Նուցան, որին ես նման եմ
Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի
Ես աշխույժ երեխա էի։ Երբ ինչ-որ բան այն չէի անում, ընտանիքիս անդամներն ասում էին, որ ես ինձ պահում եմ Նուցայի պես։ Նրանք ասում էին, որ ես նման եմ նրան, սակայն դա որպես հաճոյախոսություն չէր ասվում։
Նուցան տատիս քույրն էր։ Նա ապրում էր պապիս տանը, քանի որ իր տունը չուներ։
Ամեն անգամ, երբ նա տանը չէր, ընտանիքիս անդամները գովում էին ոմն Դաթիկոյի։ Եվ չէին հասկանում, թե ինչու է Նուցան նրանից բաժանվել։ Ես նույնպես չէի հասկանում։ Այն ամենն, ինչ ես գիտեի, այն էր, որ նա աշխարհի լավագույն մարդն է եղել, իսկ ապահարզանի համար մեղավոր է Նուցան։
Եթե Նուցային հարկ լիներ մեկ բառով բնութագրել, դա կլիներ «հպարտությունը»։ Բարձրահասակ, նիհար, մուգ մազերով և պարզ շագանակագույն աչքերով։ Նա 80 տարեկան էր, դեմքին լիքը կնճիռներ կային։ Սակայն դրանք չէին կարող թաքցնել նրա գեղեցկությունն ու հպարտությունը։
Նա չէր սիրում շատ խոսել։ Երբ ես 15 տարեկան էի և նրա հետ մենակ մնացի, հարցրի բաժանվելու մասին։ Կարծես, այդ պատմությունն ինձ ավելի մեծացրեց։
Նա ծնվել էր Վրաստանի գյուղերից մեկում։ Նրա ծնողները յոթ երեխա էին ունեցել։ Նուցան ավագն էր։ Երբ 14 տարեկան է եղել, ծնողները որոշել են, որ նա պետք է ամուսնանա։ Փեսան 30 տարեկան էր՝ նրանից 16 տարով մեծ։
Նա ընդհանրապես չի իմացել, թե ինչ է ամուսնությունը։ Մայրը բացատրել է, որ նա պետք է Դաթիկոյի հետ Բաթում մեկնի՝ տնից հեռու։ Նա հոգով ազատ մարդ է եղել, սակայն ընտանիքի անդամներին դա քիչ է հուզել։
Այդ օրը նրա կյանքի վատագույն օրն է եղել։ Նա որոշել է թաքնվել սեղանի տակ, որպեսզի չմեկնի Դաթիկոյի հետ։ Բոլորը նրան երկու ժամ փնտրել են։
«Ես վախեցած չէի։ Պարզապես ուզում էի ընտանիքիս հետ ապրել։ Ես պատրաստ չէի տնից հեռանալ և հետևել անհայտ մի մարդու», — ասաց նա ինձ։
Իր ողջ կյանքի ընթացքում նա իր ամուսնու անունը չի տվել։ Նրա համար ամուսինն այդպես էլ մնացել է «անհայտ մարդ»։
Արդյունքում նա ամուսնացել է և տեղափոխվել Բաթում։ Հեռու իր գյուղից և ընտանիքից։ Նրա ամուսինը հարուստ է եղել։ Հավանաբար, դա է եղել պատճառը, որ ծնողները հենց նրան են ընտրել։
«Նա իրոք սիրում էր ինձ։ Նա ինձ համար ամեն ինչ գնում էր, ամեն օրս սկսվում էր ծաղիկներով ու նրա նամակներով։ Ես երբեք չէի կարդում դրանք։ Ես պարզապես տուն էի ուզում», — ասաց նա։
Նա տասը տարի ամուսնացած է եղել։ Այդ ընթացքում երազել է չհղիանալ։
«Ես գիտեի, որ մի գեղեցիկ օր պատրաստվում եմ լքել այդ անհայտ մարդուն, և գիտեի, որ երեխան ամեն ինչ կփչացնի», — ասաց նա։
Ամուսինը նրան բժշկից բժիշկ էր տանում, բոլորն ասում էին, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կարող է երեխա ունենալ։ Սակայն նրանք այդպես էլ երեխա չէին ունեցել։
Ամուսնացած լինելու 10 տարվա ընթացքում նա շատ բան է ուսումնասիրել։ 24 տարեկանում սկսել է աշխատել։ Եվ, ի վերջո, հեռացել է ամուսնուց։
«Ամուսինս աշխատանքի էր։ Ես հագա շորերս, որ բերել էի ինձ հետ, վերցրեցի փոքրիկ պայուսակս և հեռացա տնից։ Ես չվերցրի ոչ մի իր, որ նա ինձ համար գնել էր։ Ես չէի ուզում ունենալ այն, ինչ ինքն էր ինձ բերել»։
Նրա երազանքը մանկություն վերադառնալն էր։ Սակայն դա անհնար էր։
Ծնողները չընդունեցին նրա ապահարզանն ու խնդրեցին գյուղում ոչ ոքի այդ մասին ոչինչ չասել։ Հետո խաբեցին, թե նա արտասահմանում է։ Այդ պատճառով էլ նա այդպես էլ չհանդիպեց ծնողներին մինչև հոր թաղումը։
Դաթիկոն ավելի քան տասնհինգ տարի նրան խնդրում էր տուն վերադառնալ, սակայն նա այդպես էլ չվերադարձավ։
Նա մենակ էր ապրում Բաթումում։ Այնուհետև՝ Թբիլիսիում։ Նա այլևս երբեք չամուսնացավ։
Նա հոգեբանական վնասվածք էր ստացել։ Սակայն երբ ես նրան էի նայում, նա հպարտ էր։ Նա միշտ հպարտ էր նրանով, ինչ արել է։ Հպարտանում էր, որ հեռացել է նրա տնից, ինչպես և խոստացել էր այն 14-ամյա աղջնակին, որ դեռ իր մեջ էր։
Ես շոկի մեջ էի, երբ լսեցի այս պատմությունը։ Խղճում էի նրան։ Հետո այդ մասին պատմեցի ընտանիքիս անդամներին, որոնք մտածում էին, որ նա հիմարություն է արել բաժանվելով։ Նրանք չհասկացան դա և շարունակեցին մտածել, որ Նուցան հիմար է։
Նա հիվանդացավ և մահացավ չորս տարի անց այն բանից հետո, երբ պատմեց ինձ իր կյանքի մասին։ Մահվանից առաջ ասաց, որ դեռ երազում է ծնողների կողքին լինել։ Այդ պատճառով էլ մենք նրան թաղեցինք ծնողների կողքին։ Ես զգացի, որ նրա երազանքն, ի վերջո, կատարվեց։