Չեչնիայում վթարի հետևանքով զոհվածների հարազատները հանրային կերպով խնդրել են պետության ղեկավարին «ներել» մեղավորին՝ վերջինիս ազգականին
Գրոզնիում տեղի ունեցած ավտովթարում զոհված 3 անձանց հարազատները հանրային կերպով խնդրել են Չեչնիայի (հանրապետություն Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի կազմում) նախագահին չպատժել ենթադրյալ մեղավորին՝ նախագահի զարմիկին։
Ավտովթարը տեղի է ունեցել Գրոզնիում դեկտեմբերի լույս 5-ի գիշերը։ «Մերսեդեսի» վարորդը հարվածել է ՎԱԶ-2107 ավտոմեքենային, դրա հետևանքով զոհվել են բոլոր ուղևորներն, այդ թվում՝ երկամյա երեխա։ «Մերսեդեսի» վարորդը չի տուժել։
Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզելը», որպես վթարի մեղավոր սոցցանցերի օգտատերերը նշել են բարձրաստիճան պաշտոնյա, Ռամզան Կադիրովի զարմիկ, Շալինի շրջանի ղեկավար Թուրփալա-Ալի Իբրահիմովին։ Սակայն Չեչնիայի ՆԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ վթարի մեղավորն ուրիշ մարդ է, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
•Իշխանությունը Չեչնիայում որպես Ռամզան Կադիրովի ընտանեկան բիզնես
•Կրեմլի ինչի՞ն է Ռամզան Կադիրովը
Դեկտեմբերի 13-ին զոհվածների հարազատները հանդիպել են կրոնական գործիչ և կրոնի հարցերով Կադիրովի խորհրդական Ադամ Շահիդովի հետ։ Հանդիպման ժամանակ վթարի զոհերի հարազատները կոչով դիմել են Կադիրովին, որ նա չպատժի Թուրփալա-Ալի Իբրահիմովին
Զոհվածների հարազատների ուղերձի տեսագրությունն Ինստագրամի իր էջում դեկտեմբերի 15-ին տեղադրել է Շահիդովը, և դրան վերաբերող գրառման մեջ բացահայտ նշել, որ պաշտոնյան մասնակից է վթարին։ Կադիրովի խորհրդականը ողջունել է զոհվածների հարազատների ուղերձը և հույս հայտնել, որ հանրապետության ղեկավարը կարձագանքի դրան։
Ինչպես նշում է «Կավկազսկի ուզելը», «Չեչնիայում ներելու պարբերաբար հնչող խնդրանքները մեծ մասամբ ոչ ինքնակամ բնույթ են կրում»։ Ընդ որում, նշվում է, որ լուրեր չկան այն մասին, որ մեղավորին ներելու վերաբերյալ վթարի զոհերի հարազատների խնդրանքը կարող էր ստիպողական բնույթ կրել։
Դեկտեմբերի 7-ից Չեչնիայում WhatsApp-ով տարածվում է իր ստորադասների հետ խորհրդակցություններից մեկի ժամանակ Չեչնիայի ղեկավարի ելույթի ձայնագրությունը, որտեղ նա պահանջում է պատժել վթարի մեղավորներին՝ անկախ իր հետ նրանց ունեցած ազգակցական հարաբերություններից, զբաղեցրած պաշտոններից և կոչումներից։
Չեչնիայի բնակիչները հիմքեր ունեն չվստահելու այս կամ այն իրադարձության մասին իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին, որոնց մասնակից են բարձրաստիճան պաշտոնյաները և Կադիրովի շրջապատի ներկայացուցիչները, կարծում է տեղի հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակից Ասլանը։ «Մարդիկ չեն հավատում, քանի որ նախադեպեր կան», — «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է Ասլանը։
Նա պատմել է մահվան ելքով ավտովթարների մի քանի դեպքերի մասին, որոնց մեղավորները Կադիրովի մերձավոր շրջապատից են եղել և որոնց մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Այդպիսի ավտովթարներից մեկը Գուդերմեսի շրջանում տեղի ունեցած դեպքն էր։ «Այն ժամանակ նույնպես զոհեր կային, իսկ մեղավորը ծանր վնասվածքներ էր ստացել և բուժվում էր արտասահմանում։ Այդ փաստը թաքցրին։ Իսկ հիմա՝ Գրոզնիի վթարը, կան զոհեր, իշխանությունը մի քանի օր լռում է և միայն երրորդ օրն է իր վարկածը հնչեցնում», — նշել է հասարակական կազմակերպության աշխատակիցը։
«Չեչնիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին չխոսելն ու դրանց պարբերաբար խախտումը հանգեցրել է նրան, որ հանրապետության բնակիչները չեն հավատում իշխանություններին՝ նրանցից չսպասելով հավաստի տեղեկությունների», — «Կավկազսկի ուզելի» համար սոցցանցերում ռեզոնանսային վթարի մասին ծավալված քննարկումը մեկնաբանել է ռուս քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Անկախ լրատվամիջոցների բացակայությունը ստիպել է Չեչնիայի բնակիչներին վստահել ցանկացած տեղեկատվության, որը կարող է արժանահավատ լինել, կարծում է քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։