Հայաստանի ՊՆ նախկին նախարարը կմնա կալանքի տակ
Թարմացում
24 հունվարի, 2022
Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին հայտնեց նախկին նախարարի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց լրագրողներին, որ իր պաշտպանյալը ներկա էր նիստին։
Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ «շատ կարճ ժամկետում» վերաքննիչ բողոք կներկայացվի։
21 հունվարի, 2022
Իշխող ուժի երկու պատգամավորներ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել: Անձնական երաշխավորությամբ հանդես է եկել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը միջնորդության հետ կապված որոշումը կհրապարակի հունվարի 24-ին:
Քրեական գործի մանրամասները, պաշտպանների դիրքորոշումն ու պատգամավորների մեկնաբանությունները
Հունվարի 20-ին խորհրդարանի իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ներկա էին դատական նիստին, որ հանրության շրջանում առավել հայտնի է «անպիտան հրթիռների» գործ անունով:
Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ: Նույն գործով անցնում են նաև բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև բանակին նշված հրթիռները մատակարարած ընկերության տնօրենը:
Գրեթե չորս ամիս է, ինչ նախկին նախարար Տոնոյանն ու մյուս մեղադրյալները կալանավայրում են: Նույն գործով անցնող և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող Գլխավոր շտաբի պետը, սակայն, ազատության մեջ է: Ազգային անվտանգության ծառայությունը չի ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն:
Նախաքննությունն իրականացրած մարմնի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նախնական համաձայնության են եկել «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ և պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով 2018 թ. ընկերությունից ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
ՔՊ-ական պատգամավորները լրագրողների հետ չէին զրուցել, իսկ Արամ Սարգսյանը նշել էր, որ պատրաստվում է երաշխավորությամբ հանդես գալ:
Ավելի ուշ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանը հայտնել էր, որ երեքն էլ անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարարին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:
Նախարարի փաստաբանն ասում է՝ անտրամաբանական կլինի, եթե դատարանը մերժի ստացված միջնորդությունները:
Տոնոյանի ու մյուսների գործով պաշտպան Երեմ Սարգսյանը կարծում է՝ իր պաշտպանյալների հետագա կալանավորման համար որևէ հիմք չկա: Որպես օրինակ՝ նա ներկայացնում է ազատության մեջ գտնվող, բայց գործով անցնող Գլխավոր շտաբի պետին:
Փաստաբանի համոզմամբ՝ իր պաշտպանյալներին առնվազն կարելի է գրավի դիմաց ազատ արձակել։
«Այդ հրթիռները կրակվել են և պիտանի են եղել պատերազմի ժամանակ։ Բոլորը գիտեն այդ մասին, ոչ ոք դա հերքել չի կարող։ Հիմա փորձում են շեշտը դնել այն բանի վրա, որ հրթիռները անորակ էին», — նշել է Երեմ Սարգսյանն ու հավելել, որ տպավորություն է, թե կալանքը պատժի միջոց է։
Դատախազության պահանջով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «անորակ հրթիռների» գործը քննվում է դռնփակ ռեժիմով: Նիստերը կիսափակ ռեժիմով անցկացնելու միջնորդությունները մերժվել են:
Փաստաբանների դիտարկմամբ՝ գործի մանրամասներն արդեն հրապարակվել են, գաղտնիության մասին խոսելն ավելորդ է, ուստի պետք է գործը քննարկել հրապարակային, ոչ թե «ընտրած փաստերի վրա պատկեր ստեղծել»:
Օրեր առաջ էլ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ընդգծելով, որ Տոնոյանը անհրաժեշտ է համարում գործի դռնբաց քննությունը:
Ինչո՞ւ են Տոնոյանին օգնության ձեռք մեկնել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նախ հրաժարվել է մեկնաբանել անձնական երաշխավորություն ներկայացնելու մասին հարցը, ապա իր որոշումը բնորոշել որպես «անձնական վերաբերմունք»:
Պատգամավորը նշել է, որ «բացարձակ կապ չունի»՝ իշխանությունը կիսում է իր տեսակետը, թե ոչ:
«Առաջին դատապարտողը ես եմ լինելու», — ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ինչ կանի, եթե պարզվի, որ մեղադրանքը համապատասխանում է իրականությանը:
Իշխող ուժի պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը սկզբում խուսափել է հարցին պատասխանելուց՝ ասելով, թե ժամանակ չունի:
Տոնոյանի անմեղության հավանականության վերաբերյալ հարցին պատգամավորը պատասխանել է, թե չի խառնվում դատական պրոցեսին.
«Ես չեմ խառնվում գործընթացին, իմ երաշխավորությունն ընդհանրապես դատական գործի հետ կապված չէ»: