Նավթն ու կորոնավիրուսն՝ Ադրբեջանի տնտեսության երկու դժբախտությունները
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ադրբեջանական տնտեսությունը կրկնակի հարվածի տակ է․ դրա վրա անդրադառնում է ինչպես նավթի գների անկումն, այնպես էլ խիստ կարանտինային միջոցները, որոնք կիրառում է երկրի կառավարությունը։ Իշխանությունները հայտարարել են բնակչության և տնտեսության աջակցության ծրագրի մասին։ Սակայն փորձագետները կարծում են, որ ավելի վճռական միջոցներ են պետք։
Նավթային պատերազմ
2020 թ-ն ադրբեջանական տնտեսության համար սկսվել է ադրբեջանական նավթի գների գրեթե կրկնակի անկումից (հունվարի 7–ին Azeri Light տեղական նավթի գինը կազմում էր $71.2, իսկ մարտի 21–ի նախօրեին՝ արդեն $26.01) և շարունակվել երկրում կարանտինային ռեժիմի սահմանմամբ COVID-19 համաճարակի պատճառով։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանը կարանտին էր հայտարարել իր տարածքի զգալի հատվածում, և դա հանգեցրել էր երկրի ներսում քաղաքների միջև, ինչպես նաև երկրից դուրս ավիատրանսպորտի տեղաշարժի կասեցման։
Չինաստանն աշխարհի երկրրոդ տնտեսությունն է, և դրա անկումն այնտեղ նավթի գնի նվազում էր առաջացրել։ Վարակի աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ կարանտինի մեջ սկսեցին հայտնվել ավելի ու ավելի շատ երկրներ, ինչը շարունակեց նվազեցնել նավթի պահանջարկը։
Ինչպես և նախկինում, նավթի գների անկման ֆոնին Նավթ արդյունահանողների կազմակերպության (ՕՊԵԿ+) անդամ երկրները, որին վերջերս անդամակցել են Ռուսաստանն ու Ադրբեջանը, արդյունահանման նվազեցման մասին որոշում էին կայացնում՝ կրճատելու համար առաջարկն ու այդպիսով գինը բարձրացնելու համար։ Սակայն պայմանավորվել չհաջողվեց, քանի որ Ռուսաստանը հրաժարվեց ստորագրել նոր պայմանագիրը։
Սաուդյան Արաբիան հայտարարեց արդյունահանման աճի, ինչպես նաև նավթի վաճառքի զեղչի տրամադրման մասին՝ Ռուսաստանին շուկայից դուրս թողնելու համար։ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գնային պատերազմ սկսվեց։ Որպես հետևանք՝ նավթի գները սկսեցին էլ ավելի սրընթաց իջնել։
Խնդիրը նավթից կախվածությունն է
Ադրբեջանն արդեն մեկ անգամ բախվել է նավթի գների անկմանը 2014-2015 թթ–ին։ Եվ այն ժամանակ երկրի Ազգային բանկը ստիպված էր մանաթի արժեզրկման գնալ, որի հետևանքով ազգային արժույթը կրկնակի էժանացավ։ Նավթի միջին գինը, որը 2013 թ–ին 120 դոլար էր, նվազեց 30-40 դոլարով 2015 թ–ի վերջին։ Այժմ նավթի գների ցատկը նույնիսկ ավելի արագ էր։ Արդյո՞ք Ադրբեջանը որևէ հետևություն է արել 2015 թ–ի ճգնաժամից։
Այս տարիներին Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն նվազեցրել է կախվածությունը նավթի գներից, ասում է նախագահի օգնական, տնտեսական հարցերի բաժնի պետ Շահմար Մովսումովը (2015 թ–ին զբաղեցնում էր Պետական նավթային ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնը)։ Արդյո՞ք դա այդպես է։
Ադրբեջանի պետբյուջեի եկամուտների մեծ մասը ստացվում է Պետական նավթային ֆոնդից և հարկերից, որոնք վճարում են նավթային ընկերությունները։
Ըստ Պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ 2019 թ–ի արդյունքներով նավթը կազմել է արտահանման 75.45 տոկոսը։ 2015 թ–ին նավթի մասնաբաժինը գերազանցում էր 85 տոկոսը։
Սակայն, քանի որ նավթի մասնաբաժնի նվազումը բնական գազի մատակարարման աճի շնորհիվ էր, որի գները նույնպես ընկել են, կարելի է ասել, որ Ադրբեջանի կախվածությունը նավթից և գազից պահպանվել է։
Ադրբեջանն արտահանում է նաև գյուղատնտեսական ապրանքներ՝ հիմնականում լոլիկ և պնդուկ։ Սակայն 2019 թ–ին ընդհանուր արտահանման մեջ մրգի և բանջարեղենի մասնաբաժինը կազմել է 3.09 տոկոս։
Մարտին, երբ նավթը սկսեց անկում ապրել, բանկոմատների և փոխանակման կետերի մոտ հերթեր գոյացան․ հիշելով նախորդ արժեզրկումների մասին՝ մարդիկ ուզում էին արտարժույթ գնել, քանի որ վախենում էին մանաթի նոր անկումից։
Ապրիլի սկզբից գինը սկսեց կրկին աճել Ռուսաստանի և ՕՊԵԿ+ միջև հնարավոր նոր համաձայնագրի մասին լուրերի ֆոնին։ Ադրբեջանական նավթի մեկ բարելի գինն ապրիլի 8–ին աճել է մինչև 24 դոլար։
Սակայն այդ փաստն այնքան էլ չի թեթևացնում դրությունը, կարծում է տնտեսագետ Թոգրուլ Վելիևը․
«Որքան էլ նավթը հիմա արժենա՝ 23 կամ 30 դոլար, բյուջեն ամեն դեպքում հաշվարկված էր 55 դոլարի հիման վրա։ Պետք է, որ այն բարձրանա գոնե մինչև 40-45»։
Ապրիլի 12–ին ՕՊԵԿ+ երկրները պայմանավորվել են նվազեցնել արդյունահանումը մինչև օրական 9.7 մլն բարել, ինչը պետք է ապահովի գների աճը։
«Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսին, այդ պատճառով էլ ապրիլին երկրները նույնիսկ ավելի շատ նավթ են արտադրելու, քանի որ չեն ուզում կորցնել շուկայի իրենց մասնաբաժինը։ Սակայն բանն այն է, որ գները սկսել են ընկնել նաև կարանտինի պատճառով վառելիքի սպառման նվազման հետևանքով։ Եվ քանի դեռ երկրները չեն սկսել «բացվել», մենք նկատելու ենք արտադրության նվազում, գործազրկության աճ ողջ աշխարհում և, որպես հետևանք, նավթի գները չեն աճելու գոնե մինչև 40 դոլար։ Ըստ ամենալավատեսական գնահատականների՝ 35 դոլար, ոչ ավելին», — կարծում է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին։
Կորոնավիրուսի էֆեկտը
Նավթի գների անկմանը զուգահեռ կորոնավիրուսի համաճարակը հարվածել է նաև երկրի տնտեսության մյուս ճյուղերին․ կասեցվել են ավիաչվերթները, փակ են զբոսաշրջային օբյեկտներն ու ռեստորանները։
«Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը մեծապես անդրադառնում է Ադրբեջանի տնտեսության վրա, և կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի առնչությամբ մենք կարող ենք խնդիրներ տեսնել տնտեսության շատ այլ ճյուղերում ևս՝ զբոսաշրջության, լոգիստիկայի և այլ ոլորտներում։ Դա բերեց նրան, որ հազարավոր ախատակիցներ գործազուրկ դարձան», — ասում է Նաթիգ Ջաֆարլին։
Նա կանխատեսում է, որ «խնդիրներ կլինեն նաև Ադրբեջանի արժութային պահուստներում, երկիր արտարժույթի մուտքի հարցում, և ապրիլից մենք տեսնելու ենք ՀՆԱ կրճատման տեմպերի աճ»։
Տնտեսագետ Թոգրուլ Վելիևը կարծում է, որ էժանացած նավթից կախվածությունից զատ տնտեսության համար վտանգ է ներկայացնում նաև Ադրբեջանի կախվածությունը ներկրվող ապրանքից, որի համար վճարվում է արտարժույթով, որը շուտով կարող է չհերիքել․
«Տնտեսությանն աջակցելու համար ծախսվում են մեր արտարժութային պահուստները։ Քանի որ Ադրբեջանում ներդրումների այլ տեսակներ չկան, և բարձր ռիսկի առնչությամբ մարդիկ ավելի շատ են ներդրում անում արտարույթի մեջ։ Միաժամանակ դա ազդում է տնտեսության նաև այլ հատվածների վրա, քանի որ շատ ոլորտներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված են նավթից»։
Ապրիլի սկզբին վարակվածների թիվն արդեն գերազանցել էր 600–ը։ Յոթ մարդ էր մահացել։ Կառավարությունը չի շտապում արտակարգ դրություն հայտարարել, սակայն դեռ մարտի վերջին որոշվել էր փակել առևտրային օբյեկտների, կազմակերպությունների և ձեռնարկությունների մեծ մասը։ Փակվել են սահմանները։ Տուգանքներ են ներմուծվել կարանտինայի ռեժիմի խախտման համար, այդ թվում՝ փողոցում «առանց սուր անհրաժեշտության» գտնվելու համար։
Փողոց դուրս գալու համար պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ (եթե այն չի փակվել) կամ էլ հատուկ համարին հաղորդագրություն ուղարկել՝ նշելով անձը հաստատող փաստաթղթի համարն ու ելքի նպատակը։
Այս միջոցները, որոնք կոչված են վարակի տարածմանը խոչընդոտելու, էլ ավելի ուժեղ են հարվածում երկրի տնտեսությանն ու շարքային քաղաքացիներին։
Վելի։ 27 տարեկան․
«Սրճարանը, որտեղ աշխատում էի, փակվել է, և ես այլևս չեմ կարողանում վճարել տանս վարձն ու կոմունալ ծախսերը։ Ստիպված էի կենտրոնի բնակարանս հանձնել և տեղափոխվել ծնողներից մոտ՝ քաղաքից դուրս գտնվող ավան»։
Նայիլյա։ 23 տարեկան․
«Մարտի աշխատավարձս ստացել եմ ընկերությունից, որի գրասենյակում աշխատում եմ, և արձակուրդ եմ գնացել։ Դեռևս չգիտեմ, թե արդյոք ինձ վճարելու են ապրիլի համար։ Մայրս տոկոսով էր աշխատում, այժմ առանց վաստակի է մնացել։ Դեռևս հավաքած գումար կա, բայց բացարձակապես չգիտենք, թե ինչ է լինելու։ Բարեկամների մոտ վիճակն ավելի վատ է։ Նրանք բազմազավակ ընտանիք են, և բոլորը միանգամից զրկվել են աշխատանքից»։
Ֆիդան։ 23 տարեկան
«Ես դիզայներ ֆրիլանսեր եմ, և աշխատավարձս փետրվարից դեռ չեն տվել։ Իսկ ես պետք է երեք ամսվա հարկ վճարեմ։ Ծնողներս օգնում են, այլապես մենակ չէի կարողանա»։
Ինչո՞վ է օգնելու պետությունը
Ապրիլի սկզբին կառավարությունն ի վերջո հրապարակեց ճգնաժամի հաղթահարման միջոցառումների մեկ միլիարդ մանաթի [մոտ $600 մլն] պլանը։
Այդ պլանի համաձայն՝ ֆինանսական օգնություն կտրամադրվի 300 հազար մանր ու միջին ձեռնարկատերերի։ Գումարի մի մասը՝ 215 մլն մանաթը, կփոխանցվի փակված ընկերությունների և ձեռնարկությունների տերերին՝ աշխատակիցների պաշտոնական երկամսյա աշխատավարձերի 100 տոկոսը փոխհատուցելու համար, եթե այն չի գերազանցում 712 մանաթը [մոտ $420]։
Պլանի համաձայն՝ կվճարվի նաև ձեռնարկությունների վարկերի տոկոսագումարների մի մասը, արտոնյալ պայմաններով նոր վարկեր կտրամադրվեն և այլն։
Պլանը նախատեսում է նաև․
- Գրեթե 200 հազար գործազուրկի երկու ամիս կվճարվի 190–ական մանաթ [մոտ $112]։
- Աղքատ ուսանողների ուսման վարձը կվճարվի։
- Ամսական 100 կՎտ/ժամով կավելացվի արտոնյալ գներով էլեկտրաէներգիայի օգտագործման սահմանաչափը (Ադրբեջանում ամսական մինչև 300 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում են 0,07 մանաթ, դրանից ավելին՝ 0,11 մանաթ)։
Արդյո՞ք այս միջոցները մարդկանց կօգնեն ճգնաժամի հետևանքները մեղմել։ Փորձագետները կարծում են, որ մասնակիորեն։ Գլխավոր խնդիրը մարդիկ են, որոնք ոչ պաշտոնապես են գրանցված և միաժամանակ գրանցված չեն որպես գործազուրկ, նրանք ոչինչ չեն ստանա։
«Ներկա պահին ժամանակավորապես փակ հատվածներում օրավարձով աշխատողների մեծ մասն առանց ապրուստի միջոցի է մնացել։ Նրանց միայն մի մասը որպես գործազուրկ կամ ուսանող որոշակի օգնություն կստանա, քանի որ մեծ մասը ոչ պաշտոնապես է աշխատում, իսկ ձևակերպվածներից շատերը «թղթով» շատ ավելի քիչ գումար են ստանում, քան իրականում։ Պետությունն ինչ–որ պատճառով չի հոգացել նրանց խնդիրը», — պարզաբանում է Թոգրուլ Վելիևը։
Նրա խոսքով՝ որոշ միջոցներ ընդհանրապես անհասկանալի են․
«Օրինակ՝ բնակչության համար առավել մեծ խնդիր է բնական գազի սպառման սահմանաչափն, այլ ոչ թե էլեկտրաէներգիայինը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում, ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների, էլեկտրաէներգիայի սահմանաչափը հատել է բաժանորդների միայն 20 տոկոսը։ Ինչո՞ւ են օգնում առավել ապահովվածներին մի քանի գրոշ տնտեսել»։
Ի՞նչ կարելի է անել
Կառավարությունը կարող է օգնել քաղաքացիներին և բիզնեսին նվազագույնը երկու ուղղություններով, կարծում է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին․
«Առաջինը՝ քաղաքացիների կոմունալ ծախսերի վճարումն է պետության կողմից, վարկերի տոկոսագումարների սառեցումը։ Երկրորդն՝ օգնությունն է միջին և փոքր բիզնեսին երեք ամսով հարկերից ազատելու տեսքով, իսկ հետվարակային ժամանակահատվածում՝ ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկերի տեսքով»։
Նրա հետ համաձայն է տնտեսագետ Թոգրուլ Վելիևը, որը նույնպես կարծում է, որ բնակչության՝ աշխատանքը կորցրած առավել խոցելի շերտերին կարելի է օգնել՝ բյուջեից ուղիղ վճարումներ անելով․
«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի մեկ–երկու միլիարդ մանաթ [մոտ $590 մլն — 1.2 մլրդ]։ Եվ դա պետբյուջեի հաշվին ապահովելը հնարավոր է, քանի որ բյուջեի զգալի մասը՝ մինչև չորս միլիարդ մանաթը [մոտ $2.3 մլրդ], ներդրումային ծախսերն են, և մեծ մասամբ դրանք ինչ–որ շենքերի, ճանապարհների շինարարության ծախսերն են»։
Միաժամանակ տնտեսագետն ասում է, որ ճգնաժամից արագ դուրս գալու հեռանկար չկա, և երկիրն ամեն դեպքում պետք է երկար վերականգնի տնտեսությունը, որովհետև եկամուտները կվերադառնան բնավ ոչ միանգամից․
«Պարզ չէ, թե երբ է ավարտվելու ընթացիկ ճգնաժամը։ Լավագույն դեպքում՝ մայիսին, իսկ նորմալացումը կսկսվի հունիսին։ Առավել վատատեսական կանխատեսումները խոսում են վեց ամսվա մասին։ Նավթի գները ցածր մակարդակի վրա կլինեն մինչև տարեվերջ, և մոտ ամիսներին Ադրբեջանն ապրելու է ցածր նավթային եկամուտներով։
Պետական պարտավորությունների կատարման համար արդեն անհրաժեշտ կլինի ավելի շատ արտարժույթ, ինչը բեռ կլինի տնտեսության համար։ Եթե չվերականգնվի զբոսաշրջային շրջանառությունը, դա կազդի ծառայությունների ոլորտի վրա, և առևտուրը չի վերականգնվի մոտակա երեք–չորս ամսում»։
«Մեդիացանցի» աջակցությամբ