«Մահվան ամբարտա՞կ, թե՞ ազատություն»։ Վրաստանում գյուղացիները պաշտպանում են իրենց կիրճը ՀԷԿ շինարարությունից։ Ֆիլմ
Սա վրացի հեղինակ Էլենե Ասատիանիի ֆիլմն է Ռիոնի գետի երկայնքով տարածվող կիրճի բնակիչների մասին, որոնք ավելի քան չորս ամիս դիմադրում են Արևմտյան Վրաստանում ՀԷԿ-ի շինարարությանը։
Թուրքիայի ENKA խոշորագույն շինարարական ընկերությունը 2020 թ-ի հոկտեմբերի վերջին գործարկել է Նամախվանիի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը։ Եվ այդ ժամանակ էլ տեղի բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները վրաններ են տեղադրել Ցխալտուբոյի շրջանի Ջանեթի գյուղում և սկսել պահանջել անհապաղ դադարեցնել աշխատանքներն ու սարքավորումները դուրս բերել կիրճից։
Ակտիվիստները նաև հայցով դատարան են դիմել, որտեղ փորձում են վիճարկել էլեկտրակայանի շինարարության թույլտվությունը, որը վրացական կառավարությունը տրամադրել է թուրքական ընկերությանը։
Ամենախոշոր ՀԷԿ-ը
Եթե Նամախվանիի ՀԷԿ-ն, այնուամենայնիվ, կառուցվի, այն կլինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո պետականություն ձեռք բերելուց ի վեր։ Խորհրդային տարիներին նման նախագծերից մեկն Ինգուրի ՀԷԿ-ն էր։
Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար։ Թուրքական Enka Riniebels Ltd ընկերությունը պլանավորում է ՀԷԿ կառուցել Արևմտյան Վրաստանում՝ Ռիոնի գետի կիրճում, Ցխալտուբոյի և Ծագերիի մունիցիպալիտետներում։
Նամախվանի ՀԷԿ կասկադը երկու ՀԷԿ ունի՝ Տվիշի ՀԷԿ-ը, որի հզորությունը 100 ՄՎտ, իսկ բարձրությունը 60 մետր է լինելու, և Նամախվանի-Ջոնեթին, որի հզորությունը 333 ՄՎտ, իսկ բարձրությունը 111 մետր է լինելու։ Ընդհանուր հզորությունը 433 ՄՎտ է։ Տարեկան արտադրողականությունը՝ 1 500 ԳՎտ/ժ։
Ինչո՞ւ Ռիոնիի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է աղետ դառնալ
- ՀԷԿ-ն ամբողջությամբ կողողի դաշտավայրն ու սպառնալիքի տակ կդնի 18 գյուղերի գոյությունը։ Այդ պատճառով էլ տեղի բնակիչները նախագիծն անվանում են «մահվան ամբարտակ»։
- Ամբարտակը Վրաստանի՝ մեծությամբ երկրորդ Քութայիսի քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է լինելու։
Ամբարտակի վնասվելու դեպքում 34-մետրանոց ալիքը քաղաք կհասնի 19 րոպեում։
- Բնապահպաններն ասում են, որ նախագիծն այնքան մասշտաբային է, որ դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա դեռևս հարկ եղած ձևով ուսումնասիրված չէ։ Այդ ազդեցությունը կրիտիկական լինելու ներուժ ունի։
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին Gamma Consulting խմբի հաշվետվությունում ասվում է, որ միայն Ներքին Նամախվանի նախագծի իրականացումը մեծ քանակությամբ մշակահողեր կզոհաբերի, հինգ գյուղ ջրի տակ կանցնի, և մոտ 300 ընտանիք կվերաբնակեցվի։
- Նախագիծն ուղեկցվում է լուրջ սեյսմիկ ռիսկերով։ Ըստ «Կանաչ այլընտրանք» կազմակերպության փորձագետների՝ Նամախվանին անգամ հինգ բալ երկրաշարժի չի դիմանա։ Սակայն քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռաճայում 1991 թ-ին յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
- Շրջանում բնության զգալի փոփոխություններից զատ՝ ՀԷԿ-ը կփոխի նաև շրջանի մշակույթը՝ զբոսաշրջությունը, մշակութային ժառանգությունը, գինեգործությունը։
Ինչո՞ւ Ռիոնիի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է փրկություն դառնալ
Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ սատարում է նախագիծը։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան բնապահպանների մտահոգությունները «չափազանցված» է անվանում։
Տուրնավան մի քանի անգամ այցելել է ՀԷԿ շինհրապարակ և ասել, որ «այդ շինարարությունը Վրաստանի նորագույն պատմության մեջ խոշորագույնն է, մեծ ներդրում երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մեջ»։