«Փորձում ենք կառավարել ուժային սցենարները, որ Բաքուն դնում է սեղանին». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային լարվածության մասին
«Իրավիճակը լարված է, որովհետև Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն իրադրության վերաբերյալ հեռախոսազրույցներ էր անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի ղեկավարների և Գերմանիայի կանցլերի հետ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է՝ առաջին զանգերն ուղղված են եղել հենց Ռուսաստանի նախագահին: Իսկ մյուս զանգերի նպատակը, ըստ նրա, եղել է տեղեկություններ փոխանցել այն գործընկերներին, որոնք «մեծ հավանականությամբ որոշ նրբությունների մասին տեղեկացված չեն»:
«Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է նախորդ տարվա դեկտեմբերից, ՌԴ նախագահի հետ այդ օրվանից տասնյակ զրույցներ ենք ունեցել: Ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել»,- ընդգծել է նա:
Հարցազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցին, հայ-ռուսական հարաբերություններին, Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու պատճառներին:
JAMnews-ն առանձնացրել է հարցազրույցի կարևորագույն դրվագները:
Էրդողանի հետ զրույցի մասին
Թուրքիայի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցից մանրամասներ Փաշինյանը չի հայտնել: Նշել է միայն, որ եղել է «բովանդակային և օգտակար» խոսակցություն․
«Կարևոր է նաև, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, դրանց վերաբերյալ, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
«Պետք չէ քաղաքականացնել». կնոջ՝ Ուկրաինա այցելելու մասին
«Կինս երկար ժամանակ է` ներգրավված է առաջին տիկինների և ջենտլմենների գործընկերության մեջ ու այդ շրջանակում մասնակցում է միջոցառումների։ Նման մի միջոցառում, ի դեպ, նաև ՀՀ–ում է նախատեսված»,- Աննա Հակոբյանի՝ Կիև կատարած այցի մասին հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետի գնահատմամբ՝ այցն «անհարկի քաղաքականացվում է»:
«Շնորհավորելու շատ բան չկա»
Խոսելով Արցախի խորհրդարանի կողմից նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին չշնորհավորելու մասին՝ Փաշինյանն ասել է․ «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա»։ Նրա խոսքով՝ նորընտիր նախագահի վրա «շատ ծանր պատասխանատվություն է դրված»:
Փաշինյանի համոզմամբ՝ «Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով» հայկական կողմը պետք է առաջնորդվի իր մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու, այլ ոչ թե հակադրելու տրամաբանությամբ.
«Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ Չպետք է թույլ տանք ավելորդ քաղաքականացմամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի»:
Վստահեցրել է՝ «ԼՂ-ի իշխանության հետ շփումը կա, եղել է ու դեռ կլինի»: Դա, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է իրադրության մասին «առաջին աղբյուրից» տեղեկանալու համար: Անդրադարձել է նաև Արցախի նախկին նախագահի հրաժարականին.
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ. մեր միջև միշտ եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ու փոխըմբռնում»:
Արցախն «Ադրբեջանի մաս» ճանաչելու մասին
Արդյոք ճի՞շտ էր Փաշինյանի հայտարարությունը Արցախն «Ադրբեջանի մաս» ճանաչելու մասին, եթե հաշվի առնենք, որ դրանից հետո սահմանային լարվածությունն աճեց, իսկ Ադրբեջանը կոշտացրեց հռետորաբանությունը: Այս հարցին նա պատասխանել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ համապատասխանաբար Հայաստանի 29.800 և Ադրբեջանի 86.600 քառ. կմ տարածքում:
«Հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- պարզաբանել է նա:
Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ հայտարարությամբ Հայաստանը «փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը»: Ասում է՝ Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին:
«Այն ժամանակ էլ, երբ մենք այդ հայտարարությունը չէինք արել, Ադրբեջանը Փառուխում խախտեց շփման գիծը, դրանից առաջ Խծաբերդում խախտեց շփման գիծը, եղավ սեպտեմբերի 13-ի պատերազմը: Մենք դրանից առաջ սխալ հայտարարություններն էինք արե՞լ»:
Վարչապետի համոզմամբ՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ի ցույց է դնում հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, իսկ հայկական կողմը փորձում է քաղաքական հայտարարություններով «ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները, որը Ադրբեջանն անընդհատ դնում է սեղանին»: Շեշտել է՝ ուզում են տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի:
«Պրահայի հայտարարությունը չի չեղարկել նոյեմբերի 9-ը»
Երբ պաշտոնական Երևանից հնչում են մեղադրանքներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ստանձնած պարտավորությունների չկատարման մասին, ռուսական կողմը հղում է անում Պրահայի հայտարարությանը և «ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու» վրա և պնդում, թե իրավիճակն այդ հայտարարությունից հետո այլ է:
Անդրադառնալով այդ թեմային՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է՝ նախքան այդ հայտարարությունը ՌԴ–ն երկու անգամ պաշտոնապես հայտարարել է, որ ԼՂ–ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է․
«Պրահայի և մնացած մյուս բոլոր պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։ Իր հերթին, 2020 թ. հայտարարությունը չէր կարող չեղարկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ բոլոր երկրների անկախությունների դե յուրե ճանաչումն է»:
«Ամենևին կապ չունի հայ–ռուսական հարաբերությունների հետ»
Հայաստանի խորհրդարան ուղարկված Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման մասին կառավարության ղեկավարը նման կարծիք է հայտնել: Ըստ նրա՝ դա կապ ունի միայն սահմանային լարվածության հետ: Ասում է՝ Հայաստանը գործընթացը մեկնարկել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին։ Սակայն տեղի է ունեցել «վատ համընկում Ռուսաստանի և Հաագայի քրեական դատարանի համատեքստում»՝ ասում է Փաշինյանը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահի ձերբակալության օրդերը:
«Մենք վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ 2022 թ.-ի սեպտեմբերի դեպքերը, 2021 թ.-ի մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան: Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանը այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները», — ընդգծել է երկրի ղեկավարը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային լարվածության մասին