Ղարաբաղյան մարտերն ու Ռուսաստանն, ի՞նչ կապ կա։ Մեկնաբանություն Բաքվից
Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների պատճառներն ու հեռանկարները JAMnews-ի համար մեկնաբանել է քաղաքական տեսաբան Շահին Ռզաևը։
— Ինչո՞ւ ռազմական գործողությունները սկսվեցին հենց հիմա։
— Այս անգամ դա անսպասելի չէր՝ ի տարբերություն 2016 թ-ի ապրիլի։ Ճակատի երկու կողմերում բոլորը պատրաստ էին, որ ակտիվ գործողություններ են սկսվելու։ Նախաբանը 2020 թ-ի հուլիսի 12-16-ին տեղի ունեցած բախումն էր սահմանին։
Կարող եմ մի քանի պատճառ նշել, որոնք հանգեցրել են դիմակայության սրացման։
•Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է գործելու
•Կարծիք Ադրբեջանից․ «Երկու կողմերն էլ մտածում են պատերազմի մասին»
•Կարծիք Հայաստանից․ ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցները «սենսացիաներ» հրապարակում Ղարաբաղի մասին
Այսպես, Հայաստանի նոր ղեկավարությունը երկու տարի առաջ որոշեց միակողմանի կերպով փոխել բանակցությունների ձևաչափը՝ հայտարարելով, որ բանակցությունների երրորդ կողմը պետք է Ղարաբաղի հայերը լինեն։
Այդ ժամանակ էլ հնչեց «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։
Միմյանց հակասող այս երկու թեզերի անհամապատասխանությունը Երևնում չկարողացան բացատրել։
Միաժամանակ Հայաստանի նոր ղեկավարությունը սկսեց Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն վարել։ Սկսեց ճնշում գործադրել Ռուսաստանի դրածոների և դաշնակիցների (Քոչարյան, գեներալ Խաչատուրով և այլն) նկատմամբ։
ՌԴ ղեկավարությունը՝ Պուտինի գլխավորությամբ, ազդանշաններ էր ուղարկում այն մասին, որ իրեն դուր չի գալիս այդ քաղաքականությունը։ Կրեմլի պրոպագանդայի խոսափող Russia Today ալիքն ուղղակիորեն մեղադրեց Հայաստանի ղեկավարությանն արևմտյան հիմնադրամների, Սորոսի և այլոց հետ համագործակցության համար։
•Հայաստանում որոնում են Ռուսաստանի լրտեսներին․ հետաքննվում են «Դոսյե» կենտրոնի հրապարակած փաստերը
Մոսկվան ամեն կերպ դժգոհություն էր հայտնում Փաշինյանի չափազանց անկախ քաղաքականության վերաբերյալ։ Եվ չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտությունն այսպիսի պահին ճնշման հերթական լծակ կարող էր լինել։
Իսկ հուլիսյան նախերգանքը ցանկալի արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով, այդ թվում՝ համավարակի։ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն ժամանակ նույնպես դժկամությամբ արձագանքեց և բանագնացներ չուղարկեց։ Հնարավոր է, այդ պատճառով նույնպես Ռուսաստանը ստիպված եղավ ավելի ուժեղ փաստարկներ կիրառել։
— Ի՞նչ է լինելու, արդյո՞ք հնարավոր է կասեցնել մարտական գործողությունները, ինչպես եղավ 2016 թ-ի ապրիլյան կտրուկ սրացման ժամանակ։
— Ամենայն հավանականությամբ, կողմերը երկու-երեք օրից կպայմանավորվեն դադարեցնել կրակը։ Իսկ 2021 թ-ի սկզբին կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։
Եվ այդ ժամանակ քննարկման գլխավոր թեման կլինի այսպես կոչված «Լավրովի պլանի» հաստատումը, որը ենթադրում է Ադրբեջանի օկուպացված յոթ շրջաններից հինգի ազատագրում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և որպես «խաղաղապահ ուժեր» ողջ ճակատագծով ռուսական զորքեր մտցնելու դիմաց։
Այս պլանը նոր չէ, այն բանակցային սեղանին էր դեռևս 1994 թ-ին, այն ժամանակ դա առաջարկել էր ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Ադրբեջանի համար այդ պլանն, իմ կարծիքով, բացարձակ անընդունելի է։ Առանց ներքին տեղահանվածների վերադարձի՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելն անիրավաչափ է, իսկ ռուսական զորքեր մտցնելը լուրջ կասկածներ է առաջացնում։
Բավական է հիշել վրաց-աբխազական և հարավօսական հակամարտությունների գոտի ՌԴ զորքեր մտցնելու տխրահռչակ փորձը։ Արդյունքում՝ Վրաստանը փաստացի կորցրեց իր տարածքի մոտ մեկ հինգերորդը։
Խաղաղապահ ուժերը կարող են կազմված լինել ոչ միայն ռուս զինվորներից։ Նրանց պետք է գումարվեն այլ երկրների, օրինակ, Թուրքիայի, Եվրամիության կամ Ուկրաինայի ուժերը։ Դա, կարծում եմ, բանակցությունների առարկա է։