Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից
Մեկնաբանելով Պրահայի հայտարարությունը
«Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ղեկավարների մակարդակով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասվում է գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ։ Ինչի՞ մասին են խոսում դրանից հետո Երևանում ու Բաքվում։ Վերջին լուրերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներից, փորձագիտական գնահատականներ։
- «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը»․ բացահայտումներ «Հավաստի աղբյուր»-ի՞ց, թե՞ Հայաստանի վարչապետից
- «Բաքուն կպատժվի կատարած հանցագործությունների համար»․ հայ իրավապաշտպան
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. միջնորդները մնացին կուլիսներում
Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ ձեռք բերված համաձայնությունը կարող է մոտեցնել այս երկրների դիրքորոշումները խաղաղության պայմանագրի նախապատրաստման և միջպետական սահմանի սահմանազատման գործընթացում։ Բայց մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է։
Ներկայացնում ենք վերջին նորությունները Բաքվից և Երևանից, ինչպես նաև երկու կողմերի քաղաքական մեկնաբանների կարծիքները։
Տեղեկություններ Բաքվից
Ինչի՞ մասին է խոսել Ալիևը Պրահայում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին և երկրորդ հանդիպումների միջակայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը աստիճանաբար մոտենում են խաղաղությանը։ «Խաղաղ գործընթացին խթան է տրվել»,- նշել է նա։
«Շուտով նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, որից հետո մենք առաջարկեցինք, որ հանդիպեն նաև աշխատանքային խմբերը, երկու երկրների աշխատանքային խմբերը, որոնք, հնարավոր է, ոչ թե մեկ հանդիպման, այլ մի քանի օրվա ընթացքում կպատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղի թեմային և այդ տարածաշրջանի հայ բնակչության ապագային.
«Հայկական զինված կազմավորումները դեռ դուրս չեն բերվել մեր հողերից։ Մենք դա պահանջում ենք։ Ճիշտ է, նրանցից մի քանիսը հետ են քաշվել, բայց դեռ շարունակում են մնալ մեր հողի վրա, հուսով եմ, որ դրան էլ վերջ կտրվի, քանի որ ողջ միջազգային հանրությունն արդեն բացահայտորեն գիտակցում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Մենք դա ասում էինք ամեն անգամ՝ օկուպացիայի ժամանակ, պատերազմի ժամանակ և հետո։ Այսօր միջազգային հանրությունը ոչ միայն գիտակցում է այս ճշմարտությունը, այլև խոսում է այդ մասին։ Ղարաբաղում ապրող հայերը, ես այս մասին երեկ ասացի Աղդամում, մեր քաղաքացիներն են, և մենք մտադիր չենք այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ քննարկել նրանց ճակատագիրը, ապագան։ Դա մեր ներքին գործն է, հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ամեն դեպքում, նրանք կարող են վստահ լինել, որ իրենց կյանքը՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրված կյանքը, շատ ավելի լավն է լինելու, քան ներկայումս է»։
«Ինչպես կդասավորվի հայ բնակչության կյանքը Ղարաբաղում, առանձին պատմություն է։ Մենք նախատեսում ենք ակտիվացնել խորհրդակցությունները մեր արտաքին քաղաքական դաշինքի շրջանակներում, ինչպես նաև շարունակել ոչ պաշտոնական շփումները Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։ Պետք է ասեմ, որ նման շփումներ արդեն վաղուց են ընթանում։ Եվ կարծում եմ, որ դրանք կհանգեցնեն նրան, որ հիմնական բնակչությունը, որը դեռևս ապրում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հասկանա, որ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելուց բացի այլ ճանապարհ չկա։ Ով համարում է, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ, որ չի փոշմանի։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով դա ինչ-որ մեկին հարիր չէ, ապա նրանք կարող են իրենց համար այլ բնակավայր ընտրել»,- հավելել է նա։
Մեկնաբանություն Բաքվից
«Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ամենակարևոր կետը 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է»,- ընդգծել է քաղաքական մեկնաբան Աղշին Քարիմովը։
Նրա կարծիքով՝ այս թեզը հիմնարար գործոն կդառնա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար.
«Կարծում եմ՝ երկրորդ կարևոր արդյունքն այն է, որ այս հայտարարությունը Հայաստանին որևէ շանս չի թողնում միջամտելու Ղարաբաղյան հիմնախնդրին և Ադրբեջանին է վերապահում երկրի այդ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքները կարգավորելու իրավունքը։
Երրորդ՝ կողմերին այլևս չի հաջողվի խուսափել խաղաղությունից, բայց միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը չհամաձայնի սահմանազատման հարցում Ադրբեջանի պահանջների ծավալին։ Սա կարող է նոր մեկնարկային կետ ծառայել սահմանին ռազմական գործողություններ սկսելու համար։ Այստեղ կարևոր է նաև այն պայմանը, որ Ադրբեջանը դնում է բանակցություններում՝ սահմանային բուֆերային գոտու ստեղծումը»։
Քերիմովը նշել է, որ ԵՄ առաքելության մուտքը Հայաստանի տարածք կարող է լրջորեն շփոթեցնել Ռուսաստանին, և Կրեմլը, ամենայն հավանականությամբ, դա կգնահատի որպես հարված գոտկատեղից ներքև։ «Նման գնահատականների արդյունքը կարող են լինել Մոսկվայի կողմից Հայաստանին պատժելու նոր մեխանիզմները»,- ասել է քաղաքական մեկնաբանը։
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը համաձայն չէ իր տարածքում նման առաքելության հետ, քանի որ «նման քայլը ներկա լարված ժամանակաշրջանում բոլորի համար կարող է իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար»։
Քերիմովը նաև կիսվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին հետագա զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումներով.
1. Խաղաղության պայմանագրին մերձեցումը ցույց է տալիս, որ այս փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է։ Չնայած դրան, Ադրբեջանը կփորձի համակարգված կերպով դնել Հայաստանից երաշխիքներ ստանալու մի շարք պայմաններ։
2. Երևանը կփորձի սև երանգներ ավելացնել խաղաղության օրակարգին, սակայն դրա հետ մեկտեղ կարող է բախվել Բաքվի կողմից ուժի կիրառմանը։
3. Ռուսաստանը դեռ չի նախանձի Պրահայի հանդիպման արդյունքներին, բայց եթե ԱՄՆ-ն փորձի դրանցից դիվանագիտական օգուտ քաղել, Մոսկվան կարձագանքի այդ քայլին։
4. Չեմ հավատում, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր մակարդակներում աջակցել Հայաստանին, որը փորձում է հարաբերությունների վեկտորը շրջել դեպի Արևմուտք։ Այդ իսկ պատճառով Կրեմլը, անշուշտ, կմեծացնի խաղադրույքը Ադրբեջանի վրա, իսկ Հայաստանի վրա՝ ճնշում գործադրելու ռեժիմը»։
Ինչպե՞ս է Երևանը մեկնաբանում Պրահայի բանակցությունները
Պրահայում բանակցությունների երկու փուլից հետո Հայաստանում առայժմ հրապարակվել է միայն կողմերի ընդունած հայտարարության տեքստը։ Այն լրացվել է Twitter-ում Նիկոլ Փաշինյանի կարճ գրառմամբ.
«Պրահայում ես վերահաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չտվեց. Ես հաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»։
Փաստորեն, Հայաստանի վարչապետն ասում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել «միջանցք» տրամադրել երկրի հարավով՝ Սյունիքի մարզով, այսինքն՝ ճանապարհ, որը հայկական կողմը չի վերահսկի։ Փաշինյանի տեքստից պարզ է դառնում, որ Հայաստանը նույնպես շարունակում է պնդել՝ ճանապարհները կտրամադրվեն, բայց այդ տարածքների նկատմամբ ինքնիշխան վերահսկողության պահպանմամբ։
Բանակցություններից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը Պրահայից մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի է ունենալու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ուստի նրանից այլ հայտարարություններ ու բացատրություններ դեռ չեն սպասվում։
Հայաստանի իշխանությունների հայտարարության տեքստի մեկնաբանություն կարելի է համարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը։ Նա հայկական կողմի համար առանձնացրել է երկու կարևոր կետ.
1. «Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը տեղակայվելու է սահմանի երկայնքով»։
Իսկ դա, ըստ Մարուքյանի, նշանակում է, որ «տեղում վերահսկվելու է Ադրբեջանի հետագա ագրեսիան, ավելին՝ կարձանագրվի Հայաստանի ինքնիշխան տարածքի արդեն օկուպացված հատվածը»։
Նա հիշեցնում է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որ «Եվրամիությունը ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի հակազդեցության պատճառով առաքելությունը չի ուղարկվել»:
2.«Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, որից հետո Ադրբեջանն այլևս չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքին սահմանազատման գործընթացում։ Ինչը նաև նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն նախկինում օկուպացված տարածքներից»։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են «որոշակի համաձայնության գալ սահմանների անձեռնմխելիության հարցում»։ Ասում է՝ այդ մասին է վկայում հղումը Ալմա-Աթայի հռչակագրին՝ մի փաստաթղթի, որտեղ երկու երկրներն էլ ստորագրել են տարածքային ամբողջականության արձանագրման ներքո։
Բադալյանի գնահատմամբ՝ պետք է հասկանալ՝ այդ համաձայնությունն ինչպես կամրագրվի խաղաղության պայմանագրում։
«Հայտնի է, որ Երևանը բարձրացնում է նաև Արցախի անվտանգության և իրավունքների հարցը։ Պայմանագրում որևէ կերպ պետք է ամրագրվի այդ հանգամանքը, այլապես այն կվերածվի ծուղակի, որտեղ Արցախը դառնում է «Ադրբեջանի ներքին խնդիր»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը՝ վերլուծաբանը նկատում է՝ խոսքը դիտորդների մասին է, բայց ոչ ռազմական։ Ըստ նրա՝ դա ենթադրում է շատ ավելի ցածր կարգավիճակ, ցածր պատասխանատվության աստիճան։
«Չեմ պատկերացնում, թե քաղաքացիական առաքելությունը ինչ արդյունք է տալու, որքանով է զսպելու Ադրբեջանին, եթե նկատի ենք ունենում նաև այն, որ ապակայունացման խթանները մեր ռեգիոնում ունեն շատ ավելի լայն ռազմաքաղաքական խորքեր»,- շեշտել է Բադալյանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ դիտորդների տեղակայման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել պարզապես ցույց տալու համար, որ հանդիպումը Պրահայում ունեցել է որևէ արդյունք։
Մյուս կողմից նկատում է՝ ռազմական դիտորդական առաքելությունը համաձայնեցման առումով բարդ և բազմաթիվ շերտերի հետ առնչվող հարց է․
«Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր պատրաստ են ռազմական դիտորդների մասնակցությամբ պատասխանատվություն ստանձնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի համար։ Արդյո՞ք Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը համաձայն կլինեն Եվրամիության ռազմական դիտորդական առաքելության ներգրավմանը»։
Քաղաքացիական առաքելության հետ կապված հարցերն էլ քիչ չեն։ Օրինակ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը խմբի հետ համագործակցելու «այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Բադալյանի դիտարկմամբ՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներն ու ներկայիս իրավիճակը հնարավոր կլինի գնահատել այս և շատ այլ հարցերի պատասխաններ ստանալուց հետո միայն։
«Մի բան հստակ է՝ Հայաստանը շահագրգռված է, որ սահմանային արձանագրումները լինեն որքան հնարավոր է արագ, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր ռազմական առավելությունը քաղաքական առավելության վերածելու հնարավորություններից։ Որպեսզի Ադրբեջանը հայտնվի մի իրավիճակում, երբ հստակ պարզ կլինի, որ ապակայունացման որևէ գործողություն ենթադրելու է քաղաքական պատասխանատվություն։ Բարդ է ասել՝ որքան մոտ ենք այդ իրավիճակին։ Հստակ մեխանիզմներ դեռևս չեն երևում»,- ընդգծել է վերլուծաբանը։
Հակոբ Բադալյանը չի կարծում, թե հնարավոր է՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն արագ իրականացնել։ Ասում է՝ նույնիսկ Հայաստան-Վրաստան սահմանի դեպքում, երբ հայ-վրացական հակամարտություն գոյություն չունի, այն ձգվում է երկար տարիներ։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երկու ֆորմատ է գործում՝ մոսկովյան և բրյուսելյան։ Բադալյանը դժվարանում է ասել՝ քառակողմը կդառնա՞ նոր ձևաչափ, թե՞ ոչ։ Հիշեցնում է՝ Մակրոնի նախաձեռնությամբ այս տարվա մարտին նույն կազմով տեսակոնֆերանս էր կազմակերպվել։ Դրանից հետո, սակայն, ամիսներ շարունակ քառակողմ ֆորմատով ոչինչ տեղի չունեցավ։
«Բարդ է ասել՝ արդյո՞ք գործ ունենք հաստատուն ձևաչափի հետ, թե՞ Ֆրանսիան պարզապես փորձում է օգտագործել իր հնարավորությունները «խաղից դուրս չհայտնվելու», իր տեղն ու դերը ցույց տալու համար»,- ամփոփել է քաղաքական մեկնաբանը։
Մեկնաբանելով Պրահայի հայտարարությունը