Չորրորդ հանդիպումը Պուտինի հետ. Ալիևն ու Փաշինյանը մնացին իրենց կարծիքի՞ն
Պուտին-Ալիև-Փաշինյան չորրորդ հանդիպումը
Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը։
Երկու ժամից ավելի տևած հանդիպման ավարտին Պուտինը հայտարարել է, որ՝
- Ալիևի և Փաշինյանի հետ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն.
- Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար,
- Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկխոսությունը շարունակելու և տարածաշրջանում հակամարտությանը վերջ դնելու համար։
Բանակցությունների արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում կարդինալ որոշումներ չկան։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իրենց կարծիքին են մնացել։
Ի՞նչ էին ակնկալում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Սոչիի բանակցություններից, ինչի՞ մասին են զրուցել Պուտինի հետ երկկողմ ձևաչափով, ինչի՞ են հանգել բանակցողները՝ հայտարարության տեքստը, նաև Երևանի և Բաքվի փորձագետների մեկնաբանությունները։
- «Եթե Հայաստանն ընդունի ռուսական պլանը, Կրեմլը կերաշխավորի՞ անվտանգությունը»․ Փաշինյան
- ՌԴ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ. մեկնաբանություններ Բաքվից
- Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում
Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Փաշինյան. «Հայաստանն այժմ սպասում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշմանը»
Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ընդհանուր առմամբ՝ ներառյալ ընդլայնված կազմովը, այսինքն՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները, տևել է 2 ժամ։
Բացման խոսքում, երբ տեսախցիկները դեռևս միացված էին, Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության թեմայի վրա և թվարկել Հայաստանին հուզող բոլոր խնդիրները։
Նա, մասնավորապես, խոսել է խաղաղության պայմանագրի և դրա ռուսական տարբերակի մասին, որը Փաշինյանը Հայաստանի համար ընդունելի է որակել։ Բայց մի վերապահումով. եթե Ռուսաստանը «պաշտպանի իր առաջարկները»: Ըստ երևույթին, վարչապետը նկատի ուներ այդ նախագծով ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության մասին Ռուսաստանից երաշխիքներ ստանալը։
Այնուհետև Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանի պահանջների և Ռուսաստանի չկատարած պարտավորությունների մի ամբողջ ցանկ՝
- Ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել էին 2022 թվականի մարտին։
Խոսքը Փառուխ գյուղում և Քարագլուխի՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքում տարածքային կորուստների մասին է։ Այստեղ ստեղծված իրավիճակի սկանդալային վարկած է ներկայացրել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն առաջարկել են լարվածությունը թուլացնելու համար այդ տարածքից հեռացնել և՛ հայկական, և՛ ադրբեջանական դիրքերը, պայմանավորվածությունն իրականացրել է միայն հայկական կողմը։ Ադրբեջանի ԶՈւ-ն, օգտվելով ստեղծված իրավիճակից, առաջ է եկել այս տարածքներում։ Ռուս խաղաղապահները ոչ մի դիմադրություն չեն ցույց տվել — JAMnews.
Փաշինյանն ընդգծել է, որ «ի հեճուկս ամենաբարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների»՝ ադրբեջանական զինուժը չի վերադարձել ելման դիրքեր։
- Սահմանների դելիմիտացիայի գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված մեխանիզմների ստեղծումը։ Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ հանձնաժողովի ձևավորումն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։
«Մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, սակայն որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց նոր տարածքներ»,- ասել է նա։
Հայաստանն այժմ սպասում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշմանը այս հարցում՝ «ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»։ Առաջին ներխուժումը Հայաստանի տարածք հենց նախորդ տարվա մայիսին էր։
- Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այս հարցում և պատրաստ է կոնկրետ որոշումներ ընդունել 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակներում։
«Խնդրի էությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաները պետք է գտնվեն նրա լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա։
Այսպիսով, նա փաստացի պահանջել է դադարեցնել խոսակցությունը Հայաստանի հարավով արտատարածքային միջանցքի մասին, ինչին ձգտում է Ադրբեջանը։
- Ադրբեջանում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցը
«Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այդ հարցը և հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այն դեռևս լուծված չէ»։
Վերջում, սակայն, նա շնորհակալություն է հայտնել Պուտինին այն ջանքերի համար, որոնք նա գործադրում է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն բերելու համար։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նախապես հայտարարեց, որ Սոչիի հանդիպումից «ոչ մի դրական բան պետք չէ սպասել»։ Նա կարծում է, որ Սոչիում «իրականացվում է արևմտյան սահմանազատման տորպեդահարում, և դրա փոխարեն իրագործվում է ռուսական սահմանազատման գործողություն».
«Կարծես կա պայմանավորվածություն՝ մինչև տարեվերջ անել սահմանազատումը, և եթե հիմա ՌԴ-ն փորձում է ի չիք դարձնել և սեփական օրակարգն առաջ տանել, այդպիսով հարվածում է նաև Արևմուտքի հնարավորություններին՝ խաղաղության գործընթացի վրա աշխատելու»։
Ինչ վերաբերում է ԼՂ-ին ու Պուտինի այն հայտարարությանը, թե իբր, համաձայն «Վաշինգտոնի» հաշտության պայմանագրի՝ դա Ադրբեջանի տարածքն է։ Փորձագետն ասում է.
«Պուտինի «Վալդայ» ակումբում ամբողջ հայտարարությունն այս թեմայով խիստ մանիպուլյատիվ էր, ինչպես ներկա իրադրության վերլուծության, այնպես էլ նախկինի վերաբերյալ։ Երբ նա խոսում է, որ հայերին առաջարկում էր 5 շրջան տալ և գնալ խաղաղ ապրել, տպավորություն է ստացվում՝ բոլոր կողմերը կոնստրուկտիվ էին, այդ հայերն էին, որ համառորեն 5 շրջան չէին ուզում տալ։ Սերժ Սարգսյանը նախկինում ասել է՝ ինքը պատրաստ է եղել տալ 5 շրջանները՝ կարգավիճակի, խաղաղության պայմանագրի դիմաց։ Ադրբեջանն է եղել, որ 5 շրջանի դիմաց հրաժարվել է որևէ զիջման գնալ։ Այնպես որ՝ Երևանի վրա քաղաքական պատասխանատվություն թողնելու միտումը մենք լավ հասկանում ենք և թույլ չենք տալու»։
Ալիև. «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է»
Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններից հետո նման հանդիպում է կայացել ՌԴ նախագահի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև։
Հանդիպման` մամուլի համար բաց հատվածում Ալիևը մատնանշել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների «դրական դինամիկան»։
Ալիևը հայտարարել է, որ եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.
«Վերջերս Ադրբեջանը առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, և կարծում եմ՝ դրանց հիման վրա կարելի է հասնել կարգավորման»։
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ այդ հակամարտությունն «արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այդ համատեքստում գործնականում քննարկելու ոչինչ չկա»։
Իր պատասխան ելույթում Վլադիմիր Պուտինը նկատել է, որ «անհրաժեշտ կլինի խոսել այն իրավիճակի մասին, որն այսօր ստեղծվել է, փնտրել ուղիներ դեռևս չլուծված հարցերի լուծման համար»։
Մեկնաբանություն Բաքվից
«Ռուսաստանում Ալիևի և Փաշինյանի հերթական՝ արդեն չորրորդ հանդիպումը, կրկին շոշափելի արդյունքների չբերեց»,- հանդիպումից հետո JAMnews-ին ասել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Մաիս Կասումովը։
Նրա խոսքով՝ ամփոփիչ հայտարարության մեջ «չկա ոչ մի նորություն, որի մասին արժե երկար խոսել»։
«Այո, առաջին անգամ Պուտինի հետ հանդիպումներում կողմերը պայմանավորվեցին 1991 թվականի Ալմա-Աթայի փաստաթղթերի գերակայության մասին, ինչն արդեն քննարկվել էր Պրահայում։ Կարելի է ենթադրել, որ սահմանների դելիմիտացիան կիրականացվի ուղիղ 31 տարի առաջվա քարտեզներով։
Թեև սա կարող է ընդամենը փաստի արձանագրում լինել, քանի որ Պրահայի հանդիպումից հետո կողմերն արդեն ինտենսիվ բանակցություններ էին վարում սահմանազատման շուրջ, իսկ ռուսական կողմին այլ ելք չէր մնում, քան դրանց մասին հայտարարելը»։
Կասումովն ընդգծում է՝ փաստաթղթում Ղարաբաղի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա.
«Պուտինի հետ հանդիպումից առաջ Ալիևի ելույթում ակնարկ կար, որ Ադրբեջանը չի պատրաստվում քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ Բաքվի համար այն լուծված է.
Ըստ ամենայնի, Պուտինը ստիպված է եղել համաձայնել Ալիևի փաստարկների հետ, ինչը դժվար չէ կռահել ՌԴ ղեկավարի այն խոսքերից, թե՝ որոշ հատվածներ հանել են փաստաթղթի վերջնական տարբերակից։ Ինձ թվում է՝ խոսքը Ղարաբաղի մասին է»։
Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ այս հանդիպումը, հաշվի առնելով Ղարաբաղի վերաբերյալ պարբերության բացակայությունը, կարող է ավելացվել ադրբեջանական կողմի շահումների ցուցակում։
«Սակայն կրկին ստույգ ձևակերպումներ չկան, կողմերի միջև առկա այլ սուր հարցերի լուծում չկա։ Եվ այս հայտարարությունը դժվար է ինչ-որ ձեռքբերում անվանել։ Իրականում այն թողեց ամեն ինչ այնպես, ինչպես կար»,- ամփոփել է նա։
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունների խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրի։
Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։
Պուտին-Ալիև-Փաշինյան չորրորդ հանդիպումը