Մարտեր Հադրութի համար․ ի՞նչ է կատարվում իրականում
Լեռնային Ղարաբաղի Հադրութ փոքր քաղաքը, որտեղ բնակվում է ավելի քան 4 հազար մարդ, վերջին օրերին դարձել է կողմերի միջև դաժան մարտերի դաշտ և ճակատի առավել կարևոր կետ։ Երկու կողմերն էլ հայտարարում էին, որ վերահսկում են քաղաքը, սակայն դրա համար մարտերը շարունակվում են արդեն մի քանի օր։ Արդյունքում՝ Ադրբեջանի նախագահը խոստովանել է, որ խոսքը քաղաքին հարող բարձունքների «ազատագրման» մասին է, այլ ոչ թե հենց Հադրութի։ Ինչո՞ւ է այդ շրջանն այդքան կարևոր կողմերի համար, և ի՞նչ է այնտեղ տեղի ունենում իրականում։
Ինչո՞ւ է Հադրութն այդքան կարևոր
Նախևառաջ, այն հենց Լեռնային Ղարաբաղի առաջին շրջկենտրոնն է նախկին ինքնավար շրջանի սահմաններում և հայկական բնակչությամբ, որի գրավման մասին հայտարարել է ադրբեջանական կողմը։
Դրանից առաջ ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղում երկու գյուղ են գրավել՝ Թալիշն ու Մատաղիսը։ Սակայն հիմնական մարտերն ընթանում են Ջաբրայիլի շրջանում․ դա գրեթե չբնակեցված տարածք է, որը գրավել է Լեռնային Ղարաբաղի բանակն 90-ականն թվականներին և որտեղից դուրս է բերվել ողջ ադրբեջանական բնակչությունը։ Փաստացի այդ շրջանում կողմերը պայքարում են փլատակների տիրելու համար։
•Արցախ, մարտեր՝ հրադադարի ֆոնին։ Նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր։ Թարմացվում է
•Կարծիք Երևանից․ «Թույլ չտալ, որ Թուրքիան հայտնվի միջնորդների շարքում»
•Կարծիք Բաքվից․ արդյո՞ք հնարավոր է ուժով կտրել «ղարաբաղյան հանգույցը»
Ինչը չես ասի Հադրութի մասին, որի անկումը կարող է բարոյական մեծ հարված լինել հայկական կողմի համար և փախստականների նոր, համեմատաբար մեծ ալիքի աղբյուր դառնալ։
Երկրորդ պատճառը բնակավայրի ռազմավարական նշանակությունն է․ ադրբեջանական բանակի վերահսկողության հաստատման դեպքում Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջանները պաշտպանող հայկական ուժերը շրջափակման մեջ հայտնվելու ռիսկի տակ են ընկնում և ստիպված կլինեն թողնել դիրքերը։ Ադրբեջանական ուժերի համար ճանապարհ կբացվի դեպի Լեռնային Ղարաբաղի կենտրոն՝ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։
Եվ երրորդ, թերևս ամենագլխավոր պատճառը․ դեռևս հոկտեմբերի 9-ին Հադրութի գրավման մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իսկ դրանից առաջ այդ մասին հաղորդել էին բլոգերները, որոնք համարվում են «մարմնին մոտ»․ նրանք առավել տեղեկացված և անմիջականորեն ռազմական ղեկավարությունից տեղեկություններ ստացողների համբավ ունեն։
Եվ մինչ այս Ադրբեջանի իշխանություններն այդ վարկածն էին պնդում, առանց որևէ փաստացի հաստատում ներկայացնելու։
Սակայն արդեն հոկտեմբերի 12-ին թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցարույցում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերն «ազատագրել են Հադրութի շուրջ գտնվող բոլոր կարևոր բարձունքները»։
«Այլ հարց է, թե ինչու մենք չենք մտնում ազատագրված բնակավայրեր։ Ռազմական տեսանկյունից դա երբեմն աննպատակահարմար է», — ասել է Ալիևն՝ անուղղակիորեն խոստովանելով, որ ադրբեջանական զորքերը հենց քաղաքում չեն։
Ի՞նչ է կատարվում այժմ
Հադրութի ուղղությամբ շարունակվում է այստեղ ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի կասեցմանը և ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունը, հոկտեմբերի 12-ի առավոտյան հայտնել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։
Ըստ հայկական կողմի պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 10-ին 200 հոգուց բաղկացած ադրբեջանական «դիվերսիոն խումբն» անսպասելիորեն հարձակվել է քաղաքի վրա, սակայն գրոհը հետ է մղվել։
Ստեփանակերտում հայտարարում են, որ այժմ Ադրբեջանը մեծ ուժեր է կենտրոնացրել այդ ուղղությամբ և ամեն կերպ փորձում է քաղաք ներխուժել։ «Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ամեն թիզ հողի համար»։
Ինչին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հակադարձել են, թե իրականում «Հադրութն օկուպացիայից մի քանի օր առաջ է ազատագրվել»։
Կողմերից այս պաշտոնական տեղեկությունների անկախ հաստատումներ չկան։ Սակայն որոշակի եզրակացություններ կարելի է անել տարածված տեսանյութերից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 11-ի երեկոյան Հադրութում արված տեսանյութ է տարածել։ Քաղաքի փողոցները դրանում երևում են ընդամենը մի քանի վայրկյան, նկարահանումն իրականացվում է արագ ընթացող մեքենայից։ Երևում են դատարկ ճանապարհներն ու դրանցով արագ երթևեկող մեքենաները։
Տեսանյութի հիմնական մասը զինվորականներն են, որոնք շենքի ներսում են։ Երևում է, որ շենքն ամրացված է ավազով պարկերով և դրանից դուրս գալն անվտանգ չէ։
Հադրութի քաղաքապետ Կամո Պետրոսյանը տեսանյութում խոսում է դիվերսիոն խմբի գրոհի մասին, որը հաջողվել է կասեցնել։ Սակայն հինգ խաղաղ բնակիչ է զոհվել։
Քաղաքում տիրող իրավիճակն ավելի մանրամասն կարելի է ուսումնասիրել Հայաստանի Հանրային հեռուստատեսության սյուժեի միջոցով։ Լրագրողներն ավտոմեքենայով տեղաշարժվում են քաղաքում, սակայն, կրակոց լսելով, ճանապարհը փոխում են և պատսպարվում շենքում կամ նկուղում։ Այնուհետև նրանք հասնում են քաղաքապետարանի շենք։
Կադրերում քաղաքը հիմնականում անվնաս է, փողոցները դատարկ են, դրանցում չեն երևում զինվորականներ, երևում են մարտերի հետքեր՝ շրջված և վնասված մեքենաներ։
Ի՞նչ է կատարվում իրականում
Կողմերի պաշտոնական դիրքորոշումներն այն բանի մասին, թե ինչ է կատարվում Հադրութում և ով է վերահսկում քաղաքը, կտրականապես տարբերվում են․ համենայնդեպս, տարբերվում էին մինչ օրս, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց քաղաքին հարող «բարձունքների վերահսկման» մասին։
Սակայն իրենց վարկածի սպառիչ ապացույցներ կողմերը մինչ այս չէին կարողանում ներկայացնել։
Ադրբեջանական կողմը չէր հրապարակում տեսանյութեր և լուսանկարներ, որոնք հաստատում են քաղաքում ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը կամ ցուցադրում են ադրբեջանական դրոշը Հադրութում։ Հայկական կողմը դեռևս բավականաչափ համոզիչ հաստատում չի ներկայացրել, որ վերջնականապես հետ է մղել հարձակումն ու մարտի դաշտն իրենն է, օրինակ, զոհված կամ գերեվարված ադրբեջանցի «դիվերսանտների» կամ «թուրք հատուկջոկատայինների» տեսանյութեր կամ լուսանկարներ։
Այն սակավ նյութից, որը կա այս պահին, կարելի է եզրակացություն անել, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։
Հայկական-ղարաբաղյան զորքերը քաղաքում են, ինչպես նաև դրան հարող բարձունքներում։
Իսկ ադրբեջանական զինված ուժերը նույնպես Հադրութի շուրջ, դրան շատ մոտ գտնվող բարձունքներում են, ինչի պատճառով քաղաքը գնդակոծվում է և դրսում գտնվելն անվտանգ չէ։ Չի բացառվում, որ դրանց ինչ-որ մասը հենց քաղաքում է՝ սպառնալիք ստեղծելով այնտեղ գտնվող հայկական ուժերի և աշխատող լրագրողների համար։
Մարտերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, քանի որ Հադրութը, որի գրավման մասին արդեն հայտարարել է ադրբեջանական կողմը, նախկինի պես կարևոր նպատակ է լինելու հարձակման համար։