Հնդիկները Հայաստանում՝ ինչո՞ւ են տեղափոխվում և ինչո՞վ են այստեղ զվաղվում
Վերջին տարիներին Հայաստանում հետաքրքիր գործընթաց է նկատվում՝ շատ հնդիկներ ընտանիքներով տեղափոխվում են այստեղ: Ծնողները բիզնես են հիմնում, երեխաներն էլ ընդունվում են սովորելու տեղի համալսաաններում և քոլեջներում:
Պաշտոնական տվյալներով, Հայաստան այցելած Հնդկաստանի քաղաքացիների թիվը
• 2016 թվականին կազմել է 4226,
• 2017-ին`11589,
• 2018-ին՝ 28 659:
Մենք որոշեցինք ավելի մոտ ծանոթանալ Հայաստան տեղափոխված հնդիկների հետ:
«Հնդկական մեխակ» ռեստորանի տերերը
Խայտաբղետ համեմունքներն ու տարատեսակ սոուսները Ֆահրա Խանի խոհանոցին ոչ միայն գույն են տալիս, այլև տարածում են Հնդկաստանի համն ու հոտը երևանյան փոքրիկ ռեստորանում։ Ֆահրայի ձեռքերում աջ ու ձախ պտտվող պղնձե շերեփի հարվածներից պանրի ճերմակ կտորները այս ու այն կողմ են թռչում ձեթով լցված եռացող թավայում։ Մեկ այլ թավայում պատրաստում է «Չիլի պանիրի» համար նախատեսված սոուսը։
«Պանիրն ինքս եմ պատրաստում, գնում եմ կաթը ու պանիր գցում։ Սոուսի մեջ էլ սխտոր է, սոխ, տաքդեղ, կանաչի, տարբեր համեմունքներ: Պանիրը վերջում եմ լցնում այս սոուսի մեջ։ Մեր այցելուները սիրում են «Չիլի պանիր» ուտել», — ասում է 39-ամյա հնդկուհի Ֆահրա Խանը։
Ֆահրան Հայաստան է եկել չորս տարի առաջ, ամուսնու և երկու աղջիկների հետ։ Այստեղ հիմնադրել են իրենց ընտանեկան բիզնեսը՝ «Հնդկական մեխակ» ռեստորանը, որտեղ կարողանում են միաժամանակ սպասարկել 35 այցելուի։
• Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
Ֆահրայի ամուսինը՝ Պարվեզ Խանը, 41տարեկան է: Հնդկաստանում զբաղվել է անշարժ գույքի առևտրով: Ասում է, Հայաստանի մասին իմացել է ընկերոջից, երբ 2012 թվականին ճանապարհորդում էր Վրաստանում։
«Նա հայ է, խորհուրդ տվեց գործ դնել Հայաստանում։ Ես միանգամից եմ տեղափոխվել ընտանիքիս հետ: Իհարկե դժվար էր. նոր գործ, օտար երկիր, ընտանիքի հետ: Բայց ասեմ, մենք «դուխով» եկանք ու արդեն չորս տարի անց ես կարող եմ ասել, որ իմ բիզնեսը կայացել է Հայաստանում։ Որոշեցի ռեստորանը բացել Զեյթուն թաղամասում, քանի որ հատկապես քաղաքի հենց այս հատվածում են շատ հնդիկ ուսանողներ ապրում: Այստեղ է գտնվում օտարերկրյա ուսանողների հանրակացարանը», — պատմում է Պարվեզը։
Ամուսինները լավ չեն խոսում հայերեն, նրանց օգնում է աղջիկը՝ 16-ամյա Ալսան: Նա վարժ տիրապետում է հայերենին, սովորում է Երևանի Բրիտանական միջազգային դպրոցում։ Պատմում է, որ քրոջ, Ասքայի հետ սկզբում հաճախել են Լեզունների կենտրոն, որտեղ էլ սովորել են հայերեն խոսել.
«Քույրս սովորում է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, հետո ուզում է ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան։ Ես ընտրել եմ ՏՏ ոլորտը։ Այստեղ մեզ լավ ենք զգում, ամենակարևորը` անվտանգ է ու ապահով, մենք անգամ երեկոյան ենք ազատ դուրս գալիս տանից: Իսկ Հնդկաստանում դա շատ վտանգավոր է, մանավանդ աղջիկների համար»,- ասում է Ալսան։
Ինչո՞ւ են հնդիկները տեղափոխվում Հայաստան
Վերջին շրջանում Երևանի փողոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ հնդիկների, ովքեր Հայաստան են գալիս սովորելու, աշխատելու, սեփական գործ դնելու։
Զբոսաշրջիկները երկրում կարող են անցկացնել 180 օր, որից հետո պետք է դիմեն անձնագրային կամ միգրացիոն ծառայություն, ստանալով ներգաղթյալի կամ կացության այլ կարգավիճակ։
Ըստ Միգրացիոն ծառայաթյան հաղորդման, «Հնդկաստանի քաղաքացիները ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը»։
Դեռևս մեկ տարի առաջ Հայսատանի կառավարությունն ընդունեց որոշում՝ դյուրացնել Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքը երկիր: Եվ այժմ նրանք մուտքի արտոնագիր կարող են ստանալ ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչություններում, այլ նաև սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով։
«Հայաստանում կեցության թույլտվությունը օտարերկրյա քաղաքացիների համար բավականին ազատ է։ Կարող են երկար ժամանակ մնալ Հայաստանում, կամ գնալ նորից գալ: Իսկ եթե բիզնես են գրանցում, դա նրանց առավելություն է տալիս գնալու և գալու առումով չեն ունենում խոչնդոտներ», — բացատրում է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Խաների ընտանիքը Հայաստան է եկել Փենջաբից։ Պարվեզն ասում է, որ սկզբում մեկ տարվա կեցության թույլտվության համար էին դիմում: Բայց այս տարի դիմել են ու ստացել հինգ տարվա կեցության թույլտվություն, ինչը նշանակում է որ իրենց պլանները Հայաստանի հետ կապված մեծանում են։
«Հիմա մենք նոր ռեստորան ենք բացում։ Տարածք ենք վերցրել Կորյուն փողոցի վրա, որն ավելի կենտրոնում է։ Այս մեկը, որ Զեյթունում է կպահենք, բայց կբացենք նաև հաջորդ «Հնդկական մեխակը»ը նախատեսված 70 հյուրերի համար։ Տարածքները վարձակալում ենք, բայց մենք հաշվարկել ենք, որքան ծախսում ենք, այդքան էլ հետ է գալիս, բիզնեսի տեսանկյունից շահույթ ենք ստանում, դժգոհ չենք, մեր բիզնեսը զարգանում է այս երկրում», — ասում է Պարվեզը Խանը։
Գործատուների միության նախագահի հավաստմամբ, Հայաստանը բիզնես գործունեության տեսանկյունից հարմար երկիր է Հնդկաստանի քաղաքացիների համար։
«Չնայած Հնդկաստանը բավականին մեծ պետություն է, բայց աղքատ երկիր է, ժողովրդի թվաքանակը մեծ է: Եվ օրական վճարը կամ ամսական հայթհայթած գումարները շատ փոքր են, կարող են կազմել 30-40 դոլար։ Այս դեպքում, ինչ խոսք, Հայաստանը գրավիչ է դառնում նրանց համար», — ասում է Մակարյանը։
Բացի դրանից, Հայաստանում մեծ թիվ են կազմում հնդիկ ուսանողները: Հինգ տարի սովորելով Հայաստանում, սովորում են նաև լեզուն, հեշտորեն ինտեգրվում հայկական իրականությանը: Նրանցից շատերը ավարտելուց հետո չեն հեռանում Հայաստանից, ոմանք նաև սեփական գործ են հիմնադրում այստեղ ։
Գագիկ Մակարյանն ասում է, որ հնդիկները դիտարկում են Հայաստանը որպես դեմոկրատական ու քաղաքակիրթ պետություն, ինտերգրված որոշակի «ընտանիքների»`Եվրամիությանը, Եվրասիական տնտեսական միությանը։
«Օգտվում են նաև այն հանգամանքից, որ Հայաստանում բիզնես գրանցելը անվճար է և հեշտ՝ մեկ պատուհանի սկզբուքնով։ Ընդամենը գրանցում են բիզնեսը որևէ մի հասցեով, ունենալով անձնագիրը, անձնագրի նոտարական հաստատված թարգմանությունը։ Սահմանափակումներ չկան։ Ազատ դեմոկրատական մոդելով՝ Doing business-ով Հայաստանը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում», — ասում է Գործատուների միության նախագահը։
Հնդիկները Հայաստանում բացում են մերսման սրահներ, զարդեղենի արտադրամասեր, իրենց ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորաններ, արագ սննդի կետեր։
Ուսանող գործարարը
Արդեն յոթ տարի Հայաստանում է ապրում 25-ամյա Շաֆի Ալ Կապրիոնը։ Նա հնդկական Սալեմ քաղաքից է։ Այստեղ սովորում է «Հայբուսակ» համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի վերջին կուրսում: Զուգահեռ հանդես է գալիս «Արմենիա պրեմիում» հայկական հեռուստալաիքի Stand Up հումորային նախագծում։
«Այս ամենի հետ միասին ես բացել եմ սննդի երկու կետ Հայաստանում: Մեկը՝ հենց «Հայբուսակում», մեկն էլ քաղաքի կենտրոնում: Դրանք կոչվում են «Շաֆիի մոտ»։ Ես Հայաստանում ամեն գործ արել եմ` ավտոլվացման կետում եմ աշխատել ու հազա ու մի այլ տեղ, բայց այսօր արդեն նաև բիզնես ունեմ», — ասում է Շաֆին։
Պատմում է, որ բիզնեսը գրանցել է շատ արագ, տասնհինգ օրում թույլտվությունը ստացել ու սկսել աշխատել։
«Իմ «Շաֆիի մոտ» ռեստորանում առաջարկում եմ հնդկական և հայկական ուտեստներ, որոնք պատրաստում եմ անձամբ ես։ «Հայբուսակ»-ում հնդիկ ուսանողների թիվը հասնում է 400-ի։ Հայերն էլ են սիրում օգտվել մեր խոհանոցից։ Իմ բիզնեսը շատ հնդիկների համար շփվելու, իրար ավելի լավ ճանաչելու, ժամանակ անցկացնելու վայր է», — ասում է Շաֆին մաքուր հայերենով։
Նա էլ է նկատել, որ վերջին շրջանում շատ հնդիկներ են հայտնվել Հայաստանում.
«Հնդիկները գնում են և ավելի հեռու երկներ աշխատելու համար: Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստան, թող գան, ծաղկեցնեն այս լավ երկիրը։ Հայաստանը Հնդկաստանին մոտ է ու հարմար։ Գալիս են, հատկապես Նիկոլից [հայկական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նկատի ունի] հետո: Գործ են դնում, ուտելու տեղեր, փաբեր բացում։ Հայաստանում հեշտ է աշխատելը, քան Հնդկաստանում, ու մենք այստեղ ավելի մեծ շահույթ ենք ստանում»։
Հնդիկ-գործարարների խնդիրները
Ռեստորանայաին բիզնեսում արդեն բավականին թրծված Ֆահրա Խանն էլ ասում է, լավ կլիներ, որ գազի ու լույսի սակագները նվազեին գործարարաների համար։
Մյուս խնդիրն էլ մրցակցությունն է: Պարվեզն ասում է, որ Հայաստան եկած հնդիկներից շատերն են ռեստորաններ բացում Երևանում։ Բայց և համոզված է, որ իր գործին ոչ ոք չի կարողանա վնասել.
«Մեզ մոտ գալիս են մեր ուտեստների համի համար. Ֆահրայի ձեռքերին Աստված է նման շնորհք տվել, նա շատ համեղ ու արագ է պատրաստում։ Ունենք մշտական հաճախորդներ։ Մեր այցելունները հիմնականում Հնդկաստանի հյուսիսից եկած հնդիկներ են: Մեր կերակրատեսակները հատուկ նրանց համար են: Իհարկե ունենք նաև արևելյան շրջաններից եկած հնդիկների համար ուտելիքներ։ Առաջարկում ենք բիրյանի, պուրի չանա, դալ: Առաջարկում ենք միայն հավի ու ոչխարի միս։ Խոզ ու տավար չունենք, հինդու կրոնի մարդիկ չեն ուտում տավարի միս, ինչպես մուսուլմանները չեն ուտում խոզի միս»։
Արդեն տեղացիներ
Խան ընտանիքի բոլոր անդամներն իրենց սկսել են տեղացի զգալ: Հիշում են, որ գարնանը մասնակցել են նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությանը.
«Նստել ենք խաչմերուկներում, մեր ընկերների հետ փակել ճանապարհները։ Շատ լավ էր, որ բոլորն այդպես միասնական դուրս էին եկել պայքարի, մեծ հայրենասիրություն կար այդ ամենում, մասնակցում էր երիտասարդությունը։ Ես, քույրս, հորաքրոջս աղջիկը գնում էինք հանրահավաքներին։ Առաջին անգամ էինք նման իրավիճակի ականատես լինում: Կարևորը՝ բռնություն տեղի չունեցավ», — ասում է Ալսան։
Ինչպես և բոլոր երևանցիները, հնդիկ աղջիկներն էլ բողոքում են երթուղայիններից: Ասում են, սկզբունքորեն չեն օգտվում դրանցից:
«Անհնար է նստել մարշուտկաններում, մարդիկ իրար վրա լցված, նստելու տեղ չկա, բայց շարունակում են տեղավորվել ներսում, կռացած կանգնում են, հենվելով իրար վրա: Ու հաճախ դուռն էլ չի փակվում։ Բացի մարշուտկայից մնացած ամեն ինչն ինձ համար սիրելի է այս երկրում», — ասում է Ասքան։