«Սենսացիոն, բայց կեղծ»․ կարծիք Հայաստանի քաղաքական ուժերի խոստումների մասին
Նախընտրական կեղծ խոստումներ ՀՀ-ում
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Քաղաքական հայտ ներկայացրած 18 ուժերը շարունակում են նախընտրական քարոզարշավը։ Առավել ակտիվները այցելում են նաև տարբեր բնակավայրեր, հանդիպում քաղաքացիների հետ և տալիս խոստումներ։
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են այդ խոստումները և պարզել, որ դրանցից մի քանիսը «ոչ միայն իրատեսական չեն, այլև հաճախ որևէ աղերս չեն կարող ունենալ իրականության հետ»։
Հոդվածում անդրադարձ կա նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աղմկահարույց հայտարարությանը։ Կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար, օրերս հայտարարել էր, թե իշխանության գալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ընդունելու են երկրի գլխավոր օրենքը։
Կարապետյանի փոխանցմամբ՝ դա լինելու է «Սաֆարովի կանխարգելման օրենքը», որով մտադիր են ադրբեջանցիներին արգելել «գնել մեր հողերը, մեր տները, նվեր ստանալ մեր հողերը»։
Այս խոստումն, ըստ «Հայկական խորհրդի», կեղծիք է։ Շեշտում են՝ ինչպես մի շարք այլ դեպքերում, այս անգամ ևս «սենսացիոն» անոնսի հիմնական նպատակը հանրության ուշադրությունը գրավելն է։
«Օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով հող ձեռք բերելու օրենսդրական արգելքը արդեն կա և գործում է»,- նկատել են խորհրդից և եզրակացրել՝ կեղծիքը հիմնվում է այն հաշվարկի վրա, թե մարդիկ տեղյակ չեն օրենքներից, հետևաբար կհրապուրվեն նման առաջարկներով։
Վերլուծական կենտրոնի փորձագետները վստահեցնում են՝ Հայաստանի քաղաքացիները բավականին իրազեկված են, ինչի մասին են վկայում նաև բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները։ Ասում են՝ «ճակատագրական» կեղծիքներին ՀՀ քաղաքացիների պատասխանը կտեսնենք առաջիկա ընտրություններին։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի կարևոր դրվագները, ինչպես նաև հիշեցումներ քաղաքական ուժերի նախընտրական կեղծ խոստումների մասին
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
- «Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ-ում ադրբեջանցիների բնակվելը «կանխող» օրենքը
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում հիմնական ընդդիմադիր տեղերը գրավելու գլխավոր հավակնորդ, ռուսական նարատիվների և քաղաքականության հետևորդ ուժը հայտարարեց «ճակատագրական» որոշման մասին։
Ըստ այս կեղծիքի՝ եթե Հայաստանում իշխանության գա այս ուժը, օրենք ընդունելու միջոցով օտարերկրյա քաղաքացիներին արգելելու է սեփականության իրավունքով հող ձեռք բերել, որպեսզի «կանխի Հայաստանում ադրբեջանցիների բնակություն հաստատելը»։
Այնինչ ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Իր հերթին, ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ Հայաստանում «օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք»։
Ըստ էության, օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով հող ձեռք բերելու օրենսդրական արգելքը արդեն կա և գործում է»։
Ինչո՞ւ «Սաֆարովի կանխարգելման օրենք», ո՞վ էր նա
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թ․-ին Բուդապեշտում կացնահարելով սպանել է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։ Մարգարյանը Հունգարիա էր մեկնել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» խորագրով անգլերենի երեքամսյա դասընթացներին։
Նախ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ավելի ուշ, 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ էլ Սաֆարովին հերոսի կոչում շնորհվեց։
Հայաստանն ի պատասխան նույն օրը կասեցրեց իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հարաբերությունները վերականգնվեցին միայն 10 տարի անց՝ 2022 թ․-ին։ Նպաստող հանգամանք հանդիսացավ նաև այն, որ 2021 թ․-ի դեկտեմբերի վերջին Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանից ՀՀ վերադարձան 5 հայ գերիներ։
Ադրբեջանցիների «վերադարձի» անհիմն սպառնալիքը
«Մեկ այլ դեպքում՝ 300․000 աշխատատեղ բացելու անլուրջ խոստումը զուգահեռվում է 300․000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու վերաբերյալ կեղծ ու անհիմն սպառնալիքներով։
Հավանաբար, այս ուժի քաղաքական տեխնոլոգները որոշել են համադրել երկու թվերը՝ այդպիսով կուտակային ինչ-որ էֆեկտ ակնկալելով»։
Քաղաքացիներին 300 հազար աշխատատեղ բացելու խոստում է տալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Հենց այս ուժն է նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ակտիվորեն շրջանառում նաև, այսպես կոչված, 300 հազար ադրբեջանցիների «ՀՀ վերադառնալու» կեղծ թեզը։
Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է, թե Հայաստանի համար առաջնային խնդիր է կանգնեցնել «Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան»։ Մինչև անգամ նշում է, թե նման զարգացման պարագայում իր թիմի «տնտեսական ծրագրերն անիրագործելի» կլինեն, քանի որ «հիմնական աշխատատեղերը բաժին կհասնեն ադրբեջանցիներին»։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հերքել են «ադրբեջանցիների վերադարձի» մասին ընդդիմադիրների պնդումները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ այդ թեզը «հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարել է, որ ՀՀ պետական շահերի դեմ գործելու՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման երկրի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար «կալուգացի օլիգարխը պետք է դատվի»։
Մարգինալիզմի խորհրդանիշ Լուկաշենկոն և Բելառուսի «երաշխավորությունը»
«Մեկ այլ քաղաքական ուժի լիդերը խոստանում է «երաշխավորներ» գտնել, որոնք «կգան և խաղաղությունը հարատև կդարձնեն»։
Հետաքրքիր է, որ այս ուժի ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ, ըստ իրենց պատկերացումների, «երաշխավորների ցանկում» կարող է լինել նաև Բելառուսի նախագահ, քաղաքակիրթ աշխարհում մարգինալիզմի խորհրդանիշ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Իսկ թե ինչպե՞ս է սեփական երկիրը Ռուսաստանի ծայրագավառի վերածած նախագահը որևէ տեղում որևէ բան երաշխավորելու, հավանաբար, նորահայտ «աշխարհաքաղաքական երաշխավորագետներին» այնքան էլ չի հետաքրքրում»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է «երաշխավորված խաղաղության» անհրաժեշտության մասին և պնդել, թե Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում Հայաստանը պետք է ունենա մի քանի երաշխավորներ։ Ֆեյսբուքյան գրառումներից մեկում ԲՀԿ առաջնորդը մատնանշել է, մասնավորապես՝ Պակիստանի, Ռուսաստանի և Բելառուսի անունները։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»,- մայիսի 25-ին գրել է Ծառուկյանը։
Անհամատեղելի առաջարկներ՝ հարկերի նվազեցում և թոշակների ավելացում
«Քաղաքական ուժերից մեկը խոստանում է «նվազեցնել հարկերը» և, զուգահեռաբար, «ավելացնել կենսաթոշակը»։
Տնտեսագիտության տարրական գիտելիքներ ունեցող և քաղաքագիտության տեսություններին քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է նկատել, որ այս երկու իրադարձությունները միաժամանակ չեն կարող տեղի ունենալ»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքացիներին խոստանում է «արժանապատիվ թոշակ և հարկային ողջամիտ քաղաքականություն»։
Նախընտրական ծրագրի համաձայն՝ կուսակցությունը նախատեսում է․
- ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թ․-ից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը,
- ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,
- 10 մարզերում ստեղծել հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտիներ,
- տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից (0 % հարկ),
- կրկնակի կրճատել գույքահարկի չափը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Նախընտրական կեղծ խոստումներ ՀՀ-ում