Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ
Ն իկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ է, թավշյա հեղափոխության առաջնորդը: Մայիսի 8-ին հանրության ճնշման տակ խորհրդարանական մեծամասնությունը հաստատեց նրա թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Բոլորովին վերջերս Հայաստանում քչերը կհավաըային, որ իշխանության կգա ընդդիմադիր քաղաքական գործիչ: Անգամ Փաշինյանի գործընկերները՝ նրա գլխավորած խորհրդարանական դաշինքից, թերահավատորեն էին վերաբերվում փողոցային պայքարի և անհնազանդության ակցիաների արդյունքում իշխանափոխությանը:
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս հաջողվեց ոչ ամենաբազմանդամ ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հրաժարական պարտադրել վարչապետի աթոռը 6 օր զբաղեցնող նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, կոտրել երբեմնի ամենազոր իշխող Հանրապետական կուսակցության դիմադրությունը:
Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ-ի հունիսի 1-ին Իջևանում: 1991թ-ին ավարտել է տեղի №1 միջնակարգ դպրոցը:
«Նիկոլ Փաշինյանը մանկուց ըմբոստ է եղել, չի հարմարվել անարդարությանը, արդարության հենց այդ սուր զգացումը դարձել է բուհից նրան հեռացնելու պատճառ», — պատմել է քաղաքական գործչի հեռավոր ազգական Ռոբերտ Օհանյանը:
1991թ-ին Փաշինյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ: Սակայն բուհն ավարտել չի հաջողվել:
1992թ-ին սկսել է ակտիվորեն համագործակցել մի շարք հայկական պարբերականների հետ: Վերջին՝ 5-րդ կուրսում, չնայած գերազանց առաջադիմությանն, ապագա վարչապետին դուրս են թողել բուհից: «Բաց թողնված դասաժամերի պատճառով»՝ պաշտոնական վարկածով, Սակայն քաղաքական գործիչը պնդում է, որ իրեն «պատժել են» այլախոհության համար: Եվ դրանով ապագա վարչապետի քաղաքական հետապնդումները չեն ավարտվում:
1998թ-ին Փաշինյանը հիմնել է «Օրագիր» օրաթերթը: 1999թ-ին սկսվել է Նիկոլ Փաշինյանի հանդեպ դատական գործընթաց հերյուրանքի մեղադրանքով: Դատարանը թերթի համար 25 հազար դոլար տուգանք էր սահմանել, իսկ Նիկոլ Փաշինյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Դրանից հետո ընդդիմադիր թերթը փակվել էր:
Այնուամենայնիվ, նա խուսափեց քաղաքական «հաշվեհարդարից»: Վերաքննիչ ատյանը մեկ տարով հետաձգեց պատժի կատարումը լրագրողական համայնքի ճնշման տակ:
Դատական համակարգը մաֆիոզ կռուցվածքի մաս է կազմում: Մենք մաֆիայի հետ գործ ունենք, որը գլխավորում է ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, — այսպես էր այն օրերին մեկնաբանել դատական գործընթացը Նիկոլ Փաշինյանը:
Հատկանշական է, որ 1999թ-ին «Օրագիր» թերթի և Նիկոլ Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել նաև Սերժ Սարգսյանը:
1999թ-ին ընդդիմադիր լրագրողը դարձավ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, որը պաշտոնապես ղեկավարում էր մինչև 2012թ-ը:
Քաղաքական հարթակում իր առաջին լուրջ քայլերն ապագա վարչապետն արել է 2007թ-ին՝ հիմնելով «Այլընտրանք» հասարակական-քաղաքակական նախաձեռնությունը:
2008թ-ի խորհրդարանական ընտրություններին «Իմփիչմենթ» դաշինքի ցուցակի առաջին համարի ներքո փորձում էր հասնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն դաշինքը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքները կեղծված անվանեց և պահանջեց նոր ընտրություններ նշանակել:
2008թ-ի նախագահական ընտրություններին Փաշինյանը ներայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը [Հայաստանի առաջին նախագահը, որը հրաժարական է տվել 1998թ-ին]: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի և չորս ամիս ընդհատակում էր, նա մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:
2010թ-ի հուլիսի 1-ին կամավոր ներկայացել է դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անց նա ազատ արձակվեց համաներման շնորհիվ, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնալ միջազգային կառույցների ճնշման տակ:
Կալանքն ու ազատազրկումը չազդեցին ընդդիմադրի քաղաքականությամբ զբաղվելու ցանկության վրա: 2012թ-ին Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ընտրվեց «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակով:
2013թ-ին նա հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը «Ելք» նախընտրական դաշինքի մաս կազմեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ: Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքը պատգամավորական 9 մանդատ ստացավ, իսկ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը դարձավ Նիկոլ Փաշինյանը:
Նա ամուսնացած է լրագրող Աննա Հակոբյանի հետ, որը փոխարինել է ամուսնուն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում: Ընտանեկան զույգը 4 երեխա ունի՝ 3 դուստր և մեկ որդի:
«Ես, թերևս, միակն էի, որ հասարակական անտարբերության մասին տարբեր հայտարարությունների ֆոնին հավատում էի, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա ժողովրդին փողոց դուրս բերել և հասնել իշխանափոխության», — ասում Աննա Հակոբյանը: