Ներքաղաքակա՞ն, թե՞ արտաքին գործընթացների արդյունք․ պաշտոնանկություններ ՀՀ-ում
Պաշտոնանկություններ Հայաստանում
Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային»։
Մինչ այս պահը հաղորդվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Ներքին գործերի նախարարի, Քննչական կոմիտեի նախագահի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և ՊԵԿ նախագահի ազատման մասին։
Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը նման որոշում է կայացրել կառավարության վերջին նիստից հետո, որի ընթացքում անդրադարձել էր դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և հայտարարել՝ իր «համբերության բաժակը լցվել է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ այդ պաշտոնյաները որևէ կերպ չէին շեղվել այն քաղաքական նպատակներից, որ հետապնդում է Փաշինյանի իշխանությունը։ Կարծում է՝ նման փաթեթային որոշման են հանգեցրել ոչ թե առանձին կառույցների ֆունկցիոնալ արդյունավետության հետ կապված խնդիրները, այլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող էական փոփոխությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը։
«Փաշինյանին այս նոր իրավիճակում պետք է լինելու ավելի վստահելի և կառավարելի, գուցե՝ նաև այլ տրամաբանությամբ համակարգ։ Նոր նշանակումները ցուցիչ կլինեն՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանություն կարող է աշխատել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բադալյանը։
Վարչապետն է «խնդրել թողնել զբաղեցրած պաշտոնը»
Պաշտոնանկությունների թեման հայաստանյան լրատվամիջոցները քննարկում են նախօրեից, սակայն կառավարությունը այս թեմայով պարզաբանումներ չէր ներկայացնում։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է վարչապետը։
Պաշտոնից հեռացողները չեն ուզում խոսել «խորքային պատճառների» մասին
Սպասվող պաշտոնանկությունների մասին լուրերի ֆոնին այսօր առավոտյան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հայտարարել ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին․
«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու»։
Անդրեասյանը շեշտել է՝ պաշտոնը թողնում է «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության»։ Բայց նաև հավելել է՝ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել։ ԲԴԽ արդեն նախկին նախագահի գնահատմամբ՝ ինքը դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից և դրել ինստիտուցիոնալ հիմքեր։
«Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել»,- գրել է Անդրեասյանը, ով ԲԴԽ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2022 թ․-ից։
Այս գրառումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նախագահ Սասուն Խաչատրյանն էլ է ազատման դիմում գրել։ Բացի այդ, ազատման դիմում են ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ներքաղաքական ենթատեքստ կա՞․ իշխող թիմի և ընդդիմության տեսակետները
Խորհրդարանական ընդդիմությունը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանության մեջ։ Ընդդիմիմադիրները պնդում, որ 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է նոր իմիջ ձևավորել։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ: Այս քայլը դիտարկում եմ նախընտրական տրամաբանության մեջ»։
Իշխող ուժի փոխանցմամբ՝ հարցը պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե ներքաղաքական կամ նախընտրական գործընթացների համատեքստում։
«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ։ Եվ չափազանց կարևոր է, որ այդ պահանջը էմոցիոնալից վերածվի ինստիտուցիոնալ իրողության։ Այս մասով կան իրականացված գործեր, բայց նաև՝ բացթողումներ և չարված գործեր»,- նկատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու, ուստի «որևէ անակնկալ» տեղի չի ունեցել։
«Չեն հավատում, որ ես չեմ ստորագրում բեմականացումների սցենարների տակ»․ Փաշինյան
Կառավարության նոյեմբերի 14-ի նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր դատաիրավական համակարգի բարեփոխումներին և նշել․ 2018 թ․-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ մարդիկ ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն քրեակատարողական հիմնարկներ։ Ըստ Փաշինյանի՝ որոշել են գնալ ոչ թե այդ, այլ ինստիտուցիոնալ ճանապարհով․
«Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ։ Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»:
Խոսելով երկար տարիներ ձգվող դատավարությունների մասին՝ վարչապետը շեշտել էր՝ լրջագույն քաղաքական խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում, թե այդ բոլոր «բեմականացումների սցենարների» տակ ինքը՝ Փաշինյանը չի ստորագրում։ Այդ խնդիրն, ըստ նրա, պետք է լուծվի։
Փաշինյանը նման հայտարարություններ էր արել, մասնավորապես՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության քննարկումից հետո։ Շեշտել էր՝ իրավապահ համակարգը բարեփոխելու համար կառավարությունն ահռելի ներդրումներ է արել։ Ուստի այդ ներդրումները պետք է տեսանելի լինեն մարդկանց համար, հանրությունը չպետք է դժգոհի արդարության պակասից։
«Ես էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ։ Չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Որ գյուղ մտնեմ, մարդիկ էդ նույն բաներից խոսեն, որ բոլորը վախում էին էս մեկից, հիմա էլ են վախում։ Ու ստացվի, որ ՀՀ-ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա»,- ընդգծել էր վարչապետը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքը
«Հակված եմ մտածել, որ այս ներքին փոփոխությունները, հատկապես՝ փնջային, փաթեթային բնույթով, պայմանավորված են արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններով։ Մեր իշխանական համակարգը այդ փոփոխություններին համարժեք, համահունչ դարձնելու, դրանց ավելի արագ ադապտացվելու համար են։
Կառավարության նիստին վարչապետը իրավապահների հասցեին շատ կոշտ ելույթ ունեցավ։ Բայց այդ ելույթի տրամաբանությունը ոչ թե ենթադրում էր, որ շատ շուտով սպասվում են փոփոխություններ, այլ տպավորություն էր, թե իրավապահներին տրվում է վերջին շանս՝ ուղղվելու, հետևություններ անելու։ Եվ միայն այդ շանսը չօգտագործելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։
Հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ երեք օրերի ընթացքում, որ կայացվեցին պաշտոնանկության մասին փնջային որոշումներ։
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ ավելի վաղ էր հասունացել այդ սցենարը։ Կառավարության նիստի ելույթը պարզապես նախերգանք էր, որով նախապատրաստվեց որոշումը՝ դրանից մաքսիմալ քարոզչական էֆեկտ ստանալու տրամաբանությամբ։ Իսկ որոշումը կայացվեց՝ ըստ արտաքին միջավայրից ստացվող ազդակների։ Սա չի նշանակում ստացվող ցուցումներ, այլ ազդակներ, որոնք Փաշինյանին կարող էին բերել ունեցած սցենարի իրագործման։
Տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքում տեղի է ունենում որոշակի միջավայրային փոփոխություն։ Թրամփը այլ ոճով է մասնակցելու միջազգային զարգացումներին, դա նշանակելու է «միջազգային սակարկությունների» նոր տրամաբանություն։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունը, բնականաբար, իր վրա զգալու է այդ փոփոխությունների ազդեցությունը։ Ըստ իս, Փաշինյանը փորձում է այս պայմաններում իր իշխանութունը կազմակերպել սպասվող կամ հնարավոր փոփոխություններին առավել ադապտացված լինելու նկատառումով։
Առանձին կառույցների ֆունկցիոնալ արդյունավետության տեսանկյունից շատ վաղուց կային փոփոխությունների հիմքեր, բայց դրանք չէին արվում։
Սա նշանակում է, որ բուն խնդիրն ամենևին էլ ֆունկցիոնալ արդյունավետությունը չէ։ Առավել ևս, որ դեռ պետք է տեսնել՝ նոր նշանակումներն ինչ-որ էական բան են փոխելո՞ւ, թե՞ ոչ։
Ակնհայտ է, որ այդ պաշտոնյաները որևէ կերպ չէին շեղվել այն ընդհանուր քաղաքական նպատակներից, որ հետապնդում է Փաշինյանի իշխանությունը, նույնիսկ եթե պիտի լինեին ապաքաղաքական կամ վերքաղաքական։ Անմիջական ոլորտային նկատառումները չէ, որ բերել են այդպիսի որոշման։
Ավելի ստույգ գնահատականների հնարավորություն կլինի, եթե տեսնենք, թե ովքեր են նշանակվում այդ պաշտոններին և ինչ տրամաբանությամբ են լինելու այդ նշանակումները։
Չի բացառվում, որ Փաշինյանը արտաքին միջավայրում վերոնշյալ փոփոխությունների առումով ուզում է ունենալ իր համար շատ ավելի կուռ քաղաքական ենթակայությամբ ներիշխանական թիմ։ Գուցե փորձելու է նշանակել իր համար առավել վստահելի մարդկանց, հատկապես դատաիրավական համակարգում։ Բայց կարծում եմ՝ գլխավոր մոտիվացիոն աղբյուրը արտաքին միջավայրում տեղի ունեցող կամ տեղի ունենալիք փոփոխություններն են։
Խորհրդանշական էր, որ որոշումները տեղի ունեցան արտաքին երկու նշանակալի իրադարձությունների միջակայքում՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի և Վատիկան այցի։ Ես այդտեղ տեսնում եմ ոչ թե ցուցումներ, այլ ազդակներ արտաքին միջավայրից, որոնք Փաշինյանին բերում են ներքին որոշումների։
Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ արդեն շատ վաղուց Փաշինյանը ծավալում է իր թիմի նկարագրի, ինչպես նաև կազմի վերափոխման գործընթաց՝ թիմին նոր արյուն ներարկելու գործընթաց։
Շատ լավ հասկանում է, որ այս թիմով ոչ հերթական, ոչ էլ անհրաժեշտության դեպքում արտահերթ գործընթացի գնալ հնարավոր չէ։ Որքան էլ, որ իշխանությունը չունի ուժեղ ներքին մրցակիցներ։ Այս փոփոխությունները հնարավոր է դիտարկել նաև թիմին նոր արյուն ներարկելու այդ գործընթացի շրջանակներում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Պաշտոնանկություններ Հայաստանում