Հայաստանի խորհրդարանը վավերացրեց սահմանազատման կանոնակարգը, Ադրբեջանը դեռ լուռ է
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման կանոնակարգը
Հայաստանի խորհրդարանը 67 կողմ ձայնով վավերացրեց ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին նիստը, չմասնակցեցին կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, ուներ անհրաժեշտ քանակի ձայներ։
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ տեղի է ունենում հակասահմանադրական, հակաօրինական գործընթաց։ Բացի այդ, չի բացառում, որ Ադրբեջանն ընդհանրապես կհրաժարվի կանոնակարգը վավերացնելուց։ Իշխող թիմը նման մտավախություններ չունի, բայց նաև հայտարարում է՝ եթե նման բան տեղի ունենա, կանոնակարգը պարզապես ուժի մեջ չի մտնի։
«Եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի»,- ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԱԺ-ում կանոնակարգի թեմայով բուռն քննարկումները նախորդ օրվանից էին մեկնարկել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նախագծի քննարկումը ձգվեց մոտ 3 ժամ։ Ի վերջո, այն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Մհեր Գրիգորյանը գործընթացից մանրամասներ է հայտնել, պարզաբանել, թե ինչու կանոնակարգում չի մատնանշվել կոնկրետ քարտեզ։
Փոխվարչապետը բացահայտում է արել՝ ասելով, որ սահմանի «ամբողջական քարտեզ գոյություն չունի», խոսք է գնում տարբեր թվականների քարտեզների մասին, ընդ որում՝ սահմանազատման գործընթացում կարող են օգտագործվել ոչ միայն ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները։
Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը կանոնակարգը ստորագրել են 2024 թ․-ի օգոստոսի 30-ին: Այն ստորագրվել է ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, որով կողմերը սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել։
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Բոլոր մանրամասները՝ ստորև
Կնքվելու է միջազգային պայմանագիր, որը լինելու է «ՀՀ տարածքային ամբողջականության երաշխիք»
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ կանոնակարգի 5-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․
«Այն անցնելու է անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը՝ որպես այդ միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մաս»,- մանրամասնել է նա:
Ասում է՝ կնքվելիք փաստաթղթում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը երկրի անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական կարևոր երաշխիք է:
«Միայն մեկ քարտեզին հղում տալը ռիսկային կլիներ»
Սահմանազատման կանոնակարգում նշվում է, որ գործընթացում օգտագործվելու են բոլոր վերաբերելի քարտեզները։ Ընդդիմությունը սա խնդրահարույց է համարում, պնդում, որ անհրաժեշտ էր ֆիքսել, թե որ թվականի քարտեզների մասին է խոսքը։
«ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-1978 թթ․, որը բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Այո, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»,- շեշտել է Գրիգորյանն ու հավելել, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանի «ամբողջական քարտեզ գոյություն չունի»։
Հաճախ է հիշատակվում 1976 թվականի քարտեզը։ Փոխվարչապետի փոխանցմամբ՝ այն վերաբերելի է միայն Տավուշի մարզին: Օրինակ՝ Սյունիքի մարզին վերաբերելի է 1978 թվականին քարտեզը։ Մհեր Գրիգորյանը չի մատնանշել, թե կողմերը վերաբերելի ինչ քարտեզներ ունեն։ Նշել է միայն, որ պատրաստ է հարցը քննարկել փակ ձևաչափով։
Փոխվարչապետը լրագրողներին ասել է, որ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում:
«Կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,- հայտարարել է նա։
«Նոր սահման գծելու խնդիր դրված չէ»
Արձագանքելով ընդդիմությունից հնչող մեղադրանքներին, թե երկրի սահմանները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով՝ փոխվարչապետ Գրիգորյանը շեշտել է՝ նոր սահման չի գծվում․
«Մենք մեր առջև չենք դրել սահման գծելու խնդիր, մեր առջև դրված է սահմանը վերականգնելու խնդիր, վերականգնելու այն քարտեզների վրա, որոնք իրավական են»։
Փոխվարչապետի խոսքով՝ քարտեզը պետք է լինի «տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ, կազմված մարմնի կողմից, որը ունեցել է նման լիազորություն և հիմք է ընդունել այն իրավական փաստաթղթերը, որոնք այն ժամանակ իմպերատիվ են եղել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։
Ընդդիմության կասկածները չեն փարատվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, կասկածները չեն փարատվել։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ազգային ժողովը ձեռնամուխ է լինում կանոնակարգի վավերացման, սակայն Ադրբեջանում նման գործընթաց տեղի չի ունենում։ Դա, ըստ նրա, նոնսենս է․
«Միշտ խոսել ենք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, բայց հիմա մենք վավերացնում ենք, բայց չենք կարող բացառել, որ Ադրբեջանը դա չի անելու, չի վավերացնելու կամ կարող է վավերացնել մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար»։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «այս հակաօրինական գործընթացին», քանի որ մասնակցությունը կարող է մեկնաբանվել որպես դրա իրավաչափության ճանաչում։
Նիստը բոյկոտել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որ հիմա տեղի է ունենում: Կարծում է՝ այս գործողությունները միտված են ՀՀ-ից հետագա հնարավոր զիջումների արդարացմանը:
Ո՞ր հատվածներում է շարունակվելու սահմանազատման գործընթացը
Վերջին ամիսներին այս հարցը հաճախ է հնչում։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հերթականությունը որոշելու են սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
Փոխվարչապետ Գրիգորյանը դեռ այս հարցի պատասխանը չունի։ Ասում է՝ «սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չեն եղել» և նկատում՝ որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով, ոչ թե միանձնյա․
«Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ հարցը կոնսենսուսով պետք է որոշվի»։
Նախքան կանոնակարգի վավերացումը Երևանն ու Բաքուն սահմանազատման գործընթաց են իրականացրել Տավուշ-Ղազախ հատվածում։ Գրիգորյանի գնահատմամբ՝ այդ հատվածի սահմանազատումն ամենաբարդն էր, ուստի երկար քննարկումներից հետո որոշել են հենց այդտեղից մեկնարկել գործընթացը։
«Բնակավայրերի խտություն, մխրճվածություն. սահմանային իմաստով կոնցենտրացիան ամենամեծը Տավուշի մարզում էր»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման կանոնակարգը