«Հավելյալ ճնշում Բաքվի վրա»․ դիվանագետների այցը Լաչինի միջանցքի սկզբնամաս
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների այցը Կոռնիձոր
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները ԱԳՆ և կառավարության հրավերով այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Հուլիսի 26-ի երեկոյից այստեղ կանգնած է դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար շարասյունը՝ շուրջ 400 տոննա բեռով։
Դիվանագետները շրջել են տեղանքում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է նրանց տեղեկություններ փոխանցել իրավիճակի մասին։ Նշել է, որ Բաքուն խոսում է ինտեգրացիայի մասին, բայց «արդյո՞ք ուզում է դրան հասնել սովամահության հասցնելու ճանապարհով»։ Գորիսում դիվանագետների մասնակցությամբ նաև փակ քննարկում է տեղի ունեցել։
Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները մարդասիրական օգնությունը կհասցնեն Արցախ, միաժամանակ՝ շեշտում նախապես «համապատասխան օղակներով» դիմել են ոչ միայն ռուսական, այլև ադրբեջանական կողմին։ Բաքուն, սակայն, սադրանք է անվանում այս նախաձեռնությունն ու հորդորում զերծ մնալ նմանատիպ քայլերից։
ԼՂ-ը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակված է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից։ Հունիսի 15-ից, սակայն, Արցախն ամբողջությամբ պաշարված է։ Հումանիտար բեռներ չեն կարողանում հասցնել ոչ ռուս խաղաղապահները, ոչ էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ադրբեջանը թույլ չի տալիս։
Ի՞նչ հայտարարություններ են հնչել Սյունիքում, կարծիքներ հումանիտար բեռ ուղարկելու փորձերի և Աղդամից օգնություն ստանալու մասին, մեկնաբանություն
«Այս պահի դրությամբ դրական զարգացումներ չկան»
Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, ով ուղեկցում էր Սյունիք այցելած դիվանագետներին։ Նա վստահեցրել է՝ հայկական կողմը շարունակելու է իրազեկել միջազգային գործընկերներին և աշխատանքներ տանել, որպեսզի «Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է»։ Նկատի ունի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։
«Շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա»,- հայտարարել է նա։
ԱԳ փոխնախարարը հիշեցրել է՝ վերջին օրերին տարբեր գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, բայց դա «բավարար չէ»։
«Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և ոչ միայն հստակ ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև քայլեր ձեռնարկի, որոնք հնարավորություն կտան ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և մեքենաների անցումը»,- շեշտել է նա։
Վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը կփորձի իրեն հասու «բոլոր քաղաքական միջոցներով» ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Այլ մանրամասներ, սակայն, Կոստանյանը չի հայտնել։
Հումանիտար բեռներ կան նաև Երևանում, Գորիսում
Նախօրեին, երբ Հայաստանից Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու թեման ակտիվորեն քննարկվում էր, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակեց տեղեկություններ այն մասին, որ կա ևս շուրջ 500 տոննա բեռ, որը հնարավոր չի եղել տեղ հասցնել, քանի որ հունիսի 15-ից Հակարիի կամրջով տեղաշարժն արգելվել է։
Նշվում է, որ այդ բեռը պահվում է Սյունիքում՝ Գորիս քաղաքում։ ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչյանի խոսքով՝ հումանիտար օգնությունը միայն Գորիսի պահեստներով չի սահմանափակվում։ Ասում է՝ մոտ 380 տոննա բեռ էլ այս պահին Երևանում է։
«Առ այսօր կարողացել ենք Արցախ ուղարկել 1296 տոննա ստացած հումանիտար օգնություն։ Կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են տրամադրել օգնություն։ Այդ ամենը կախված է նրանից, թե երբ կբացվի ճանապարհը և երբ կկարողանանք ուղարկել։ Րոպե շուտ այդ բեռը պետք է հասնի Արցախ։ Մեր հայրենակիցների վիճակը ժամ առ ժամ վատանում է»,- ասել է Խաչյանը։
Ադրբեջանն Աղդամով օգնություն է առաջարկում, արցախցիները դեմ են
Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը շրջանառում է իր տարածքով՝ Աղդամով ԼՂ հումանիտար բեռներ հասցնելու թեման։ Այն նույնիսկ տեղ էր գտել բրյուսելյան բանակցություններն ամփոփող Շառլ Միշելի հայտարարության մեջ։
Արցախցիները, սակայն, նման օգնություն ստանալ չեն ուզում։ Տասը օր առաջ նրանք փակել էին Ասկերանից Աղդամ տանող ճանապարհը, արգելապատնեշ տեղադրել և փակցրել պաստառ՝ «Մեր ինքնորոշման իրավունքը չի վաճառվում»։
Թեև հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, սակայն ասում են՝ «ավելի լավ է սովի մատնվել, քան Ադրբեջանից օգնություն վերցնել»։ Կարծում են՝ Աղդամով օգնություն ստանալու առաջարկը Ադրբեջանին «ինտեգրվելու» քաղաքական ճանապարհ է, ինչը նշանակելու է՝ Արցախի հայաթափում։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել Արցախ մտնող ապրանքատեսակներն ապահովել Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ կտրելով Հայաստանն Արցախին կապող ցանկացած ճանապարհ։
«Ադրբեջանում համարում են, որ այդ քայլով կարագացնեն Արցախի ադրբեջանացման գործընթացը, որովհետև Արցախն ամբողջությամբ կհայտնվի Ադրբեջանի կախվածության տակ։ Եթե այսօր հումանիտար բեռի մասին է խոսքը, վաղը առևտրի, հաջորդ օրը՝ գազի, էլեկտրաէներգիայի, մնացած համակարգերի ապահովման»,- նշել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ պետք չէ մեծ հույսեր կապել տարբեր երկրների դեսպանների առանձին հայտարարությունների հետ, հատկապես՝ այն դեպքում, երբ կա Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որն Ադրբեջանը չի կատարում։
Ասում է՝ փոխարենը պետք է հարց ուղղել դեսպաններին՝ իրենց երկրներն ի վիճակի՞ են գործել Հաագայի դատարանի վճռի արդյունավետ գործելու ուղղությամբ, պատրա՞ստ են գործել, թե՞ ոչ: Նկատում է՝ որպես հասարակություն պետք է նրանց հանդեպ առավել խստապահանջ լինել․
«Պաշտոնական մակարդակով այդպես ասելը, բնականաբար, նպատակահարմար չէ, անհրաժեշտ է աշխատել այդ բոլոր դեսպանների ու նրանց երկրների հետ, միջազգային կառույցների հետ, որքան էլ նրանց անգործությունից լինենք դժգոհ»։
Բադալյանի գնահատմամբ՝ թեև Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են հերթապահում, միջանցքի հետ կապված պարտավորություն ունեն բոլորը՝ «յուրաքանչյուրն իր կարգավիճակով»։
Կարծում է՝ ռուսների պատասխանատվության հարցին զուգահեռ պետք է շեշտադրել նաև «արտաքին դերակատարների պատասխանատվությունը»։
«Որպեսզի որևէ մեկը Արցախի ճակատագիրը ազատ ու անկաշկանդ կերպով չդարձնի ընդամենը ռուսների կովկասյան պատուհան կոտրելու քար՝ մտահոգությունների և հորդորների փաթեթի ներքո»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների այցը Կոռնիձոր