«Աննախադեպ է, բայց շեշտակի զիջում է Ադրբեջանին»․ փորձագետը՝ ՀՀ ռազմական ծախսերի մասին
ՀՀ ռազմական ծախսերը 2025 թ․-ին
Հայաստանի կառավարությունը ծրագրում է ռազմական ծախսերն ավելացնել շուրջ 20 տոկոսով, կամ մոտ 110 մլրդ դրամով (մոտ 286 մլն դոլարով): 2025 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 664.6 մլրդ դրամ (ավելի քան 1.7 մլրդ դոլար):
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ Հայաստանի պատմության համար աննախադեպ է։ Մյուս կողմից նկատում է՝ չնայած ռազմական բյուջեի կտրուկ ավելացմանը, Երևանը դեռ շեշտակի զիջում է Բաքվին։
Այս պահին հայտնի մանրամասները, փորձագիտական կարծիք
Ռազմական ծախսերը մեծությամբ երկրորդն են պետբյուջեում
Նախորդ հինգշաբթի կառավարությունը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու ուղարկեց այն խորհրդարան։ Տարեկան բյուջեն 2 տրիլիոն 873 մլրդ դրամ է լինելու։
Նախագծից տեղեկանում ենք, որ պետբյուջեում ռազմական ծախսերը երկրորդն են իրենց մեծությամբ։ Առաջինը սոցիալական ոլորտին հատկացվող գումարներն են՝ ավելի քան 900 մլրդ դրամ։
Նշվում է, որ ռազմական բյուջեի զգալի մասն ուղղվելու է ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի և սպառազինության ձեռքբերմանը։
Փաստաթղթում մատնանշված չէ՝ որքան գումար է տրամադրվելու «զենքի և զինամթերքի հնարավոր գնումների» համար։
Սակայն կան առանձին ուղղություններ, որոնց վերաբերյալ թվային տվյալներ ներկայացված են։ Դրանք են՝
- արտասահմանյան բուհերում ուսման և վերապատրաստումներ՝ 1,072.4 մլն դրամ,
- վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ՝ 1,405.8 մլն դրամ,
- հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումների պլանավորում՝ 321.1 մլն դրամ,
- օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսեր՝ 941.6 մլն դրամ։
Բաքուն դժգոհ է ՀՀ ռազմական բյուջեի ավելացումից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին դժգոհել է Հայաստանի ռազմական բյուջեի ավելացումից և այն հանգամանքից, որ Երևանը «հարձակողական սպառազինություն» է ձեռք բերում։
Վերջին ամիսներին Բաքուն պարբերաբար է հայտարարություններ անում ՀՀ «ռազմականացման» մասին։ Ի պատասխան Երևանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են՝ «ցանկացած երկիր ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք»։
«Հայաստանի Հանրապետությունը որևէ ագրեսիվ նպատակ չունի»,- վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելում, որ ՀՀ-ն զինվում է բացառապես սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։
Հայաաստանի «ռազմականացման» վերաբերյալ մեղադրանքներն անհիմն է համարում նաև ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն․
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- հայտարարել է Ստանոն։
Շեշտել է՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Երևանին հատկացված աջակցությունը «ոչ մահաբեր» է, չի ներառում զենքի տրամադրում։ Վստահեցրել է՝ ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է արձագանքել այս հայտարարությանը։ Խոսնակ Այխան Հաջիզադեն այն որակել է «կողմնակալ», «անհիմն» և «անընդունելի»։
Մեկնաբանություն
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ ամեն տարի ռազմական ծախսերի համար նոր ռեկորդային թիվ է սահմանվում։ «Ազատության» եթերում նա նկատել է՝ 2024 թ․-ին էլ ռազմական ծախսերին հատկացվող գումարն ամենաբարձրն էր երկրի պատմության մեջ։
«Պաշտպանական ծախսերը երբևէ այսքան մեծ չեն եղել։ Մինչ 2020 թվականի [44-օրյա] պատերազմն անգամ չեն գերազանցել 700 միլիոն դոլարը»։
Իսկ Բաքուն 2025 թ․-ին մոտ 3.6 մլրդ դոլար է նախատեսում տրամադրել ռազմական ծախսերին։
«Անցած տարի համարյա 2,5 անգամ տարբերություն էր, հիմա 2 անգամ Ադրբեջանն առաջ է։ Բայց տեսնում ենք, որ այդ դինամիկան պոզիտիվ է Հայաստանի համար»,- ընդգծել է Ներսիսյանն ու հիշեցրել՝ տարիներ առաջ՝ 2013 թ․-ին ՀՀ ռազմական բյուջեն Ադրբեջանի բյուջեին զիջում էր ոչ թե 2, այլ 5-6 անգամ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ռազմական ծախսերը 2025 թ․-ին