Հայաստանի վարչապետն ակնկալում է հայերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղեր
Անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ ստեղծել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ղարաբաղյան գյուղեր հայերի վերադարձի համար։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Փաշինյանը պնդում է, որ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։
Հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո։
- Արցախի իրենց տներ են վերադարձել ավելի քան 11 հազար քաղաքացիներ
- ՍԴ նախկին դատավորը հացադուլ է հայտարարել Հայաստանի վարչապետին պատասխանատվության ենթարկելու պահանջով
Հայ փախստականների մասին
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ եռակողմ համաձայնագրի շրջանակում պայմանավորվածություն կա Լեռնային Ղարաբաղի այն շրջաններ հայերի վերադարձի մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ․
«Այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը»։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հրապարակել էր Արցախի տարածքում գտնվող բնակավայրերի՝ քաղաքների և գյուղերի (ընդհանուր առմամբ՝ 121) ցանկը, որոնք, ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին
Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած համաձայնագիրը նախատեսում է ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է վերահսկեն հրադադարի ռեժիմը։ Բացի այդ, նախատեսված է նաև խաղաղապահների ներկայության ավտոմատ կերպով երկարաձգման հնարավորություն։
«Հնգամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով», — հայտարարել է Փաշինյանը։
Այս պահի դրությամբ, ըստ վարչապետի, կարևոր է ապահովել կայունությունն Արցախում և տարածաշրջանում և ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգությունը․
«Հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»։
Բանակցային գործընթացի մասին
«Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել», — հայտարարել է Փաշինյանը։
Ընդ որում, նա կարծում է, որ այս պահին կան նաև ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն․
«Ես նկատի ունեմ գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա»։
Արդեն մի քանի օր է, ինչ արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների հարյուրավոր ծնողներ բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են տեղեկություններ հայտնել իրենց հարազատների մասին։ Ըստ ծնողների՝ իրենց միայն «դատարկ խոստումներով են կերակրում»։
Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և հայտարարել, որ իրեն մեղավոր է զգում։ Նա խոստովանել է, որ պետական մարմինները մինչ այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բավականաչափ արդյունավետ չեն գործել նրանց խնդիրների լուծման համար․
«Մենք սա ընկալում ենք որպես համընդհանուր ցավ, և ես հույս ունեմ, որ այդ մարդկանց, մեր եղբայրների գոնե զգալի մասին մենք կկարողանանք գտնել և վերադարձնել»։
Ներքաղաքական իրավիճակի մասին
Հայաստանում նոյեմբերի 11-ից՝ Արցախի շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, բազմահազարանոց բողոքի ակցիաներ են սկսվել։ Մարդիկ կարծում են, որ դա «դավճանական փաստաթուղթ է» Արցախն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին։ Ցուցարարները պահանջն է վարչապետի հրաժարականը։
Միավորված 17 ընդդիմադիր կուսակցությունները, Հայաստանի նախագահն, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը վարչապետին առաջարկում են ինքնակամ հրաժարական տալ։
Փաշինյանը կարծում է, որ որոշակի ներքաղաքական լարվածություն կա, սակայն հեռանալ մտադիր չէ․
«Փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»։
Ըստ վարչապետի՝ հայ հասարակությունը համաձայն է, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, «ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և իշխանափոխության հնարավորության մասին խոսելիս վարչապետը հիշեցրել է իր հրապարակած վեց ամսվա «ճանապարհային քարտեզի» մասին, որն իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների ծրագիր է հանդիսանում․
«Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ»։