Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն Թբիլիսիում
Վրաստանը` միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև
Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Պրահայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։
Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրին, որոնց համաձայն՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում լրագրողներին ասել էր, որ չի բացառում, որ Հայաստանի կողմից «բարի կամքի» դրսևորման դեպքում իրենք խաղաղության պայմանագիր ստորագրեն մինչև տարեվերջ։
Ըստ այդմ, Պրահայի հանդիպումից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջ է մղվել երկու կարևոր խնդիր.
- կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը,
- մեկնարկել են աշխատանքներ նրանց միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ։
Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են խաղաղության պայմանագիր կնքել Թբիլիսիում։
«Դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Թերթը պնդում է, որ Թբիլիսիում կստորագրվի խաղաղության պայմանագրի «արևմտյան տարբերակը», որը ենթադրում է Հայաստանի պաշտոնական և վերջնական հրաժարում Ղարաբաղից։
Առայժմ ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հաստատել այս տեղեկությունը։ Հայաստանում հասարակության մի մասը ենթադրում է, որ սրանք ռուսամետ ընդդիմության կողմից տարածված լուրեր են՝ Փաշինյանի և Արևմուտքի դեմ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։
Պլանավորվու՞մ է նման հանդիպում և փաստաթղթերի ստորագրում Թբիլիսիում: JAMnews-ն այս հարցով դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Վրաստանի դերը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում
Վրաստանի միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև նորություն չէ, և անցյալ տարի որոշակի քայլեր ձեռնարկվեցին այդ ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերին Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունից հետո ընդգծվել է նաև Վրաստանի դերն այս գործընթացում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևը խոսել է Հարավային Կովկասում Ադրբեջան-Վրաստան-Հայաստան տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին՝ նշելով, որ դրա նպատակը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումն է։
Պրահայի հանդիպումից հետո հոկտեմբերի 24-ին Ալիևը ժամանել էր Թբիլիսի և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ ամենայնի, քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։
Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը նշել էր, որ Վրաստանը հայտարարում է իր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակելու խաղաղության քաղաքականության խթանումը։
Հետևաբար, ակնկալվում էր, որ Վրաստանը որոշակի դեր կխաղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում։
Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն այն մասին, որ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում։
Այս հարցը JAMnews-ն ուղղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Սակայն մեզ պատասխանեցին, որ տվյալ հարցի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չեն գա։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են Թբիլիսի-Բաքու-Երևան շփումները։
Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Վրաստանի կառավարությունը հաղորդագրություն տարածեց Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գործընկերները քննարկել են վրաց-հայկական համագործակցության օրակարգի տարբեր հարցեր։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը վրացի գործընկերոջը տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մասին։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում սերտ համագործակցության և առկա խնդիրների վերաբերյալ։
Մեկնաբանություն Թբիլիսիից
Որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պայմանագրի ստորագրումը Թբիլիսիում, և եթե դա իսկապես տեղի ունենա, ի՞նչ նշանակություն կունենա թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային քաղաքականության համար։ Այս հարցը JAMnews-ն ուղղեց միջազգային հարաբերությունների դոկտոր, GIPA-ի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեին.
«Ակնհայտ է, որ կա հնարավորություն, և շրջապատում բոլորը խոսում են այդ մասին: Պայմանագրի ստորագրումն այսօր ամենաընդունելին է երկու կողմերի համար։ Հայաստանում հասկացել են, որ իրենց պաշտպանող չկա, և պետք է Ադրբեջանի հետ փոխզիջում գտնել։ Ռուսաստանը նրանց չի պաշտպանում, և նրանք դա հրաշալի հասկացան։
Մյուս կողմից, Ադրբեջանում նույնպես կարծես թե հասկանում են, որ ավելի բարեկամական և կառուցողական իշխանություն, քան այսօր Հայաստանում է, չի գա, և հիմա կա խաղաղության հասնելու հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանում գիտակցում են, որ եթե հիմա նոր պատերազմ սկսեն և ուղղակիորեն դիպչեն Հայաստանի տարածքին, ապա Ռուսաստանը կարող է միջամտել։
Երկու կողմերն էլ քաջատեղյակ են այս ամենին, և այն, որ Վրաստանը չեզոք կարգավիճակ է պահպանում Ղարաբաղում պատերազմի սկզբից ի վեր, ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ տարածաշրջանին։
Վրաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ և ընդունելի գործընկեր է երկուսի համար էլ, ոչ միայն այն պատճառով, որ պահպանում է բարեկամական հարաբերություններ, այլև այն պատճառով, որ որևէ շահագրգռվածություն չունի այս հակամարտությունում։
Մենք Ռուսաստան չենք, մեզ միայն խաղաղություն է պետք տարածաշրջանում, ոչ մի նյութական շահ։ Մյուսները դա լավ գիտեն, և, հետևաբար, մենք ընդունելի գործընկեր ենք երկուսի համար:
Այդ համաձայնագրի ստորագրումը Թբիլիսիում, անկասկած, կընդգծի, որ նախ՝ Ռուսաստանի դերը տարածաշրջանում լրջորեն թուլացել է, երկրորդ՝ մեծացել է մեր դերը։ Հետևաբար, եթե դա իսկապես տեղի ունենա, ապա դա շատ լավ կլինի բոլորի համար։
Թուրքիան անընդունելի գործընկեր է Հայաստանի համար, Մոսկվան անընդունելի գործընկեր է Ադրբեջանի համար և, հավանաբար, արդեն անընդունելի է նաև հայերի համար, քանի որ նրանց հարաբերությունները վատթարացել են։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից առաջ Ռուսաստանը շատ էր լոբբինգ անում 3+3 ձևաչափի համար, մենք, իհարկե, այնտեղ չէինք մասնակցում, բայց պատերազմը լրջորեն փոխեց իրավիճակը և մեզ, տարածաշրջանին, հնարավորություն տվեց խոսելու եռակողմ ձևաչափի մասին՝ առանց Ռուսաստանի։ Իհարկե, նման ձևաչափը մեզ համար անընդունելի էր, քանի որ, նախ, այն բացառում էր Արևմուտքը, իսկ առանց Արևմուտքի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունում դու շատ խոցելի ես։
Բայց տարածաշրջանի երեք պետությունները, իհարկե, ընդունելի են մեզ համար։ Այստեղ մենք որևէ մեկի հետ կիսելու բան չունենք։ Եվ սա ձեռնտու է նաև Արևմուտքին, ակնհայտ է, որ նա է կանգնած սրա հետևում։ Թբիլիսիի դերի ուժեղացումն այս տարածաշրջանում, իհարկե, անուղղակիորեն նշանակում է Արևմուտքի դերի ուժեղացում․ մենք կլինենք Արևմուտքի առաջին դաշնակիցը տարածաշրջանում։ Հետևաբար, եթե գործընթացն իսկապես այդպես ընթանա, կրկնում եմ՝ բոլորի համար շատ լավ կլինի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանը` միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև