«Հայաստանի ընդդիմությունն ուզում է երկրում «Գյումրի 2» օպերացիա իրականացնել»․ իշխող ուժ
ՀՀ ընդդիմության նախընտրական վերադասավորումը
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի նախկին անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին։
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ «ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այստեղ վտանգներ է տեսնում։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ Քոչարյանի թիմի մի մասի՝ Ծառուկյանի ցուցակ տեղափոխվելը և միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարելը վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը համապետական ընտրություններում Գյումրիի սցենարի կրկնությունն է:
«Պլանը շատ պարզ է՝ երեք ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ «մենք միմյանց հետ կապ չունենք», հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությունը»,- հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Խոսքն, ըստ նրա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի մասին է։
Գալիք ընտրություններում Գյումրիի սցենարի հնարավոր կրկնության մասին վերջին օրերին հայտարարում են նաև ՔՊ մի շարք այլ պատգամավորներ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «օլիգարխիկ ընդդիմությունը» փորձում է մասնակցել մեծ դաշինքներով, որոնք ընտրություններից հետո պատրաստ կլինեն կոալիցիա կազմել:
«Ես ձեզ համար վատ լուր ունեմ: Ծոծրակներդ կտեսնեք, «Գյումրի 2» օպերացիան չեք տեսնի»,- շեշտել է Ալեքսանյանը:
2025 թ․-ի գարնանը Գյումրիում արտահերթ ընտրություններ էին կայացել։ Ոչ մի ուժ 50+1% ձայն չէր հավաքել։ Ամենաշատ ձայները ստացել էր ՔՊ-ն, սակայն ոչ ոք կոալիցիա չէր կազմել իշխող ուժի հետ։
Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը աջակցել էին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Այդպիսով նա ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կընտրվի Հայաստանի հաջորդ վարչապետը։
- ՀՀ-ում քննարկում են սեքսի նախարարություն ստեղծելու մասին «նախընտրական հայտարարությունը»
- «Հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյանը՝ Քոչարյանի պատկերացումների մասին
- Փաշինյանը փոխո՞ւմ է իր կերպարը ընտրությունների նախաշեմին. BBC-ի հոդվածը
Ինչո՞վ է հայտնի Անդրանիկ Թևանյանը
2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով Անդրանիկ Թևանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր դարձավ: 2023 թ․-ին նա վայր դրեց պատգամավորական մանդատը, որպեսզի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Նրա կուսակցությունը ստացավ 12 մանդատ:
Թևանյանի գլխավորած ուժը 2025 թ․-ին մասնակցեց Գյումրու և Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին, հաղթահարեց անցողիկ շեմը՝ երկու քաղաքներում էլ ստանալով 2-ական մանդատ:
Թեև 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը, նախկին թիմակից Անդրանիկ Թևանյանը որոշել է «Փաշինյանի վարչախմբին հեռացնելու» օրակարգով ընտրապայքարին մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ։
«Այս տարին պետք է դառնա գործող վարչակազմի հեռացման տարի: Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է»,- հայտարարել է Թևանյանը։
Հայտնի է, որ գործարար Գագիկ Ծառուկյանն ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծառուկյանը չի հայտնել, թե ով է լինելու իր ղեկավարած ուժի վարչապետի թեկնածուն։ Ավելին, նշել է, թե մեկի փոխարեն ունի երեք թեկնածու՝ «մեկը մեկից գրագետ, ուժեղ, պատրաստված»։
Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մեկ ցուցակով է մասնակցելու նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի առաջնորդը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդին է միանալու նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Սակայն կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանի փոխանցմամբ՝ իրենք այս պահին նման որոշում չունեն։
«Մեր սցենարը որակյալ մեծամասնություն վերցնելն է»․ Սամվել Կարապետյանի թիմակից
Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը վստահեցրել է՝ ներկա պահին ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր հետընտրական համագործակցության հարց չեն քննարկում․
«Մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելը: Կգա ժամանակը՝ կհասկանանք, կտեսնենք»։
«Ուժեղ Հայաստանն» առաջնորդում է գործարար Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Հենց Կարապետյանն է այս ուժի վարչապետի թեկնածուն, թեև կա սահմանադրական արգելք․ նա ոչ միայն ՀՀ-ի, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցը՝ Դավիթ Ղազինյանն ընդդիմության շանսերը բարձր է գնահատել և պնդել․
«Հունիսի 8-ին այս իշխանությունը չի լինելու։ Հարգելով մեր ժողովրդի ընտրությունը՝ այս իշխանությունն ամենալավագույնը լինելու է ընդդիմություն, և կարծում եմ՝ շատ փոքր»։
«Ո՛չ նախկին նախագահ, ո՛չ էլ օլիգարխ»․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր գործարար Սամվել Կարապետյանի առաջադրմանն ու դա բնորոշել որպես «ՀՀ-ն ապալեգիտիմացնելու վերջին փորձ»։
Խոսելով ընդդիմադիր ուժերի մասին՝ պնդել էր, որ առաջիկա ընտրություններում նրանք լինելու են «ջախջախիչ փոքրամասնություն»։
«Ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թ․-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»,- ասել էր Փաշինյանը։
Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանից» նշել էին, որ նման հայտարարություններով Փաշինյանն ի ցույց է դնում իր վախերը։ Արձագանքել էին նաև պաշտոնաթող նախագահները։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ընդգծել էր․
«Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը դեռևս ընտրություններին մասնակցելու որոշում չունի, սակայն Փաշինյանին խորհուրդ է տալիս մտածել «ոչ թե քաղաքական պարտությունների, այլ իր առաջնորդությամբ ՀՀ կրած պարտության մասին»։
Մեկնաբանություններ
Վահագն Ալեքսանյան, իշխող ուժի պատգամավոր․
«Հայաստանի օլիգարխիկ և հակաանկախական ընդդիմությունը փորձում է ամբողջ հանրապետությունում «Գյումրի 2» օպերացիա իրականացնել։ Ռոբերտ Քոչարյանն իր նախկին ասուլիսներից մեկում հայտնել էր, որ ընդդիմությունն ունի մի շանս, դա «Գյումրի 2» օպերացիան է, և որ այս ընտրություններին ընդդիմությունը պետք է մասնակցի մեծ բլոկներով։
Տեսնում ենք դրանց ձևավորումը մեր աչքի առաջ՝
- Անդրանիկ Թևանյան-Գագիկ Ծառուկյան,
- Սամվել Կարապետյանի կուսակցությունը [չի նշել, թե որ ուժի հետ է դաշինքը],
- Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ։
Այս մարդիկ փորձելու են ամբողջ հանրապետությունում ստեղծել Գյումրու տպավորությունը, էֆեկտը։ Իրար կխփեն նույնիսկ ձևականորեն, կասեն՝ մենք իրար հետ չենք, բայց ընտրություններից հետո իրար օգտի կքվեարկեն կամ կոալիցիա կկազմեն»։
Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ․
«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը և երկու օլիգարխները՝ ռուսաստանցի օլիգարխը և տեղական օլիգարխը:
Մենք չափազանց շատ զոհողությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն և խաղաղություն հաստատենք։ Եվ հիմա, երբ կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, թույլ չպիտի տանք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները։
Քոչարյանի ու 2 օլիգարխների թիմակիցները որևէ կերպ չեն ասում, որ իշխանության գալու դեպքում ստորագրելու են խաղաղության պայմանագիրը։ Ինչ բառախաղի ասես, որ չեն գնում։ Մեկ ասում են՝ մեզ հավելյալ երաշխիքներ են պետք, մեկ ասում են՝ տեքստ ենք բանակցելու, վերաբանակցելու։ Ինչ ասես ասում են, բայց չեն ասում հետևյալ պարզ բառերը՝ եթե գանք իշխանության, ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը։
Ինչո՞ւ, որովհետև իրենց առջև խնդիր է դրված՝ քանդել այն ճարտարապետությունը, որն այսքան տարիների զրկանքներից, զոհերից հետո, ի վերջո, մեզ հնարավորություն է տվել շունչ քաշել և ունենալ տևական խաղաղություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ընդդիմության նախընտրական վերադասավորումը