Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
Մեղրիի փոխանակման տարբերակը․ գաղտնազերծում ԱՄՆ-ից
Հայաստանում շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնց հիման վրա օրեր առաջ ծավալուն նյութ էր հրապարակել «Ազատություն» ռադիոկայանը։ Դրանց համաձայն՝ 90-ականների վերջին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը քննարկել են տարածքների փոխանակմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակ։ Ըստ ձեռքբերված համաձայնության՝ Ղարաբաղը պետք է միանար Հայաստանին, իսկ Մեղրին՝ տրվեր Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար։
Այս փոխանակումը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։
Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 1999 թ․-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հայաստանի նախագահն առավել հաճախ է հղում արել ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտությանը՝ հորդորելով հավելյալ ժամանակ տալ իրեն։ Իսկ արդեն 2000 թ․-ի հունվարին Դավոսում Հեյդար Ալիևի հետ առանձնազրույցում ներկայացրել է նոր պահանջ՝ ասելով, որ ՀՀ-ն պատրաստ է տալ Մեղրին, եթե «Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թվականների ցեղասպանությունը»։ Հեյդար Ալիևը հրաժարվել է այդ հարցը քննարկել Անկարայի հետ և նշել, որ այն երբեք չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում։
Բացի այդ, նախագահ Քոչարյանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Բերդեննիկովի հետ զրույցում ասել է՝ կկարողանար առաջ տանել համաձայնությունը, եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը (սպանված ԱԺ նախագահն ու վարչապետը) ողջ լինեին։ Երկրորդ նախագահը պնդել է՝ առանց նրանց դա անհնար է, քանի որ «գործարքի դեմ քննադատությունն աճում է քաղաքական դաշտի աջ հատվածից ու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերից»։
Հրապարակմանն անդրադարձել են մի շարք քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ։
«Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը հայտարարել է՝ ոչ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, ոչ էլ Կարեն Դեմիրճյանը կողմ չեն եղել Մեղրիի փոխանակման տարբերակին։ Երկրորդ նախագահն, ըստ նրա, «քրեորեն պատժելի արարք» է գործել՝ համաձայնելով նման տարբերակի, քանի որ Սահմանադրության համաձայն՝ նա պատասխանատու էր երկրի տարածքային ամբողջականության համար, իսկ Մեղրին ՀՀ ինքնիշխան տարածք է։
«Երբ ՀՀ-ին առաջարկում էին Մեղրին Ղարաբաղով փոխելու տարբերակ, ոչ թե պիտի ուրախանային՝ «վայ, Ադրբեջանը համաձայնել է Ղարաբաղն անկախ ճանաչել», այլ պիտի ասեին՝ ի՞նչ կապ ունի ՀՀ-ն Ադրբեջանի և Ադրբեջանի ինքնավար մարզ ԼԵռնային Ղարաբաղի փոխհարաբերությունների համատեքստում, միանգամից փակեին թեման, որ այն առ այսօր չդառնար քննարկման ու շահարկման առարկա»,- շեշտել է նա։
Գաղտնազերծված փաստաթղթերի մանրամասները, մեկնաբանություններ
- «ԼՂ-ի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվում հոգեներգործուն միջոցներ են կիրառվում». Փաշինյան
- «Բռնապետությունը չի կարող արդար դատել»․ ԼՂ-ի նախկին պաշտոնյաները՝ դատարանի առաջ
- «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան»․ միջազգային կազմակերպությունների փաստահավաք զեկույցը
Տարածքների փոխանակում․ կլուծի՞, թե՞ կխճճի խնդիրը
Դժվար է ասել՝ ով է եղել Լեռնային Ղարաբաղն ու Մեղրին փոխանակելու գաղափարի հեղինակը։ 1992 թ․-ին գաղափարը շրջանառել է ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլը, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան։
Գաղտնազերծված փաստաթղթերը, սակայն, վկայում են, որ հարցը 90-ականների սկզբին արդեն իսկ քննարկվում էր փակ դռների ետևում և ամենաբարձր մակարդակով։ ԱՄՆ նախագահի սեղանին նման առաջարկ էր դրել Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը։
Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան այն նորից սեղանին է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997 թ․-ին Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով։
Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն հարցը քննարկել է ռուսների հետ և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Թալբոթն արձագանքել է՝ նշելով, որ կարգավորման այդ տարբերակը կարող է հակամարտող կողմերին շեղել Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ էլ ավելի խճճել խնդիրը։
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն։ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Այնուամենայնիվ, Թալբոթն ասել է, որ եթե ադրբեջանցիներն ու հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն կաջակցեն դրան։
Լեռնային Ղարաբաղը «լիովին աջակցում էր գործարքին»
Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ միջնորդները Մեղրիի փոխանակման տարբերակի մասին տեղեկացրել էին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ 1999 թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խումբն է այցելել Ստեփանակերտ՝ համոզվելու, որ ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Օրեր անց զրույցի մանրամասները Վաշինգտոն է հեռագրել ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն․
«Արկադի Ղուկասյանը [ԼՂ նախագահ] անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին, և ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»։
Ըստ դիվանագիտական հեռագրերի՝ այդ նույն ժամանակահատվածում միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների հետ՝ համաձայնագրի ստորագրումից հետո տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար։ «Ազատության» փոխանցմամբ՝ ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է՝ ե՞րբ է նպատակահարմար, որ Համաշխարհային բանկն այց կատարի և կարիքների գնահատում իրականացնի։ Արկադի Ղուկասյանն արձագանքել է՝ որքան շուտ, այնքան՝ լավ։ Նաև խոստացել է այդ մասին տեղեկությունները գաղտնի պահել։
«Նա [Ղուկասյանն] ասաց, որ կորդեգրի լիակատար գաղտնապահություն, ինչը, նրա համոզմամբ, կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ավարտեց իր խոսքը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն ընդունելի չէ, ոչ էլ հնարավոր է այն անժամկետ պահել, և որ անհրաժեշտ է խաղաղություն ու զարգացում»,- նշել է Քավանոն։
«Սեղանին երբեք չի եղել տարածքների փոխանակման տարբերակ»․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը ինչպես 2000-ականներին, այնպես էլ պաշտոնը թողնելուց հետո շեշտում է՝ Մինսկի խումբը տարածքների փոխանակման առաջարկ չի ներկայացրել։ Իր և Հեյդար Ալիևի չմիջնորդավորված շփումների մասին Քոչարյանը ոչինչ չի հրապարակել։ Խոսելով տարածքների փոխանակման մասին՝ շեշտել է՝ այդ գաղափարն ինքը մերժել է ի սկզբանե և աներկբա։
«Խոսքը միայն կոմունիկացիաների մասին էր։ Երբեք չի եղել տարածքների փոխանակման տարբերակ սեղանին։ Քննարկվել է հետևյալ սկզբունքը, օրինակ՝ տարածքային փոխանակումը ընդունելի՞ է։ Ասել եմ՝ ոչ, դրանով կորցնում ենք ռազմավարական սահմանը Իրանի հետ։ Վերջ, սրանով ավարտվում է։ Հողերը հայկական հողերով ես չեմ փոխում»,— 2008 թ․-ի փետրվարին հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է նա։։
«Մեղրին չէր փոխանակվելու»․ Լևոն Քոչարյան
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն արձագանքել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հետևյալ 8 կետերը՝
- «Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց։
- Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն։
- Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով։
- Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս՝ Լաչինի միջանցքով հանդերձ։
- Չնայած նախնական համաձայնությանը Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից։
- Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ՝ դիմացը չստանալով ոչինչ։
- Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել։
- Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը [Քի Վեսթի առաջարկը], որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու»։
«Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ»,- գրել էր նա։
«Որդու բերանով ստում է»․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը նույնպես անդրադարձել է գաղտնազերծված փաստաթղթերին ու դրանց շուրջ ծավալվող քննարկումներին։ Նա FreeNews-ի եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը տեղ է հասցնում որդու բերանով, որին, սակայն, սուտ տեղեկություններ է տրամադրել։
Նրա խոսքով՝ Մեղրիի փոխանակման տարբերակ բանակցվել է։ Ընդ որում՝ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ միջազգային գործընկերները ծրագրի իրագործման համար Հայաստանին 6 մլրդ դոլար են խոստացել, Ադրբեջանին՝ 8 մլրդ դոլար։ Ասում է՝ իր եղբայրը՝ երկրի այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ծրագրի մասին մասնակի տեղեկություններ են ունեցել, կողմ չեն եղել դրա իրագործմանը։
Պատմում է՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է իրեն վստահեցնել, թե Դեմիրճյանն ու Սարգսյանը կողմ են եղել Մեղրիի փոխանակման տարբերակին։
Սակայն ծանոթացել է եղբոր գրառումներին և պարզել՝ երկու պաշտոնյաներն էլ դեմ են եղել փոխանակմանը․
«Դրանից հետո Քոչարյանը լռեց, որովհետև շարունակելը նշանակելու էր՝ իրենք են հոկտեմբերի 27-ի պատվիրատուն, որ հոկտեմբերի 27 տեղի է ունեցել Մեղրիի միջանցքի տարբերակի համար, որին դեմ էին Դեմիրճյանն ու Սարգսյանը»։
Քաղաքական գործչի խոսքով՝ ՀՀ իշխանությունները բանակցել են համաձայնելու համար, ոչ թե չհամաձայնելու, ինչպես փորձում են ներկայացնել այսօր։
Շեշտում է՝ փոխանակումը չի իրականացվել 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ դարձան 8 անձինք, այդ թվում՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։
«Նա, ով դրանից հետո գնար ստորագրելու, բացի այն, որ տարածք էր փոխանակում, իր վրա էր վերցնում նաև հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը։ Դրա համար Քի Վեսթում (2011 թ․) Քոչարյանը գնացել է ու հրաժարվել փոխանակման տարբերակից»,- ընդգծել է Արամ Սարգսյանը։
Նկատել է՝ այդ ժամանակ արդեն Քոչարյանն առաջարկել է Մեղրիով անցնող ճանապարհ, փոխարենը պահանջել, որ Լեռնային Ղարաբաղը լինի անկախ, ՀՀ-ին կապվի Լաչինի ճանապարհով, իսկ Թուրքիան էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հեյդար Ալիևը հրաժարվել է։
«Մեղրիի պաշտոնական տարբերակ չի եղել»․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, որը Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է, արձագանքել է Լևոն Քոչարյանի գրառմանն ու շեշտել՝ հրապարակված 8 կետերից 7-ի հետ «հարյուր տոկոսով կամ գրեթե հարյուր տոկոսով» համաձայն է։
Հակոբյանն անհամաձայնություն է հայտնել միայն 3-րդ կետի հետ, ըստ որի՝ «Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով»։ Շեշտել է՝ ՀՀ տարածքը նեղանալու էր 8 մետրով։
«Ես կարող եմ պարոն Քոչարյանին ցույց տալ մի քանի փաստաթղթեր, ի դեպ, դրանք ինքն էլ կարող է ձեռք բերել ՀՀ ԱԳՆ-ից, որոնք ցույց են տալիս, որ բանակցային հետագա փուլերում՝ 2001-ին, Հայաստանը գնացել է էլ ավելի փոխզիջումների, համաձայնվելով, որ ՀՀ տարածքը նեղանա 8 մետրով (մոտավոր 35 հեկտար)»,- նշել է նա և հավելել, որ խոսքը վերաբերում է Արաքսի ափին:
Մեկ այլ գրառմամբ Հակոբյանը նկատել է՝ Մեղրիի փոխանակման, կամ Քի Վեսթի պաշտոնական տարբերակներ չեն եղել, եղել են տարբեր սևագրեր։ Նշել է, որ Քի Վեսթի սևագիր տարբերակի համաձայն՝ նախատեսվում էր «ոչ թե մեկ միջանցք, այլ երկու»՝
- Մեղրիի սուվերեն անցում (sovereign passage),
- Ֆիզուլիից կամ Աղդամից սուվերեն միջանցք դեպի Շուշի:
«Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է նաև միջանցք ստանային Շուշիի հետ ուղղակի կապվելու համար, հետևաբար՝ Շուշին փաստացի դրվում էր նրանց վերահսկողության տակ»։
Պատկերն, ըստ Հակոբյանի, ամբողջական կդառնա, եթե գաղտնազերծումներ անի կարգավորման հարցում «առաջին ջութակ» Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մեղրիի փոխանակման տարբերակը․ գաղտնազերծում ԱՄՆ-ից