«ԼՂ-ի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվում հոգեներգործուն միջոցներ են կիրառվում». Փաշինյան
ՀՀ հետախուզության տվյալները. Փաշինյանը՝ Հանրայինի եթերում
Շաբաթ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Հաղորդավարը զրույցը մեկնարկելիս ընդգծել է, որ այն նվիրված է լինելու ներքաղաքական թեմաներին։
Սակայն հասարակությանը հուզող հարցերի շարքում Պետրոս Ղազարյանը վարչապետին հարց է ուղղել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ճակատագրի մասին, որոնց դատում են Ադրբեջանում։ Լրագրողը նշել է. «Կարծիք կա, որ Դուք ոչինչ չեք անում Բաքվի հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք Ձեր քաղաքական հակառակորդներն են»։
Փաշինյանն արձագանքել է՝ ասելով, որ ադրբեջանական բանտերում պահվող Ղարաբաղի ղեկավարներից ոչ մեկին իր քաղաքական հակառակորդը չի համարում։ Ավելին, մտահոգված է այն ամենով, ինչ կատարվում է Բաքվում։
«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար»,- հայտարարել է նա՝ վկայակոչելով հայկական կողմին հասանելի հետախուզական տվյալները։
Ադրբեջանում մեկնարկել է ԼՂ-ի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Բաքուն ծանր հանցագործությունների մեջ է մեղադրում 8 նախկին պաշտոնյաների՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին։
Նրանք մեղադրվում են ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու մեջ։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Սակայն մեղադրյալները նույնիսկ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին։
Ղարաբաղի նախկին ղեկավարները ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։ Ադրբեջանը «հակահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին էր հայտարարել Լեռնային Ղարաբաղում ավելի քան 100 հազար հայերի 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո։ Ռազմական գործողությունների ավարտից և Լաչինի միջանցքի բացումից հետո ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր հայրենիքը։
- «Բռնապետությունը չի կարող արդար դատել»․ ԼՂ-ի նախկին պաշտոնյաները՝ դատարանի առաջ
- «Ալիևը սպառնում է, քանի որ չի ստացվում մաշեցնել ՀՀ ներուժը»․ կարծիք Երևանից
- Ո՞վ և ինչո՞ւմ է մեղավոր. Փաշինյանը նախկին նախագահներին ԼՂ-ի հարցով բանավեճի է հրավիրել
- «ՀՀ համար լրացուցիչ ռիսկեր կարող են ստեղծվել»․ ԱՀԾ առաջին զեկույցը
Փաշինյանի շոկային պատասխանը
Հայաստանի վարչապետը հայտարարել է.
«Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով:
Այսինքն՝ Ձեր ասածով ստացվում է, եթե Ձեր խոսույթը դնենք, ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս»:
Հաղորդավարն ուղիղ հարցրել է՝ ինչ են անում Հայաստանի իշխանությունները, ինչ գործողություններ են ձեռնարկում։ Փաշինյանն արձագանքել է այսպես.
«Բոլոր հասու միջոցներով փորձ ենք անում այդ խնդիրը լուծել: Բայց ես նորից արդարանալու համար չեմ ասում, այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել:
Մարդկային բարոյական բանը մի կողմ դնենք, որովհետև համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք և բարոյական կանոններից զուրկ ենք: Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ:
Ասում եմ՝ մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու:
Մենք ո՞նց կարող ենք [մտածել].«Վայ, ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում»: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ հետախուզության տվյալները. Փաշինյանը՝ Հանրայինի եթերում