Ադրբեջանի գլխավոր դատախազություն. «Խաչատրյանը 9 հետախուզվողներից մեկն է»
Մեշալիի ողբերգություն, Վագիֆ Խաչատրյան
«1991 թ.-ին տեղի ունեցած Մեշալիի հանցագործության գործով որպես մեղադրյալ հետախուզման մեջ է 9 հոգի, նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, կալանավորվել է։ Մյուս մեղադրյալների որոնումները շարունակվում են»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։ Նա խոսել է նաև Մեշալիի ողբերգության հետաքննության մանրամասների, այն մասին, թե ինչ է սպասվում Խաչատրյանին, ինչպես նաև Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների հետաքննության ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի մասին։
- «Լուսնից դեպի ԼՂ ճանապարհը նույնպես բաց է». Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
- «ԼՂ-ի իրավիճակը կներկայացվի ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը»․ Հայաստանի ԱԳՆ
- «Բացե՞լ Պանդորայի արկղը»․ Աղդամով ԼՂ օգնություն հասցնելու մասին
APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իլգար Սաֆարովն ասել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նա նախ բուժզննում է անցել, իսկ հետո նրան թարգմանիչ և փաստաբան են տրամադրել.
«Նրան տեղավորել են բուժհաստատությունում և բժիշկները հետազոտել են նրա առողջական վիճակը։ Քանի որ նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ցանկացել էր հեռանալ երկրից բուժման նպատակով։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են թարգմանիչ և փաստաբան։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, հարցաքննվել է։ Ներկայում նրա նկատմամբ այլ քննչական գործողություններ են իրականացվում»,- ասել է Սաֆարովը։
Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից բերման էր ենթարկվել ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի անցակետից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մեկնելու փորձ կատարելիս։
Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանցի իրավապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի կալանավորումը «մարդու առևանգում» է որակել և կոչ արել միջազգային հանրությանը նրա վերադարձի համար ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։
«Խաչատրյանը 9 հետախուզվողներից մեկն է»
Գլխավոր դատախազի օգնականի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2013 թվականին՝ տուժողների հայտարարությունների հիման վրա։
«Սկզբում հետաքննության ընթացքում պարզվել է Մեշալիի ջարդերին մասնակցած 9 հայ զինյալների ինքնությունը, և նրանք բոլորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մյուս հետախուզվողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ»։
Իլգար Սաֆարովի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի կալանավորումից հետո նոր հայտարարություններ են ստացվում այն մարդկանցից, ովքեր պնդում են, թե տուժել են այս մարդու գործողություններից։
«Նախաքննության ընթացքում բացահայտված բոլոր անձինք հարցաքննվել են, այդ թվում՝ տուժող ճանաչվածները։ Նախաքննության ընթացքում արդեն սկսել են նոր հայտարարություններ հնչել։ Այդ անձանց հարցաքննությունն այս պահին շարունակվում է։ Եթե որոշվի, որ նրանք պետք է տուժող ճանաչվեն, կճանաչվեն»,- նկատել է նա։
Մեշալիի ողբերգությունը տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ օրը հայ զինյալները հարձակվել են Ադրբեջանի՝ նախկին Ասկերանի, այժմ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա։ Ադրբեջանցի կամավորները փորձել են պաշտպանել գյուղը։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Մահացածների թվում են եղել 8 կին և 3 երեխա։ Թալանվել, ավերվել ու այրվել են տներ և վարչական շենքեր։ Գյուղին հասցված վնասը կազմել է մոտ 5,5 մլն մանաթ։
Այս փաստերով 1992 թվականի հունվարի 11-ին Շուշի քաղաքում հարուցվել է քրեական գործ։
«Ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք քրեական պատասխանատվության ժամկետը լրացել է Մեշալիի ողբերգությունից ավելի քան 30 տարի անցած լինելու պատճառով՝ Իլգար Սաֆարովն ասել է, որ ռազմական հանցագործությունների, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար վաղեմության ժամկետը հաշվի չի առնվում։
«Այդ կանոնը չի տարածվում նման հանցագործություններ կատարած անձանց վրա։ Վագիֆ Խաչատրյանի մասով այս պահին հետաքննություն է ընթանում։ Իրավական տեսանկյունից ճիշտ չէ կարծիք հայտնելը, թե ինչպես պետք է պատժվի և որքան ժամանակով պետք է ազատազրկվի։ Դա հակասում է անմեղության կանխավարկածին։ Քանի որ այս անձի վերաբերյալ դատարանի վճիռ չկա։
Նախաքննության ավարտից հետո, եթե Վագիֆ Խաչատրյանի դեմ բավարար ապացույցներ լինեն, ապա կկազմվի մեղադրական եզրակացություն, և քրեական գործը կուղարկվի դատարան։ Դատավարության ընթացքում արդեն հնարավոր կլինի խոսել ինչ-որ պատժի, որոշ մեղմացուցիչ ու ծանրացնող հանգամանքների մասին։
Եթե կան օրենքով նախատեսված մեղմացուցիչ հանգամանքներ, ապա բոլորը պետք է վերաբերվեն Վագիֆ Խաչատրյանին։ Որովհետև նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է և կկարողանա օգտվել այն բոլոր իրավունքներից, ինչ մյուս քաղաքացիները»,- հավելել է Սաֆարովը։
«1988 թվականից ի վեր կատարված բոլոր հանցագործությունները հետաքննվում են»
Իլգար Սաֆարովն ընդգծել է, որ հետաքննվում է ոչ միայն Մեշալիի ողբերգությունը, այլև «1988 թվականից սկսած հայերի կատարած բոլոր հանցագործությունները»։
«Յուրաքանչյուր փաստ արձանագրված է դատախազությունում։ Զոհվածների և վիրավորների ինքնությունը պարզված է։ Այս տիպի քրեական գործերի նախաքննությունը ներկայումս շարունակվում է Զինվորական դատախազության հատուկ քննչական վարչությունում և Գլխավոր դատախազությունում։
Գլխավոր դատախազի օգնականը վերահաստատում է քննվող քրեական գործերով տեղում քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Սակայն այդ գործընթացը ձգձգվում է տարածքների ականապատման պատճառով։
«Գիտեք, որ օկուպացիայից ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է։ Եռակողմ հայտարարությունից հետո, որպես մարդասիրական քայլ, Հայաստանն առաջարկեց ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել, սակայն խոստումը չպահեց։ Ներկայացված ականապատ դաշտերի քարտեզները արտացոլում էին իրականության ընդամենը 25 տոկոսը։ Այդ իսկ պատճառով տարածքների ամբողջական մաքրումը և անվտանգ պայմանների ստեղծումը մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջում։ Սակայն անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում արդեն իսկ ականազերծված տարածքներում և այնտեղ, որտեղ ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ։
Հետաքննվող քրեական գործերը վարվում են մի քանի ուղղություններով՝ ցեղասպանական հանցագործություններ, խոշտանգումների հանցագործություններ, մեր ժամանակներում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններ, բնապահպանական հանցագործություններ և այլն։ Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է զննել այդ հանցագործությունների հետ կապված վայրերը։ Գործընթացն առաջ է ընթանում այդ տարածքների մաքրմանը զուգահեռ»,- ասել է Սաֆարովը։