Ո՞վ Աբխազիայում զենքի իրավունք ունի և ինչպես է դա կապված հանցագործությունների աճի հետ
Աբխազիայում հանցագործությունների մեծ մասը կատարվում է հրազենի կիրառմամբ: Ընդ որում, Աբխազիայում հրազենի շրջանառության մասին օրենք չկա: Միակ կարգավորումը հրազենի շրջանառության մասին որոշումն է, որը Գերագույն խորհուրդն ընդունել է 1994թ-ի մայիսի 4-ին վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո:
Բազում չգրանցված զենք
Խնդիրը լուծելու փորձ է արվել 2017թ-ի մարտին: Այն ժամանակ օրինագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ: Սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց:
Իսկ մինչ այդ Աբխազիայի տների և բնակարանների մեծ մասում չգրանցված զենք կա: Եվ եթե, օրինակ, ատրճանակը կամ հրացանը պատկանում են հորը, ապա այն հասանելի է նաև որդուն, փեսային և այլ ազգականներին:
«Մեզ մոտ հաճախ [հոգապես] անառողջ մարդիկ էլ են զենք կրում», — վերջերս լրագրողներին վրդովված ասել էր Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան:
Նա կարծում է, որ զենքի պահպանման կանոններ պետք է ընդունվեն, և դրանք պետք է խիստ լինեն:
«Եթե մարդը պարտավոր լինի պաշտոնապես գրանցել զենքն ու դրա համար պահանջվող անալիզներ հանձնել, դրանից բոլորը կշահեն: Եվ պետք է այնպես անել, որ այդ զենքը հասանելի լինի միայն նրանց, ում անունով այն կգրանցվի», — ասել էր Կիլբան:
«Հաճախակի են դարձել հրազենի կիրառմամբ և բնակարաններ ներխխուժելու միջոցով անձանց խմբերի կողմից հանցագործություն կատարելու դեպքերը», — ասել է Աբխազիայի գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Արշբան.
Հանձնե՞լ, թե՞ չհանձնել
Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան վստահ է, որ զենքը պետք է հաշվառել, իսկ չհաշվառված զենքն՝ առգրավել:
Աբխազիայի պաշտպանության նախարարության պահուստային սպա Եվգենի Սինյավսկին JAMnews-ին պատմել է, որ երբ աշխատանքից ազատվել է, առաջին հերթին, հանձնել է զենքն ու զինամթերքը:
«Ես հնարավորություն ունեի և մեկը, և մյուսը տանը թողնելու, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Նախ, խաղաղ ժամանակ դա նպատակահարմար չէ անել, երկրորդ հերթին, դա շատ մեծ պատասխանատվություն է: Հրազեն կրելն ու պահելը շատ բան է պարտավորեցնում մարդուն», — ասում է նա:
Եվգենին կարծում է, որ տանը զենք պահելն անվտանգություն չի ստեղծում:
«Որքան դեպքեր են եղել, երբ մարդկանց կողոպտել և առևանգել են, չնայած որ նրանց տանը զենք է եղել: Իսկ եթե կիրառես, նույնիսկ ինքնապաշտպանության համար, պատասխանատվությունից չես ազատվում: Իսկ կողոպտիչին կարելի է վռնդել նաև խոհանոցային դանակով, ամեն ինչ քեզնից է կախված», — ասում է նա:
Վրաց-աբխազական պատերազմի վետերան Դաուր Լաթարիան կարծում է, որ մարդն, ում տանը հրազեն կա, պարտավոր է զինվորական հավաքների մասնակցել և հաստատել իր որակավորումը: Իսկ զենքը պետք է գրանցված լինի և պահվի միայն այն անձանց տանն, ովքեր դրա իրավունքն ունեն: Նրանց շարքերին Դաուրը դասում է ոչ միայն ուժային կառույցների աշխատակիցներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր բանակային ծառայություն են անցել և պատերազմի վետերան են:
«Աշխարհում այսպիսի անկայուն իրավիճակի կապակցությամբ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ագրեսիայի Վրաստանի, Թուրքիայի, Ամերիկայի կողմից: Բոլորից զենք խլել պետք չէ: Մեր բանակը սակավաթիվ է: Այո, կան ռուսական զորքեր, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու ապագայում, թե ինչպես նա իրեն կպահի, եթե փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեզ», — JAMnews-ին ասել է Լաթարիան:
Նրա համոզմամբ՝ չարժե զենքը պահպանության հանձնել նաև ուժային կառույցներ, քանի որ վստահություն չկա, թե «այն այնտեղ անձեռնմխելի կլինի»:
«Պրիմորսկոյե գյուղում [2017թ-ի ամռանն այդտեղ զինամթերքի պահեստ պայթեց – JAMnews] ես զենքը պահպանության հանձնելու հատուկ ցանկություն չունեմ: Չկան երաշխիքներ, որ դրա հետ ոչինչ չի պատահի: Բացի այդ, եթե հանարծ մի բան սկսվեց, կարող ես չհասցնել հասնել պահպանման վայր», — ասում է Դաուր Լաթարիան:
Վեճեր սոցցանցերում
«Ոչ ոք իրավունք չունի գրանցված զենքը ժառանգություն ստանալ: Յուրաքանչյուրը պետք է ուսուցման համապատասխան ընթացակարգ անցնի և զենք ունենալու իրավունք ստանալ»:
«Մարդը պետք է ինքնապաշտպանության իրավունք ունենա: Պետք է թույլ տալ զենք կրել և պահպանել այն բոլոր մարդկանց, ովքեր ուղիղ հակացուցումներ չունեն»:
«Բնակչությունից զենքն առգրավելու միակ օրինական և բավականին արդյունավետ ուղին փողն է: Բնակչությունը հանձնում է զենքն ու զինամթերքը, իսկ մարդկանց իրական գումար են վճարում: Այսօրվա փողային ճգնաժամի պայմաններում դա այնպիսի պահանջարկ կունենա, ինչպես տաք կարկանդակները»:
Իսկ խորհրդարանն ի՞նչ է ասում
Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան կարծում է, որ Աբխազիայում չգրանցված զենքի առգրավում պետք չէ:
«Բավական է կանոնակարգել պահպանումն ու կրելը», — ասել է նա լրագրողներին:
Կվարչիան ասում է, որ խորհրդարանում հարցի ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում:
«Հավանաբար մոտ ապագայում թեման կքննարկվի շահագրգռված անձանց լայն շրջանակի հրավիրմամբ: Սակայն հարցը շատ բարդ է»: