«Պետք է անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հոկտեմբերի 25-ից Հայաստանի խորհրդարանում ընթանում են 2022 թ․ բյուջեի նախագծի քննարկումները։ Տնտեսական կանխատեսումներում հայ-թուրքական սահմանի բացումը ներառված չէ։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն անդրադարձել է գնաճին, այս տարվա համար խոստացված երկնիշ տնտեսական աճին, ինչպես նաև 2022 թ․ կանխատեսումներին։
Նոյեմբերի 2-ին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Քերոբյանը հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները որակել է որպես «ժամանակավրեպ»․
«Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների և տնտեսության շահերը, մենք կկարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում»։
Խորհրդարանական հանձնաժողովները կշարունակեն քննարկել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ ԱԺ լիագումար նիստում փաստաթուղթը կքննարկվի՝ սկսած նոյեմբերի 16-ից։
Մինչ այդ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է այլ տնտեսական հարցերի։ Նրա խոսքով՝ գնաճը կառավարությանը շատ է անհանգստացնում, բայց այն տեղական երևույթ չէ․
«Աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում։ Պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում քովիդի ժամանակ կարելի է ասել՝ «հանգնեցվեցին» գործարանները և հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզ է, լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել», — նշել է նախարարը։
Քերոբյանն ասում է՝ աշխարհի բազմաթիվ երկրներում պահանջարկի և առաջարկի միջև խզում է առաջացել․ առաջարկն ավելի քիչ է։
Անդրադառնալով Հայաստանում արտադրվող ապրանքների գնաճին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ կան ապրանքներ, որոնք բարձր գնով են արտահանվում, այդ պատճառով էլ գյուղացիները գինը բարձրացնում են նաև տեղական շուկայի համար։ Նախարարը բերեց կարտոֆիլի օրինակը՝ նշելով, որ եթե նախորդ տարի մի քանի հարյուր տոննա էր արտահանվել ՌԴ, ապա այս տարի արտահանվել է 40.000 տոննա․
«Մենք նրանց [տեղացիների] այդ ընտրությունը չենք սահմանափակում, որովհետև գիտեք՝ գյուղատնտեսությունը մի տարի շատ լավ է լինում, մյուս տարի՝ շատ վատ»։
Քերոբյանի համոզմամբ՝ նման ծավալի արտահանումը պարենային անվտանգության խնդիր չի առաջացնի։
Կա միայն գնաճի խնդիր, որի առաջին պատասխանատուն, ըստ նախարարի, Կենտրոնական բանկն է․
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն գործիքները, որ ունի Կենտրոնական բանկը, այս պարագայում կիրառելի չեն։ Խնդիրը բացարձակապես արտարժույթի փոխարժեքի կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճշգրտումների դաշտում չէ»։
Լրագրողները հիշեցնում են պաշտոնը ստանձնելուց հետո խոստացված երկնիշ տնտեսական աճի մասին։ Էկոնոմիկայի նախարարը խոստանում է արդյունքներն ամփոփել տարեվերջին՝ նշելով, որ անվանական տնտեսական աճը կլինի 13-14%, ու հիշեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչության թիրախը հենց անվանական աճն է։
2022 թվականի համար կառավարությունը 7% տնտեսական աճ է կանխատեսել։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հաջորդ տարվա տնտեսական աճի մեջ որևէ կերպ կանխատեսված չեն Ամուլսարի շահագործման և ապաշրջափակման արդյունքները։
Նախարարը հիշեցնում է, որ գործադիրը ներդրումների խթանմանն ուղղված երկու խոշոր ծրագիր է գործարկելու։
«Պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի», — ամփոփում է Քերոբյանը։