Նստացույց և հացադուլ Ազատության հրապարակում․ ի՞նչ է տեղի ունենում Երևանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ երկրում նորից սրվել է ներքաղաքական իրավիճակը։ Երևանի Ազատության հրապարակում ապրիլի 17-ին խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է սկսել։ ԱԺ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը չի միացել նախաձեռնությանը՝ նշելով, որ «իրենք էլ իրենց ծրագիրն ունեն»։
Այս ֆոնին նույն՝ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են հայտարարել 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներ։ Ասում են՝ իրենց նպատակը «երիտասարդներին թմբիրից արթնացնելն է»։
ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Նստացույց Ազատության հրապարակում
Խորհրդարանական ընդդիմությունն ակտիվացել է ապրիլի սկզբից։ Ապրիլի 5-ին՝ Միրզոյան-Լավրով հանդիպման նախօրեին, ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք էին կազմակերպել՝ շեշտելով, որ այն արվում է «հանուն Արցախի»։
Օրերս վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը նոր թափ է հաղորդել ընդդիմության գործողություններին։ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է նստացույց Ազատության հրապարակում։
Ապրիլի 12-ին խորհրդարանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին ԱԺ նիստերն ու հայտնել իրենց՝ Արցախ մեկնելու մտադրության մասին։ Ռուս խաղաղապահները, սակայն, նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան պարզաբանել էր, թե՝ պատգամավորների մուտքը սահմանափակվել է հնարավոր սադրանքներից խուսափելու համար։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նստացույցի մասին տեղեկացրել էր Ազատության հրապարակից՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարելով, որ «չի պատրաստվում վերադառնալ տուն»։
Վանեցյանի խոսքով՝ «եկել է այն կրիտիկական պահը», որ հնարավոր չէ հոդվածներով, սոցցանցային գրառումներով կամ ելույթներով որևէ բանի հասնել։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշել է, որ պայքար է սկսում որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե որպես քաղաքական ուժի ղեկավար։
ԱԱԾ նախկին տնօրենն ասում է՝ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է «թողնել Արցախը», իսկ իրենց նպատակը վարչապետի ծրագրերը խափանելն է․
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է»։
Թե ինչպես են հեռացնելու գործող իշխանությանը՝ դեռևս պարզ չէ։ Վանեցյանի փոխանցմամբ՝ ճանապարհային քարտեզը որոշվելու է Ազատության հրապարակում.
«Ընդդիմությանը միշտ մեղադրում են գործողությունների բացակայության մեջ: Գործողություններն այստեղ են որոշվելու, այստեղ են արվելու, և յուրաքանչյուր մարդուց է կախված՝ երբ, ինչ ճանապարհով կգնանք գործողությունների»։
Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանին միացել են նաև նրա ընտանիքի անդամները, կուսակից ընկերները։
Նստացույցի առաջին օրը՝ ապրիլի 17-ին ցուցարարները փորձել են Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Ցուցարարների և ոստիկանների միջև սկսված քաշքշուկի արդյունքում բերման են ենթարկվել մի խումբ ցուցարարներ։ Ժամեր անց նրանք ազատ են արձակվել։
«Հայաստան» խմբակցությունն «իր ծրագիրն ունի»
Խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը չի միացել «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Ազատության» հետ զրույցում նշել է՝ իրենք էլ իրենց ծրագիրն ունեն՝ շարժվելու են ապակենտրոն, ցանցային պայքարի ուղիով։
«Մենք ունենք ծրագիր սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի, ու հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի, ու վստահեցնում եմ ձեզ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի»,- ասել է Սաղաթելյանը։
Նախօրեին նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել էր, որ «գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են»:
44-օրյա պատերազմի մասնակիցները հացադուլ են հայտարարել
Նստացույցի ֆոնին Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են հայտարարել 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներ՝ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Հացադուլի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նվեր Կիրակոսյանը․
«Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը»։
Ապրիլի 18-ին Արթուր Վանեցյանը տղաների հետ լուսանկար է հրապարակել ու նշել, որ թեև հասկանում է նրանց «ցավն ու ցասումը», բայց հորդորում է դադարեցնել հացադուլը։
Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցության անդամները փորձում են տղաների հացադուլը սոցցանցերում ներկայացնել որպես «Վանեցյանին միանալու» քայլ, մինչդեռ Նվերի և Արթուրի գրառումներում այդ մասին որևէ խոսք չկա։
Լրագրողների հետ զրույցում պատերազմի մասնակից երիտասարդները նշել են, որ իրենց Ազատության հրապարակ է բերել Արցախի ԱԺ հայտարարությունը։
Նվերն ու Արթուրը անժամկետ հացադուլի իրենց որոշումը բնորոշել են այսպես՝ «ոչ թե ակցիա, այլ ռեակցիա»։ Ակնկալում են, որ երիտասարդները կմիանան իրենց, «ադեկվատ ու իրավիճակին համարժեք» արձագանք կտան։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը կարծում է՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ահագնացել են, իսկ ընդդիմությունը մեկնարկ է տալիս ներքաղաքական ցնցումների․
«Հայաստանյան ընդդիմությունը տալիս է ներքաղաքական ապակայունացման մեկնարկի ազդանշանը՝ այդ կերպ փաստացի փորձ անելով խոչընդոտել ՀՀ իշխանություններին սևեռվել արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների լուծման վրա»։
Հարությունյանն ասում է՝ պետք է արձանագրել այն, որ այս ամենն արվում է այն ժամանակ, երբ Հայաստանը նոր-նոր փորձում է տնտեսապես ոտքի կանգնել, երբ երկիրը դարձել է «բիզնեսի համար նախընտրելի» ռուսների և ուկրաինացիների համար։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընդդիմության նախաձեռնությանը պետք չէ անլուրջ վերաբերվել․
«Բազմաթիվ չհաջողված փորձերից հետո ընդդիմությունը գնում է վաբանկ, որի ժամանակ փորձ կանի խաղալ մարդկային նուրբ լարերի վրա՝ շահարկելով Արցախի գերզգայուն հարցը ու չխնայելով որևէ միջոց այդ ճանապարհին»,- ընդգծել է Հարությունյանը։