«Մենք մեր տարածքում ենք»․ Ալիևը՝ Հայաստանի հետ սահմանի և Արցախի կարգավիճակի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն AzTV պետական հեռուստաընկերութանը տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել մի շարք տարածաշրջանային արդիական խնդիրների վերաբերյալ։ Դրանց թվում են Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի հստակեցումն ու Արցախի կարգավիճակը։
- Թե ինչպես է Ռուսաստանը խաղում Ադրբեջանի և Հայաստանի դիմակայության վրա․ մեկնաբանություն Բաքվից
- «ԵՄ-ն պատրաստ է կառուցողական գործընկեր լինել»․ ԵՄ ղեկավարը՝ Երևանում
- Կարծիք․ «Խաթարել Հայաստանի պլանները, կամ ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը»
Ականապատ դաշտերի քարտեզների մասին
«Նախևառաջ, մենք պետք է զբաղվենք և զբաղվում ենք ականազերծմամբ։ Դա շատ ժամանակ և միջոցներ է խլում։ Ցավոք, պատերազմից հետո Ադրբեջանի շուրջ 150 քաղաքացի է զոհվել և կորցրել առողջությունը՝ պայթելով ականի վրա», — հայտարարել է Ալիևը՝ պատմելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տարվող աշխատանքների մասին։
«Պատերազմն ավարտվել է, մենք հաղթել ենք։ Հայաստանը պարտվել է, համակերպվել դրա հետ, ստիպված է եղել համակերպվել, մենք ենք ստիպել։ Իսկ ի՞նչ նպատակ ունի այժմ ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելը։ Որպեսզի ավելի շատ ադրբեջանցիներ զոհվեն և հաշմանդամ դառնան։ Եթե սա թշնամանք չէ, ապա ի՞նչ է», — հավելել է նա։
Հայաստանի հետ պետական սահմանի մասին
Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի հստակեցման հարցի մասին խոսելիս Իլհամ Ալիևը հիշեցրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը, որոնք նա ասել է Հայաստան կատարած այցի ժամանակ․
«Երևանում գտվելու ժամանակ Շառլ Միշելը սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Անկեղծ ասած, ես ինքս էլ համաձայն չեմ այս արտահայտությանը, քանի որ մենք համարում ենք, որ դրանք մեր տարածքներն են։ Կարծում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք մեր տարածքում ենք։
Բնականաբար, այս հարցը քննարկվել է այցի ժամանակ, և ես փորձել եմ բացատրել, որ մենք մեր սահման ենք դուրս եկել։ Ինչո՞ւ ենք մայիսին դուրս եկել։ Որովհետև ձյունն է հալվել։ Երկու-երեք մետր հաստությամբ ձյուն էր։ Այնտեղ դուրս գալն անհնար էր։ Հենց ձյունը հալվեց, մենք դուրս եկանք, զբաղեցրինք անհրաժեշտ կետերը, տեղավորվեցինք, ամրացնում ենք մեր դիրքերը և ամրացնելու ենք»։
Արցախի մասին
«…Պատերազմի ավարտից, հակամարտության կարգավորումից հետո, իհարկե, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելն անտեղի է։ Այդ պատճառով ես ասացի, որ Ադրբեջանում այդպիսի տարածքային միավոր չկա։ Եթե այս խոսքերն ինչ-որ մեկին դուր չեն գալիս, ես դեմ չեմ, թող իրենց երկրներում շրջան ստեղծեն Լեռնային Ղարաբաղ անվանումով, կամ էլ այդպես կոչեն որևէ մարզ, կամ թող հանրապետություն ստեղծեն, դա իրենց գործն է։
Այսինքն՝ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով վարչական տարածք»,- նշել է Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին խոսակցությունների վերաբերյալ լրագրողի հարցին։
Արցախի կարգավիճակի մասին
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է Արցախի բնակչության մասին տվյալներին և դրա կարգավիճակի հարցին․
«Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա այսօր այնտեղ բնակվում է 25 հազար մարդ։ Մենք բավականին ընդգրկուն և բազմակողմանի տեղեկություններ ունենք այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին։
Այնտեղի բնակիչների իրական թիվը 25 հազար է։ Այլ թվեր էլ էին նշվում։ Իբր պատերազմից հետո այնտեղ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ։ Հնարավոր է, բայց վերադառնալ՝ չի նշանակում այնտեղ մնալ։ Վերադարձել է, այնուհետև՝ հետ գնացել։ Երկրորդ հերթին՝ մենք տարբեր տեխնիկական միջոցներ ունենք, արբանյակ կա։ Մենք գիտենք այնտեղ գտնվող մեքենաների քանակը։ Տեսնում ենք մարդկանց տեղաշարժը։ Ինչպես ասում են, կան այլ օբյեկտիվ միջոցներ, որոնք որպես հիմք ընդունելով, մենք հստակ գիտենք, թե քանի մարդ է այնտեղ ապրում․ առավելագույնը՝ 25 հազար…
Այնտեղից օրական մեկնող մեքենաների քանակը զգալիորեն գերազանցում է մուտք գործողների քանակը։ Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում 25 հազար մարդու համար կարգավիճակի ստեղծումը»։
«Թող թեկուզ հինգ Լեռնային Ղարաբաղ ստեղծեն, ես դեմ չեմ»
Շարունակելով իր խոսքերն Արցախի կարգավիճակի մասին, Իլհամ Ալիևն ասել է․
«Ես ասում եմ, ես՝ Ադրբեջանի նախագահս, ասում եմ, որ ես լուծել եմ այդ հարցը։ Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա։ Կա Արևելյան Զանգեզուր՝ Ղարաբաղյան տնտեսական գոտու հետ միասին, սա արտացոլված է 2021 թ-ի հուլիսի 7-ի իմ հրամանագրում։ 1923 թ-ի հուլիսի 7-ին՝ մեկ դար առաջ, ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ 2021 թ-ի հուլիսի 7-ին ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական գոտիները։
Այնպես որ, նման բան չկա, կրկնում եմ, եթե որևէ մեկն ուզում է կարգավիճակ շնորհել, ապա Ամերիկայում բնակվում է մոտ մեկ միլիոն հայ, Ֆրանսիայում՝ ավելի քան 500 հազար, Մարսելում և դրա շրջակայքում՝ ավելի քան 100 հազար հայ, ինչո՞ւ այնտեղ կարգավիճակ չի շնորհվում։ Ինչո՞ւ այն պետք է տրամադրվի Ադրբեջանում։ Ի՞նչ իրավական, քաղաքական, պատմական հիմքեր կան դրա համար։ Ոչ մի։
Հայերն այնտեղ սկսել են ապրել ավելի վաղ, քան մեր տարածքում։ Մեր հողերում նրանց սկսել են բնակեցնել 1828 թ-ից՝ 12, 28 թվականներից հետո։ Նրանք այնտեղ ապրելու պատմական հիմքեր չունեն։ Այժմ մենք պարզապես մարդասիրություն ենք դրսևորում, ասում ենք, որ դեմ չենք, նրանք մեր քաղաքացիներն են։ Եթե այդ խունտայի ղեկավարները թույլ տան, վստահ եմ, որ նրանք մեծ հաճույքով կապրեն և կաշխատեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կգան-կգնան, այդ թվում՝ աշխատանքի նպատակով, կգան Աղդամ, Ֆիզուլի, նույնիսկ կխնդրեն մեզ։ Այդ պատճառով էլ կարգավիճակի մասին հարցն այսպիսի գնահատականի պետք է արժանանա։
Եթե ոչ, ապա թող այլ վայրերում թեկուզ հինգ Լեռնային Ղարաբաղ ստեղծեն։ Ես կճանաչեմ դրանք։ Բայց՝ ո՛չ Ադրբեջանում»։