Որքանո՞վ է Վրաստանն անվտանգ։ Եվ ի՞նչ անել, եթե ձեզ վրա հարձակվել են
Արդյո՞ք Թբիլիսին անվտանգ է օտարերկրացիների համար, և ի՞նչ անել, եթե ձեզ վրա հարձակվել են
Ավստրալիայի 31-ամյա քաղաքացի Շանայի Բրուքը սպանված էր հայտնաբերվել Թբիլիսիում 2021 թ-ի հուլիսի 31-ին։ Նա նախօրեին դուրս էր եկել զբոսնելու և անհետացել էր։ Բռնության հետքերով նրա մարմինը հայտնաբերվել էր Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկի՝ Մթածմինդայի այգում։
Բրուքը մեկ տարուց ավելի Թբիլիսիում էր ապրում, անգլերեն էր դասավանդում, արշավների էր գնում և հաճախ էր զբոսնում Թբիլիսիի մերձակայքի բլուրներում, պոպուլյար զբոսաշրջային վայրերում։
- Ի՞նչ է նշանակում Pride-ի կողմնակիցների և լրագրողների ծեծը Թբիլիսիում։ Վերլուծություն և ֆոտոռեպորտաժ
- Բաքվում ընտանեկան բռնության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծել են ոստիկանությունում
Շանայի Բրուքին սպանողը դեռ չի հայտնաբերվել։ Երիտասարդ կնոջ սպանությունը զայրույթի և վախի մեծ ալիք է առաջացրել ինչպես վրացական հասարակությունում, այնպես էլ Վրաստանում ապրող օտարերկրացիների շրջանում։
Ֆեյսբուքում էքսպատների (օտարերկրացիներ, որոնք Վրաստան են տեղափոխվել ապրելու) մի քանի խմբերում գրում են, որ երկրում քրեածին իրավիճակը կտրուկ վատթարացել է։
Շանայի Բրուքի մահվանից մեկ օր անց պաշտպանության միջոցների առցանց խանութը վաճառել էր պղպեղի սրվակների իր ողջ պաշարը։
Թբիլիսին այլևս անվտանգ քաղաք չէ՞
Սկսենք վերջին մի քանի ամսում օտարերկրացիների վրա հարձակումների ցանկից․
● Հուլիսի 5-ին Լեհաստանի քաղաքացի, 49-ամյա Յացեկ Կոլանկևիչը կրծքի հատվածում դանակով հարված էր ստացել, հաղորդում է «Ֆորմուլա-1»-ը։
● Հուլիսի 30-ին Բաթումում հարձակվել էին բեռլինցի դիջեյ Phase Phatale-ի վրա։ Նա Ինստագրամում գրել էր, որ հարձակումը նույնպես հոմոֆոբ շարժառիթ ուներ։
● Մոտ մեկ ու կես ամիս առաջ Ռուսթավիում երկու տղամարդ բռնաբարել էին 25-ամյա օտարերկրացի մի կնոջ, որը շոկի մեջ հիվանդանոց էր ընկել։
● Մայիսի 5-ին Ղազախստանի 26-ամյա քաղաքացի Ասել Այթփաևան մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկի պատուհանների տակ։ Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, սակայն հասարակությունում քննարկվում է սպանության կամ ինքնասպանության հասցնելու վարկածը։
● Հուլիսի 14-ին ադրբեջանցի բլոգերը, որն Իլհամ Ալիևի կառավարությանն էր քննադատում, ընկել էր Rooms հայտնի հյուրանոցի տանիքից։
Վրաստանում ապրող օտարերկրացիները լրագրողներին և սոցցանցերում բացահայտ պատմում են, որ իրենց փորձով են զգում հանցավորության աճը։
«Ես զգում էի, որ ամենախաղաղ և անվտանգ երկրում եմ։ Երբ որդիս տուն էր վերադառնում գիշերվա երկուսին կամ երեքին, երբեք չէի վախենում։ Սակայն վերջերս աշխատում եմ գիշերները մենակ փողոց դուրս չգալ», — JAMnews-ին ասել է Հնդկաստանի քաղաքացի Արուն Գուպտան, որը Վրաստանում է ապրում ընտանիքով։
Արունը ժամանակավորապես Վրաստան էր եկել Դուբայից 2015 թ-ին, սակայն մնացել էր այստեղ։
«Ես Դուբայում եմ ապրել 15 տարի։ Եվ Վրաստանում ընդամենը 9 օր անցկացնելուց հետո որոշեցի, որ պետք է այստեղ տեղափոխվեմ։ Այսօր Վրաստանն իմ հայրենիքն է», — ասում է նա։
Սակայն վերջերս Արունը սկսել է վախենալ։ Զբոսաշրջիկների և Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում հայտնի ռեստորաններում մարդիկ միմյանց պատմում են իրադարձությունների մասին, որոնք իրենց հետ են պատահել կամ իրենց ընկերների և հարազատների։
«Երկու հնդիկ ուսանող վերջերս պատմեց ինձ, թե ինչպես է Յանդեքս-տաքսիի վարորդը նրանց ստիպել սեքսով զբաղվել։ Աղջիկներն այդ մասին տեղեկացրել են Յանդեքսին և ոստիկանություն են դիմել։ Սակայն նրանց հետ այդպես էլ ոչ ոք չի կապվել», — պատմում է Արունը։
Մյուս միջադեպն, ըստ նրա, տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ․
«Կատարից մի տղա էր Վրաստանում հանգստանում որպես զբոսաշրջիկ։ Գիշերը նա գնացել էր լուսանկարելու Խաղաղության կամրջից բացվող տեսարանները, քանի որ ցանկացել էր առանձնահատուկ լուսանկարներ ստանալ։ Նրա վրա էին հարձակվել երեք-չորս տղամարդ, դաժանաբար ծեծել էին և կողոպտել։ Նա ոստիկանություն էր դիմել, սակայն այնտեղից արձագանք չկա։ Նա արդեն մեկնել է և բավականին վատ տպավորություններով»։
Վերջին մեկ տարվա ընթացքում սոցցանցերում հարձակումների մասին ավելի ու ավելի շատ պատմություններ են պատմում։ Օրինակ՝ վերջին գրառումներից մեկը․
«Զբոսնում էի Վակեի այգու և Կրիաների լճի (Թբիլիսիի կենտրոն) մերձակայքում, երբ ինձ վրա հարձակվեց անծանոթ մի մարդ։ Ես լավ եմ, չեմ տուժել, բայց հասցրել եմ նրան լուսանկարել և ահա լուսանկարը տեղադրում եմ սոցցանցում։ Եթե հանկարծ տեսնեք նրան, իմացեք, որ ձեզ վտանգ է սպառնում։ Ես նաև ոստիկանություն եմ դիմել և նրանց փոխանցել այս լուսանկարը»։
26-ամյա Դարյա Գոլովինան Վրաստան է տեղափոխվել Ռուսաստանից, 2019 թ-ին։ Նա առցանց հոգեբանություն է ուսումնասիրում ռուսական համալսարանում և Վրաստանում անգլերեն ու ռուսերեն դասավանդում։
Սկզբում նա Վրաստանում իրեն զգում էր «ինչպես երազում»․ նրան դուր էր գալիս ամեն ինչ՝ մարդիկ, միջավայրը, նա իրեն անվտանգ էր զգում։ Սակայն 2020 թ-ի սեպտեմբերին Դարյայի հետ մի պատմություն է տեղի ունեցել, որից հետո նա իրեն այլևս անվտանգ չի զգում։
Մի անգամ շաբաթ օրը Դարյան ավտոբուս էր նստել Ազատության հրապարակից և ուղևորվել Թբիլիսիի ծայրամաս։ Նա ցանկացել էր զբոսնել բնության գրկում մաքուր օդում։
Նա իջել էր Շինդասի գյուղի մոտ, բառացիորեն մի քանի մետր քայել, երբ նրան էր մոտեցել անծանոթ մի տղամարդ։ Նա ասել էր, որ այդտեղ անվտանգ չէ, և ավելի լավ է՝ կինն իր մեքենան նստի, և նա նրան կհասցնի ավելի մարդաշատ վայր։
«Ես շուրջս նայեցի և տեսա միայն ոչխարներ ու մի քանի հովվի։ Այնպիսի տպավորություն չունեի, որ ինձ վտանգ է սպառնում, բայց ես սովոր եմ նրան, որ այս երկրում բոլորը ձգտում են օգնել միմյանց, և նստեցի նրա մեքենան։ Նա մինչև 50 տարեկան տղամարդ էր, և հենց փակեցի մեքենայի դուռը, միանգամից կերպարանափոխվեց։ «Սեքս ուզո՞ւմ ես։ Ուզո՞ւմ ես սեքսով զբաղվել հետս։ Սեքսով կզբաղվե՞ս հետս», — անդադար կրկնում էր նա, կարծես խելագար լիներ։
Անգամ հիմա, երբ պատմում եմ այս պատմությունը, զգում եմ, որ դեռ այդ սթրեսը չեմ հաղթահարել»։
Արդյունքում՝ Դարյայի բախտը բերել էր։ Նրա բղավոցն ու սպառնալիքները ազդել էին, և տղամարդը նրան իջեցրել էր ավտոբուսի կանգառում։ Սակայն այդ օրվանից նա այլևս համարձակ չի զբոսնում Թբիլիսիի արվարձաններում։
«Հանցագործություններ լինում են ամենո՞ւր»
Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին է վերջին ամիսների վիճակագրությունը, սակայն աղմկահարույց իրադարձությունները հանգստության հիմքեր չեն տալիս։
Շատ վերլուծաբաններ ասում են, որ քրեածին իրավիճակի սրացումն ու հասարակությունում ագրեսիայի ուժեղացումը կառավարության քաղաքականության հետևանք է։
«Պետք է հասկանալ, որ Շանայի Բրուքի մահը հուլիսի 5-ի իրադարձությունների շարունակությունն է [այդ օրը պետք է Արժանապատվության երթ անցկացվեր՝ ի աջակցություն տարբեր գենդերային կողմնորոշման անձանց իրավունքների, փողոց էին դուրս եկել ագրեսիվ արմատականները, որոնք ծեծել էին լրագրողներին և ավերել հասարակական կազմակերպությունների գրասենյակները — JAMnews]։
Այդ օրվա իրադարձությունը միակը չէ։ Իվանիշվիլին (օլիգարխ, Վրաստանի ստվերային ղեկավար), վարչապետ Ղարիբաշվիլին խրախուսել են ամենամութ բնազդներն ու անպատժելիությունը պետության անունից։ Նրանց օրհնել են շատ հոգևորականներ։ Ապոկալիպսիսի այդ գազանը մոլեգնում է երկրում, ոչ ոքի չի խնայելու։ Իշխող կուսակցությունն է նրան ստեղծողը», — Ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան։
«Չեմ կարծում, որ Վրաստանում օտարերկրացիների վրա հարձակումների հետ կապված իրավիճակն աղետալի է։ Բայց չի կարելի ասել, որ ոչինչ տեղի չի ունենում, և կառավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի։ Հուլիսի 5-ի իրադարձություններից հետո երկրում ակնհայտ ագրեսիա է նկատվում նրանց դեմ, ովքեր տարբերվում են։ Սա վերաբերում է ոչ միայն օտարերկրացիներին, այլև տեղացիներին, ով վառ հագուստ է կրում կամ եթե տղամարդն ականջօղ է կրում», — ասում է քաղաքական մեկնաբան Դավիթ Զուրաբիշվիլին։
«Հուլիսի 5-ի իրադարձությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ կառավարությունն ուղղակիորեն խրախուսել է տարբեր մարդկանց նկատմամբ բռնությունը։ Դրանից հետո պարարտ հող է ստեղծվել այլատյացության և հոմոֆոբիայի հողի վրա հանցագործությունների համար»։
Ինչպե՞ս պաշտպանվել հարձակման դեպքում
Ֆեյսբուքի «կանանց» խմբերում այս օրերին ակտիվորեն քննարկում են ինքնապաշտպանության մեթոդները։ Շատերն ասում են, որ փողոց են դուրս գալիս էլեկտրաշոկերով և պղպեղի սրվակով։ Մյուսները գրում են, որ պատրաստվում են կարատեով և մարտարվեստի այլ տեսակներով զբաղվել՝ իրենց պաշտպանելու համար։
Ամենապոպուլյար միջոցը պղպեղի սրվակն է։ Սակայն ինքդ քեզ համար կարող ես վտանգ ստեղծել, եթե այն օգտագործես քամոտ եղանակին։
Երկրորդ պոպուլյար մեթոդն էլեկտրաշոկերն է։ Սակայն մեծ հարց է, թե որտեղից այն գնել։
Խմբերում նաև խորհուրդ են տալիս հեռախոսի մեջ ներբեռնել մի քանի հավելված։ Օրինակ՝ ոստիկանության 112 հավելվածով կարելի է անձայն փոխանցել աղետի ազդանշան՝ ընդամենը մի կոճակ սեղմելով։
Մյուս օգտակար հավելվածը Safe you — Վրաստանն է։ Այստեղ կարելի է նախապես նշել վստահելի հեռախոսահամարները, հետո SOS կոճակը սեղմելիս այդ մարդիկ կամ կազմակերպություններն ավտոմատ հաղորդագրություն կստանան այն մասին, որ վտանգի մեջ եք։
Եվս մեկ օգտակար միջոց է Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման պարզ ակտիվացումը։ Սա նույնպես կարող է փրկել բռնությունից, քանի որ շատ դեպքերում հանցագործները վախենում են հանրայնացումից։
Ակտիվիստ Նատա Փերաձեն, որը հաճախ է հարձակման ենթարկվել, առավել հաճախ օգտագործում է Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակումները։
«Ֆեյսուքում հեռարձակումն ամենաարագ և հուսալի միջոցներից է, բայց պետք է վստահ լինեք, որ ձեր լսարանն անհապաղ միջոցներ կձեռնարկի ձեզ օգնելու համար։ Այստեղ ավելի կարևոր է ոչ միայն տեսանկարահանում անելը, այլ ցուցադրելը, որ նկարում ես։ Ես միշտ տրանսգենդեր կանանց զգուշացնում եմ, որ հարձակման դեպքում պետք է սկսել նկարահանել կամ նկարահանման իմիտացիա անել, քանի որ բռնարարների մեծ մասն ուզում է խուսափել հրապարակայնությունից»։