«Մարտի 1-ը քաղաքական օրակարգից դուրս չի եկել»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի մասին
«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ իրավական մի շարք որոշումներով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Այսօր լրանում է 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների 15-ամյա տարելիցը։ Արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։ Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ պետք է արվի բոլոր հանգամանքները բացահայտելու համար։ Զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ էլ վստահեցրել է՝ հարցը դուրս չի եկել և դուրս չի գալու քաղաքական օրակարգից։
2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները, որոնց թվում էր նաև ներկայիս վարչապետ Փաշինյանը, համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ։ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները ներխուժեցին Ազատության հրապարակ, որտեղ գիշերում էին ցուցարարները, սկսվեց ակցիան ցրելու գործողությունը։ Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ տեղի ունեցան։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ ոստիկանության երկու աշխատակիցներ։
15 տարի անց էլ 10 զոհերից ոչ մեկի սպանությունը բացահայտված չէ։ Հարուցված քրեական գործը կարճվել է։
Հուշարձանի բացումը, ընդդիմության կարծիքը, Փաշինյանի ելույթի կարևոր դրվագները
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում։ Հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, նա ևս 2008 թ․-ի իրադարձությունների մասնակից է եղել։
Բացման արարողությանը ներկա են եղել երկրի վարչապետը, նախագահն ու խորհրդարանի խոսնակը, քաղաքական գործիչներ, մարտի 1-ի զոհերի հարազատները։ 2008 թ․-ի ցույցերի նախաձեռնող ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցել։
«Փաշինյանը տապալեց ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հուշարձանի բացումից ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել։ Նա հուշարձանը բնորոշել էր որպես «աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ»։
Նրա կարծիքով, «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունից, որն արված է հուշուրձանի վրա, «ոչինչ պարզ չէ»։ Զուրաբյանի խոսքով՝ այն կարող էր հետևյալ տեսքն ունենալ՝
«2008 թ․-ի մարտի 1-ին հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները կրակ բացեցին ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվեցին 10 հոգի։ Հուշարձանը նվիրվում է ժողովրդավարության համար պայքարող քաղաքացիներին և այդ ոճրագործության բոլոր զոհերի հիշատակին»։
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ «կատարվածը այսօրվա իշխանավորների սովորական անշնորհքության» հետևանք չէ։
«Փաշինյանը տապալեց մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը, ավելին՝ լեգիտիմացրեց նրանց որպես իրեն հարմար խորհրդարանական ընդդիմություն, և նման անհեթեթ, ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումը ընդամենը այդ քաղաքականության հերթական դրսևորումն է»,- նկատել է նա։
«Հայտնի չեն միայն բուն կատարողները»
Հուշարձանի բացումից հետո լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք մնում է նույն կարծիքին, որ մարտի 1-ը բացահայտված է։ Վարչապետը նշել է, որ թեև բուն կատարողները հայտնի չեն, բայց պարզվել է՝ «ինչպես է աշխատել շղթան»։
Դեռևս հինգ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», սակայն մինչ օրս հաղորդվել է սպանության համար մեղադրվող մեկ նախկին բարձրաստիճան ոստիկանի մասին։
«Չմոռանանք՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ են արվել, դա արվել է բանակի հովանու ներքո։ Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում նրանք ․․․ [չեն պատժվել]»,- նշել է կառավարության ղեկավարն ու հավելել, որ չի ուզում մեկնաբանել «իրավական որոշումներ, որոնք բողոքարկման ենթակա չեն»։
Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսին։ Նա առանցքային մեղադրյալն էր։ Դատավարության ընթացքում նրա խափանման միջոցը մի քանի անգամ փոխվեց, նաև կալանավորվեց։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, 2021 թվականին ապրիլին արդարացրեց մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին։ Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, հարուցված քրեական գործի քննությունն էլ կարճվեց։
«Դատարանը որոշեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»,- հայտարարեց դատարանը։
Փաշինյանը հիշեցրել է՝ քրեական գործը կարճվեց։ Ըստ նրա՝ դա մեկ այլ՝ իրավական հարթության խնդիր է։
«Ապացուցվել է, որ 2008 թ․-ի մարտի 1-ից անմիջապես հետո կատարված նախաքննությունը ոչ միայն ջանքեր չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա։ Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, չի նշանակում, որ այդպես չի լինի։ Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք և ամբողջական բացահայտման, դա մեր օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գալու»,- ընդգծել է վարչապետը։
«Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր»
Հայաստանի վարչապետի դիտարկմամբ՝ մարտի 1-ն ամենևին էլ սգո օր չէ։ Ասում է՝ մեր զոհված եղբայրների «կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին են»․
«Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին էր։ Օրվա խորհուրդը հենց այսպես պետք է ընկալենք»։
Փաշինյանի խոսքով՝ 2008 թ․-ի պայքարն ու զոհողությունները տվել են իրենց արդյունքը, քանի որ «այսօր Հայաստանում ընտրություններ կեղծելը շրջված էջ է, որին վերադարձ չի լինելու»։
«Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն է, կուսակցություն կամ իշխանության, այլ Հայաստանի ժողովուրդը»,- հայտարարել է նա։
«Վերջնանպատակը պետությունը զարգացնելն է»
Վարչապետն ասում է՝ մարտիմեկյան իրադարձությունները նաև այն մասին էին, թե ինչպես ենք օգտագործում այն ժամանակը, որն ունենք որպես պետություն, անկախ երկիր։
«Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին [44-օրյա պատերազմ], ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք մենք պիտի օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար»,- ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ այս և մյուս բոլոր խնդիրները ոչ թե պատճառ են, այլ հետևանք «ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ»․
«Այս հուշարձանը մեզ համար պետք է լինի տեսանելի վկայություն այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք կառուցում վաղվա համար»։
Անդրադառնալով Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար մղվող պայքարին՝ հիշատակել է նաև ղարաբաղյան երկու պատերազմների, 2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների զոհերի օրինակները։ Ըստ վարչապետի՝ պետք է հիշել նրանց բոլորին, բայց նաև չմոռանալ, թե որն է վերջնանպատակը։
«Մեր վերջնական նպատակն այն է, որ մենք հայտնվենք ոչ թե ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար անընդհատ զոհվելու, այլ այդ ամենով ապրելու, մեր հայրենիքը, մեր պետությունը զարգացնելու և շենացնելու տրամաբանության մեջ»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի մասին