործողությունների հիմնական թիրախը։ Մոսկվայում նրան տրվեց «Մորուք» օպերատիվ մականունը, սկսեցին ինտենսիվորեն հավաքագրել կոմպրոմատային տեղեկություններ»։
Սակայն նրանց ուշադրությունը գրավել է նաև մեկ այլ անձնավորություն՝ Քրիստիննե Գրիգորյանը։ Նա մի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Կարճատև պաշտոնավարումից հետո Գրիգորյանը հրաժարական տվեց, և մեկ տարուց ավելի նրա մասին ոչ մի տեղեկություն չէր հաղորդվում։ Այնուհետև նա դարձավ Հայաստանի կառավարության կողմից ստեղծված Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը՝ դրա առաջին տնօրենը։
Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ակտիվ աշխատանքը նկատելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
«Այս տարվա մարտին նա հայտարարեց, որ ընտրությունների նախաշեմին հատուկ ծառայությունները ճնշում են գործադրում արտերկրում բնակվող հայ քաղաքացիների վրա։ Իհարկե, հիմնականում նկատի էր առնվում Ռուսաստանը, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն հայ», — հիշեցնում է The Insider-ը։
Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրը հայտնել է.
«Քրիստիննեին հրավիրել էին Մոսկվա՝ ՌԴ ԱՀԾ ակադեմիայում կարճատև պրակտիկա անցնելու, զրուցելու։ Բայց նա գնացել էր ԿՀՎ՝ որոշակի պատկերացում կազմելու համար։ Այնուհետև ամերիկացիները նրան օգնել էին ստեղծել անհրաժեշտ կառույցը Երևանում։ Իհարկե, խորացել էին նրա անձնական կյանքի մեջ։ Նրանք հատկապես հետաքրքրված էին, թե ինչու է նա մինչ օրս ապրում առանց ամուսնու։ Դե, նրանք մեր միջոցով ստուգել էին, թե ում հետ է նա մեկնել Պեկին, բայց որևէ օպերատիվ նշանություն ունեցող տեղեկություն չէին հայտնաբերել»։
Սկանդալային տեղեկություններ ՀՀ ընտրությունների թեկնածուների մասին
Պարբերականը հաղորդում է, որ որպես դոլարային միլիարդատեր և ռուս գործարար Սամվել Կարապետյանի «աշխատանքի վայր» նշված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

«1999 թ.-ին Կարապետյանն արտասահմանյան անձնագիր է ստացել Կալուգայում։ Եվ, ըստ օֆլայն բազաներից արտահոսած տվյալների, նրա անձնագրային գործում՝ «աշխատանքի վայր» բաժնում, կա Ներքին գործերի նախարարության նշումը՝ «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։ Այս գրությունը նշանակում է, որ եթե քաղաքացին հետաքննության է ենթարկվում, նախ պետք է կապ հաստատել ԱԴԾ-ի հետ։ Ինչպես խմբագրին բացատրել է ՆԳՆ աշխատակիցը, սա սովորաբար այն նշանն է, որն օգտագործվում է ԱԴԾ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիների կամ գաղտնի լրտեսների համար», — հաղորդում է The Insider-ը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Պուտինի միջև «լեզվակռիվ» էր տեղի ունեցել։ Պուտինը նշել էր, որ ռուսամետ ուժերին պետք է թույլատրվի մասնակցել ընտրություններին։ Չնայած Պուտինը որևէ անուն չէր մատնանշել, պարզ է, որ նա նկատի ուներ Սամվել Կարապետյանին։ Փաշինյանը պատասխանել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրների քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Այնուամենայնիվ, գործարարը հայտարարել է Հայաստանի հաջորդ վարչապետը դառնալու մտադրության մասին: Եվ սա այն պարագայում, երբ նա չի կարող հավակնել այդ պաշտոնին՝ կրկին համաձայն ՀՀ Սահմանադրության:
«Կրեմլի մեկ այլ ընկեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես վարչապետ Փաշինյանի կատաղի հակառակորդն է։ Նա ևս մասնակցում է ընտրություններին։ Ծառուկյանն ունի բավականին բուռն կենսագրություն։ Նա ծառայել է ոստիկանությունում և 1979 թվականին դատապարտվել է երկու ռուս զբոսաշրջիկների կողոպտելու և խմբակային բռնաբարության համար։ Նա իր պատիժը կրել է Նիժնի Տագիլի մոտ գտնվող «Կարմիր բադ» բանտային ճամբարում։
Ավելին, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Ծառուկյանն արդեն Հայաստանի հարյուր ամենահարուստ մարդկանց ցանկում էր, դատարանը նրան արդարացրեց։ Սակայն նրա կենսագրության մեջ կա ևս մեկ բիծ։ 2004 թ․-ի նոյեմբերին Երևանի կենտրոնում պայթեցվեց «Հայկական ժամանակ» թերթի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Նիվա» մակնիշի մեքենան։ Փաշինյանը Ծառուկյանին մեղադրեց դրա մեջ, պնդեց, որ նա, ենթադրաբար, դժգոհ է եղել իր հոդվածներից մեկից։ Սակայն քրեական գործը մինչ օրս մնում է չբացահայտված»,- ասված է հրապարակման մեջ։

Փաստեր ստուգող լրագրողները պնդում են, որ «Ծառուկյանը պարբերաբար հյուրընկալվում է Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների գրասենյակներում»։ Ավելին, 2019 թ․-ի փետրվարին նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական Ռուսաստան»-ի հետ.
«Հարևան երկրների հետ մշակութային կապերի՝ այժմ լուծարված վարչությունից ստացված արտահոսքերը, որոնց մասին հաղորդել է The Insider-ը, պարունակում են Ծառուկյանի անձնագրի պատճենը և նրա 2017 թ․-ի ընտրարշավի բյուջեն»։

«Գումարը Երևան է ուղարկվել Հին հրապարակում գտնվող հատուկ հիմնադրամից։ Սակայն, հավանական է, որ «Ծառուկյան» դաշինքի համար նախատեսված միջոցները յուրացվել են հենց նախագահի աշխատակազմի կողմից, քանի որ նա ի վիճակի էր ֆինանսավորել իր նախընտրական արշավը», — կարծում են հետաքննող լրագրողները։
Մեկնաբանություններ Երևանից
Փաշինյան․ «Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»
«Միջազգային լրատվամիջոցները հստակ փաստաթղթեր, ապացույցներ հրապարակեցին, որ ձեզ հայտնի կալուգացի օլիգարխը [Սամվել Կարապետյանը], պատկերացնո՞ւմ եք, ФСБ-ի գաղտնի գործակալ է»,- Օձունում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կարապետյանը եկել և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության շահերի դիրքերից։
«Մենք մեծ հարգանք ունենք մեր միջազգային գործընկերների նկատմամբ, բայց գործակալներին ուղարկել Հայաստան՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, դա այդքան էլ գործընկերային չէ»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ Փաշինյանը թեմային անդրադարձել է նաև Սվերդլովում։ Շեշտել է՝ Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը» օրակարգ է բերում «300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու» թեման, որը «երբեք չի եղել ՀՀ-Ադրբեջան բանակցություններում»։ Եզրակացրել է՝ դա այլ կերպ, քան «լրտեսի գործելակերպ» բնորոշել հնարավոր չէ։
Վարչապետի խոսքով՝ եթե Կարապետյանը գործակալ է, ստացվում է՝ նրա ստեղծած «Ուժեղ Հայաստանն» էլ գործակալական ցանց է։ Ասում է՝ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ընտրողները պետք է որոշեն՝ գործակա՞լ են, թե՞քաղաքացի։ Ինքը՝ Փաշինյանը, հավատում է, որ մեծ մասը ընտրություն կկատարի քաղաքացիության օգտին։ Գործակալ տարբերակի դեպքում խոստանում է․ «Բոլոր գործակալնե՛ր, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»։
Սամվել Կարապետյան․ «ФСБ-ի աշխատակիցը Փաշինյանն է»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել է The Insider պարբերականի հրապարակմանն ու հայտարարել՝ այն «Փաշինյանի ձեռքի գործն է»։
«Ես 1999 թ․-ին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 1993-1994 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ: Եթե մեր երկրում ФСБ-ի հետ կապ ունի որևէ մեկը, միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ ФСБ-ի հետ… Շան տեղ մի դրեք դա, դրանից ավել էլ ինչ ասեմ»,- հայտարարել է նա։
Կարապետյանը նշել է, թե «գաղտնիք» է ասում լրագրողներին, այն է՝ «ФСБ-ի աշխատակից՝ արդեն եֆրեյտոր, Փաշինյանն է մենակ»։
«Դուք էլ իրեն գնացեք հարցրեք: Շուտով ստանալու է սերժանտ, ինքը բարձրանում է պաշտոնով»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, ով հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է․
«Էն լյուստրացիան, որը չարեցին ՀՀ իշխանությունները, անում են արևմտյան հատուկ ծառայությունները՝ հրապարակելով իրենց տեղեկությունները Հայաստանով զբաղվող ռուսական ագենտուրայի վերաբերյալ: Ըստ այս արտահոսքի՝ ФСБ- ի շարքային ստուկաչ է նաև կալուգացի օլիգարխը: Կարծում եմ՝ սրանց բոլորին պետք է անցանկալի անձ՝ պերսոնա նոն գրատա հայտարարել և վտարել Հայաստանից:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համոզված է․
«The Insider-ում նշված` Երևանում ՌԴ դեսպանության բոլոր ռուս »ձիպլոմատ»-ները պիտի հայտարարվեն պերսոնա նոն գրատա և 24 ժամվա ընթացքում։ Ի գո՜րծ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ գործակալները Հայաստանի ընտրություններում. The Insider